ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԿԱՊԻԿԻ ԾԱՂԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը խոսել է Կապիկի ծաղիկ հիվանդության մասին։ Հայաստանի առողջապահությունն ընդհանրապես ծանոթ չէ Կապիկի ծաղիկ հիվանդությանը, բայց զգոնությունը բարձրացնելու նպատակով բուժկետերին հանձնարարություններ են տրվել։ Այս մասին բացատրել է Լուսինե Պարոնյանը։

 

«Մենք ծանոթ չենք, որովհետեւ մինչեւ հիմա նման դեպք չի արձանագրվել, բայց մենք էլ, հնարավոր է, ունենանք կասկածելի դեպքեր, հանձնարարություն է տրվել բժշկական կենտրոններին, որ եթե լինեն դեպքեր, անմիջապես կազմակերպեն մեկուսացում, նմուշառում եւ այլն»,- ասել է  Պարոնյանը։ Նրա խոսքով՝ աշխարհում այս հիվանդությանը ծանոթ են, քանի որ կապիկների մոտ առաջին անգամ այն հայտնաբերվել է 1958թ., մարդկանց մոտ՝ 1970-ից հետո։ Դրանք հիմնականում հայտնաբերվել են էնդեմիկ երկրներում՝ ներկրված կենդանիներից։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանը սահմանի անցման կետերում եւս բարձրացրել է զգոնությունը։ «ՍԱՏՄ ենք դիմել, որպեսզի էկզոտիկ կենդանիների՝ կապիկների, կրծողների մուտքը երկիր ժամանակավորապես դադարեցվի, ինչպես նաեւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին գրություն ենք ուղարկել, որ անհրաժեշտության դեպքում կասկածելի դեպքերը մեկուսացվեն»,- ասել է նա:

Մասնագետի խոսքով՝ արդեն Հայաստան մտած կենդանիների մոտ չի կարող առաջանալ վարակը, եթե դրսից չբերվի վարակված կենդանի։ Խոսելով հիվանդության առաջացման ու ընթացքի մասին՝ Պարոնյանը նշեց, որ այն դժվար է փոխանցվում մարդուց մարդուն՝ շատ սերտ շփման միջոցով, սակայն ունի 5-21 օր գաղտնի շրջան. սկզբում առաջանում են ջերմություն, գլխացավ, մկանացավեր, այնուհետեւ առաջանում է ցան, մեծանում են ավշային հանգույցները։

«Ախտանշանների փուլում գտնվող մարդու հետ սերտ շփումից հետո է հիվանդությունը փոխանցվում շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ շփման արդյունքում։ Փոխանցումը հնարավոր է նաեւ օգտագործված սրբիչների եւ անկողնային պարագաների միջոցով»,- մանրամասնել է Պարոնյանը։

Հիվանդությունը, ըստ Պարոնյանի, առանձնահատկություններ ունի՝ ի տարբերություն, օրինակ, ջրծաղիկի։ Ցանը սկսում է զարգանալ դեմքի շրջանից, գլխից եւ տարածվել ամբողջ մարմնի վրա, իսկ ջրծաղիկի դեպքում ցանը տարբեր մասերից կարող է սկսել։ Մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ցանավորման բոլոր էլեմենտները գտնվում են միեւնույն փուլում, ջրծաղիկի դեպքում կարող են տարբեր փուլերում լինել։ Բուժումը, Պարոնյանի խոսքով, տեւում է 2 շաբաթ, այնուհետեւ լինում է ինքնալավացում։ Երբ ցանի էլեմենտները չորանում են, ու կեղեւները թափվում են, մարդն արդեն վարակիչ չի լինում։ «Բուժումն իրականացվում է հեղուկների, ջերմիջեցնողների եւ որոշակի հակավիրուսային պատրաստուկների միջոցով։ Կարծիք կա, որ նախկինում բնական ծաղկի դեմ ստացած պատվաստանյութն օգնում է այս հիվանդությունը կանխելու համար։ Այս վիրուսի դեմ էլ պատվաստանյութ ստեղծվել է, բայց հիմա որեւէ մեկը խորհուրդ չի տալիս զանգվածային պատվաստումներ անել»,- նշել է Պարոնյանը։ Կապիկի ծաղիկը, Պարոնյանի տվյալներով, չի համարվում մահացու հիվանդություն, մահաբերությունն ընդամենը 1-10 տոկոս է։ Կա հիվանդության երկու խումբ՝ կենտրոնաաֆրիկյանը, որն ավելի ծանր է եւ ավելի բարձր մահաբերություն ունի, եւ արեւմտաաֆրիկյանը, որի մահաբերությունը 1 տոկոս է։

Հիշեցնենք, որ Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:

Ն. Պ.

