«Երեւանի ժամանակով ժամը 22։35-ին Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- կառավարության երեկվա՝ մայիսի 26-ի հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լավ» լուրով սկսեց: Նշելով, որ Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան՝ Փաշինյանն ընդգծեց՝ առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն ու տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է Հայաստանում։ Վարչապետի խոսքով՝ մինչեւ 2023-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, ինչի շուրջ կձեւավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Փաշինյանի այս հայտարարությունից հետո քաղաքական իշխանության ներկայացուցիչների մոտ «մի քեֆ, մի ուրախություն է», խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, իրար հերթ չտալով, հպարտանում ու գլուխ են գովում, թե իրենց հաջողվեց անգամ տիեզերքի հետ «կապ հաստատել»: ՔՊ-ականների խելակորույս խանդավառությունը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ մոտ երկու տարի առաջ արված հայտարարությամբ կտրենք: «Այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ»,- պատերազմից ուղիղ երկու ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, հայտարարում էր այդ ժամանակվա ԲՏԱ նախարարը: Պատերազմական երկրի համար արբանյակ (եթե ոչ՝ արբանյակներ) ունենալը զինանոցը գերժամանակակից զենքով հարստացնելու նման մի բան է, եւ այժմ, փաստորեն, պարոն փոխխոսնակը հերքելով ինքն իրեն, հրապարակում է տիեզերք դուրս եկած հայաստանյան արբանյակի առաջին կադրերը: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, օրինակ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արբանյակով հիացած իշխանավորները մանրամասներ չեն հայտնում, թե այն ինչ ուղեծրով է շարժվելու, ինչ հնարավորություններ ունի, ընդհանրապես ինչ նպատակով ու ծրագրի շրջանակներում է արձակվել. «Ուղղակի ասում են «հայկական արբանյակ», եւ ժողովրդի ուղեղում արդեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի տեսարաններն են։ Սա նույնն է, թե 100-դոլարանոց 2 հատ խաղալիք անօդաչու գնես ու ասես, թե «Հայաստանը նոր անօդաչուների խմբաքանակ է ներկրել»։ Տիեզերքում սեփական արբանյակի կարեւորության ու անհրաժեշտության մասին իրարամերժ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի հերթական անգամ մանիպուլացրել ու խաբել է հայ հասարակությանը:
Արդեն հայտնի է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին։ Արդեն հայտնի է օրակարգը. նիստի ժամանակ քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մշակված հայտարարության նախագիծը: Խմբակցությունների տարածած հայտարարության կետերից մեկում նշվում է, որ պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը: Կետերից մեկով էլ նրանք առաջարկում են ամրագրել, որ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը: Միեւնույն ժամանակ նշվում է, որ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ: Նշենք, որ ՔՊ-ն պաշտոնապես դեռ չի արտահայտել իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ովքեր առաջիկայում կհրավիրվեն ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՔՊ-ականների մասնակցությամբ նիստ է անցկացվել։ Ցուցակ են կազմել, թե հունիսի ընթացքում ում են հրավիրելու հանձնաժողով: Այսպիսով, հաջորդ ամիս նախատեսվում է քննիչ հանձնաժողով հրավիրել 6-8 նախկին պաշտոնյայի: Մասնավորապես, հանձնաժողովի ցուցակում հիմնական տեղը զբաղեցնում են 2016 թվականից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը եւ պաշտպանության նախկին նախարարները: Թե նրանցից ով կընդունի հրավերը, եւ ով՝ ոչ, դեռ պարզ չէ: Հավելենք, որ Ազգային ժողովում այդ հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 10-ին եւ մինչեւ այժմ միայն աշխատանքային քննարկումներ են ունեցել եւ ոչ թե բովանդակային: Եվ, փաստորեն, ընդամենը երեք ամիս անց են որոշել ցուցակ կազմել ու անցնել գործի: Դատելով իրավիճակից եւ նախորդ փորձերից՝ այս հանձնաժողովը եւս ստեղծվել է «պտիչկա» դնելու համար, եւ այնպիսի բացահայտումներ, որոնք խոստանում են, բնականաբար, չեն արվելու:
Զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել են 38 հաղորդումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր՝ մինչեւ օրս, ոստիկանների գործողությունների մասով քանի դիմում է ստացվել, ում կողմից, որին ինչ ընթացք է տրվել, քանի գործ կա հարուցված եւ ինչ առիթներով: Այդ 38 հաղորդումներից 20-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 10-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելը մերժելու մասին, իսկ 8 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր: Դատախազությունից նաեւ հայտնել են, որ քրեական վարույթ հարուցելու նախաձեռնության առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ փաստաբանների հաղորդումներն ու պաշտոնական գրությունները: