Վեդիի համայնքապետ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն այն կարծիքին է, որ համայնքների խոշորացման ծրագիրը, որ դեռևս նախկին իշխանությունները՝ ՀՀԿ-ականներն էին մշակել, արդյունավետ է:
-Խոշորացված համայնքները նորից են խոշորանում, Վեդի համայնքը նույնպես խոշորացված համայնքներից Է, որը Դուք այս պահին պաշտոնավարում եք: Այս ծրագիրը գալիս էր դեռ նախորդ իշխանությունների ժամանակից: Կարծիք կար, որ քաղաքային նոր իշխանությունները, հնարավոր է, այնքան էլ հաշտ չլինեին այս ծրագրի հետ, բայց շարունակում եք քաղաքական նույն գիծը: Ինչո՞ւ, կո՞ղմ եք սրան թե՞ ոչ:
-Այն ժամանակ, երբ այս հարցը բարձրացնում էին որոշ համայնքների ղեկավարներ ու որոշ քաղաքական շրջանակներ, թե արդյո՞ք ճիշտ է խոշորացումը, թե ոչ, դեռեւս 2016 թվականին եղել է դիրքորոշումը այսպես. ունենք պիլոտային խոշորացված համայնքներ, միավորված համայքներ, ժամանակը ցույց կտա՝ արդյոք դրանք իրենց պրակտիկայում արդարացնում են, թե ոչ: Անցավ մեկ շրջափուլ, այսինքն՝ ընտրություներ եղան 2016-2021թվականներին, 5 տարի գործեց ծրագիրը, եւ ժամանակը ցույց տվեց, որ այդ մոդելը, իր թերություններով հանդերձ, արդարացնում էր իրեն: Այսօր Վաչե Տերտերյանը ներկայացրեց մի քանի թվային փաստեր, որոնք ի տարբերություն նախորդ տարիների՝ 2019, 2020, 2021թթ., ցույց տվեցին, որ արդեն 2022թ. այս չափով ավելի մեծ խոշորացումը, տալիս է իր արդյունքները: Կոնկրետ սուբվենցիաների մասին թվեր հնչեցին, մեր մարզում այս տարի 13,600,000 դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականցվել, գրեթե եռապատիկ, եթե ոչ քառապատիկ ավել, ինչ նախորդ տարի ենք ունեցել: Վեդի համայնքի մասով կարող եմ ասել, որ այս տարի ունենք 2 եւ ավելի միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք անմիջապես կյանքի որակ են փոխելու տարեցտարի իրականություն դառնալուց հետո: Իսկ մենք տարեցտարի պլանավորում ենք, որ բյուջեի սեփական եկամուտներն ավելացնելու ենք, որովհետեւ նախկինում եղած կիսատ բազաները շտկված են, հարկերի հավաքագրումներն ավելի պատշաճ ձեւով են կազմակերպվելու, եւ այս խոշորացման շնորհիվ (մասշտաբները ամենեւին կապ չունեն), եթե ճիշտ, խելացի կառավարում իրականացվի, մեր բնակիչները բողոքելու առիթներ չեն ունենա:
-Չե՞ն կորչում փոքր համայքները: Դուք ինքներդ մի քանի համայնքների ղեկավա ր եք: Փոքր համայնքների կառավարումը ինչպե՞ս է գնում: Կարծիքներ են հնչում, որ փոքր համայնքները կամ արդեն իսկ փնջային համայնքների կառավարումը կտուժի: Ի դեպ՝ նաեւ այսպիսի մի կարծիք կա, որ կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ տարիներ ի վեր գյուղապետ եղած մարդիկ նորից են ցանկանում գյուղապետ լինել, դրա համար եմ այս հարցը բարձրացնում:
-Այո, կա այդ խնդիրը տեղային, լոկալ մասշտաբում, մարդիկ նախկինում զբաղեցրել են համայնքի ղեկավարի պաշտոններ եւ այժմ փորձում են վերընտրվել կամ գոնե զբաղեցնել իրենց հին տեղը՝ այսօր արդեն վարչական ղեկավարի պաշտոնում: Իսկ համայնքները չեն կորչում, եթե համայնքի ընտրված ավագանին ճիշտ մոտեցում ցուցաբերի փոքր բնակավայրերին: Օրինակ՝ մեր դեպքում ունենք 500-ից պակաս բնակչություն ունեցող մեկ բնակավայր, որտեղ ավագանին կողմ քվեարկեց, որպեսզի բնակավայրում մենք ունենանք վարչական ղեկավար եւ աշխատակից՝ մեր բնակիչներին որոշակի