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՎԱՎԵՐԱՑՐԵԼ

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վավերացրել է նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը: Այն ստորագրվել էր Նուր Սուլթանում 2020 թ. հուլիսին։ «Համաձայնագրով նախատեսվում է ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներով ներքին սպառման համար Ղազախստանից Հայաստան մատակարարվող ապրանքներից արտահանման մաքսատուրքերի չեղարկում, ցանկով չհաստատված, ինչպես նաեւ ինդիկատիվ հաշվեկշիռներով չնախատեսված ապրանքների մատակարարման արգելք»,- ասված է Սենատի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման եւ ձեռներեցության հանձնաժողովի եզրակացության մեջ: Ընդ որում՝ Ղազախստանից Հայաստան մատակարարվող ապրանքները ենթակա չեն արտահանման ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ։ Համաձայնագիրն ուղարկվելու է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ստորագրմանը:

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում եւ ոչ միայն: Այս մասին հաղորդում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Ըստ այդմ՝ «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան», «ԱՐԱՔՍ թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Արզնու տոհմային ԹԹԽ» ԲԲ, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Անի Ձու», «Ագրո Բիո պրոդուկտ», «Պռոեկտ Ինտեր Ինվեստ», «Արարատ», «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա», «Արամուս», «Լուսակերտի Էլիտ», «Նավասարդ Ագրո», «ՀԱԳԱ», «ՍԱՆՓԱՈՒԵՐ», «Գնդեւազ Փարմ», «Ոսկե ձու», «ՄՅԱՍ», «Վարանդ Գրուպ», «Գնթունիկ» եւ «Աշտարակ ձու» ՍՊ ընկերություններում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերեր Միքայել Ղեւոնդյանի, Արամայիս Գրիգորյանի, Ջանիկ Գյորգյանի, Հովհաննես Գրեյանի, Վախթանգ Գրիգորյանի, Կորյուն Մարգարյանի, Արթուր Հարությունյան մոտ ուսումնասիրություն է կատարվել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ սարքերով եւ սարքավորումներով ապահովված լինելու, մակնշման ու փաթեթավորման՝ իրավական սահմանված նորմերին համապատասխանության, ինչպես նաեւ սպանդնոցային մորթն ապահովելու շրջանակներում:

Արձանագրվել է, որ այս ընկերություններում պատշաճորեն ապահովվել է սպանդանոցային մորթը, եւ թռչնամիսը իրացման ցանց է հասնում դրա սպանդանոցային ծագումը հաստատող Ձեւ 5 փաստաթղթի ուղեկցությամբ:

Սանիտարահիգիենիկ նորմերն ու պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմները համապատասխանել են սահմանված նորմերին: Որոշակի թերացումներ են հայտնաբերվել մակնշման ու փաթեթավորման գործընթացում, որոնք տեղում շտկվել են: Ուսումնասիրվել են նաեւ թռչնի կերերը, որոնց նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

 

 

 

 

131 ԴԵՊՔ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Կապիկի ջրծաղիկը շարունակում է մնալ «զսպելի» եւ սահմանափակ, չնայած հաստատված դեպքերի թիվը, որոնք գրանցվել են այն երկրներից դուրս, որտեղ այն սովորաբար տարածվում է, մայիսի 7-ից ի վեր հասել է 131-ի: «Դեպքերը, որոնց այժմ ականատես ենք, հիմնականում վերաբերում են ոչ թե բացառապես, այլ հիմնականում միասեռական տղամարդկանց մոտ»,-ասում է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Ռոսամունդ Լյուիսը: «Մենք դեռ չգիտենք, թե արդյոք դա միայն սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, թե ոչ: Ինչպես նկարագրվել է ավելի վաղ, այն փոխանցվում է մաշկի շփման միջոցով, որը առաջնային եղանակն է: Մենք դեռ չունենք տեղեկություն այն մասին, թե արդյոք այն փոխանցվում է, օրինակ, մարմնի հեղուկների միջոցով»: ԱՀԿ-ն հայտնում է այս ուղղությամբ հետագա քննարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին իրավիճակը կարգավորելու նպատակով: Ջրծաղիկը սովորաբար ոչ ուժեղ վիրուսային վարակ է, որը էնդեմիկ է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի մասերում: Այն տարածվում է հիմնականում սերտ շփման միջոցով, եւ մինչեւ վերջերս հազվադեպ է նկատվել աշխարհի այլ մասերում: Վերջին դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում։ Ախտանիշները ներառում են ջերմություն եւ մաշկի վրա ցան: Ներկայիս բռնկման ժամանակ հայտնաբերված ջրծաղկի արեւմտյան Աֆրիկայի շտամի մահացության մակարդակը կազմում է մոտ 1%: Լյուիսն ասում է, որ բռնկումը ստեղծել է «մտահոգիչ իրավիճակ»: Նա, սակայն, շեշտում է, որ «մարդիկ մնում են շատ ցածր ռիսկի տակ», եւ որ այն «զսպելի է»:

 

 

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՍԱԿԱԳՆՈՎ

Հայաստանն արտոնյալ սակագնով 1500 տոննա սերուցքային կարագ կներկրի։ Այս արտոնությունը Հայաստանի համար սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ։ Որոշման կիրարկումը հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Գերատեսչությունում որոշել են, որ կարգավորումը կտարածվի Հայաստան կարագ ներմուծող բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա։ Որոշման համաձայն` ՀՀ ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանվել 2022 թվականի մարտի 28-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը, առավելագույն չափը` 1500 տոննա։ Սերուցքային կարագի ներմուծման խնդիրներն առաջացել են ռուս-ուկրաինական իրադարձությունների հետեւանքով։ Հայաստանը կարագ էր ներմուծում հիմնականում Ուկրաինայից ու Ռուսաստանից։ Ստեղծված իրավիճակն ու ռուբլու փոխարժեքի անկայունությունն անհնար են դարձրել անխափան մատակարարումների իրականացումը, ուստի ԵԱՏՄ-ում որոշել են Հայաստանի համար մաքսային արտոնյալ պայմաններ սահմանել երրորդ երկրներից կարագ ներկրելու նպատակով։

 




Լրահոս