ծառայություններ մատուցելու համար, որպեսզի նրանք ստիպված չլինեն հարեւան բնակավայր գնալ եւ ինչ-որ տեղեկանքի համար ստիպված չլինեն որոշակի ճանապարհ կտրել-անցնել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 3-ին Երևանում անհնազանդության խաղաղ ակցիային մասնակցած քաղաքացիների նկատմամբ՝ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանն առնչվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Նա նաեւ նշել է. «ՀՀ գլխավոր դատախազի, միջազգային հեղինակավոր օղակների ուշադրությունն եմ հրավիրել մի քանի հանգամանքների վրա՝
Ահազանգերի եւ հաղորդումների համաձայն՝ հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման:
Ընդդիմադիր գործիչների պնդումների համաձայն՝ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017 թվականից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է:
Մասնագետների եւ ականատեսների վկայություններով՝ քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված գրությունը վերաբերել է հանձնարարականի՝ ուղղված իրավասու մարմիններին՝ քննության առնելու հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, ինչպես նաեւ՝ կիրառված հատուկ միջոցների պիտանելիության, ժամկետանց լինելու վերաբերյալ հարցերը եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների համապատասխան ընթացք տալուն։
Միջազգային գործընկերներին ուղղված հրատապ նամակով խնդրել եմ հրապարակային մեկնաբանություն՝ բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության անթույլատրելի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հրապարակային խոսքը կարող է ազդել ոստիկանական անթույլատրելի գործողությունների կանխարգելմանը։ Հետեւողական եմ լինելու»։
ԱՂԱՂԱԿՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Հաշվեքննիչ պալատը Առողջապահության նախարարության վատնումների վերաբերյալ աղաղակող բացահայտումներ է արել։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է՝ կորոնավիրուս համավարակի ժամանակ մահճակալային զբաղվածության, մեկ անձից գնումների, հավելավճարների, մեկ անձի վրա ծախսերի, թեստավորումների եւ այլնի մասով սպասելի բացահայտումներ են արվել։ Ըստ Հաշվեքննիչ պալատի զեկույցի՝ 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման, բուժման համար ներկայացրել է ավելի քան 26 մլրդ դրամի ծախս, այնինչ համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման նպատակով հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ֆինանսական ցուցանիշներ։ Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ նախարարություն չեն ներկայացվել: Հաշվեքննիչ պալատը նաեւ արձանագրել է կորոնավարակի թվերի վերաբերյալ խախտումներ. այսպես, համակարգչային տոմոգրաֆիայի հայտերը համակարգ մուտքագրվել են առանց դեպքի կոդը նշելու, ինչի պատճառով հնարավոր չի եղել հստակ իմանալ՝ արդյոք այդ պացիենտները կորոնավիրուսով նոր վարակվածներ են, թե ոչ։ Նաեւ դեպքեր են արձանագրվել, երբ մեկ անգամից ավելի «Արմեդ» համակարգ են մուտքագրվել իրականացված հետազոտություններ, իսկ դրանց դիմաց վճարումներ են կատարվել։
Մեկ պացիենտի բուժման միջին արժեքը, ըստ զեկույցի, կազմել է 378.100 դրամ, սակայն հիվանդանոցներից մեկում եղել է 745.700 դրամ ու հասել է մինչեւ 1.367.600 դրամի։ Բացի այդ, կորոնավիրուսից բազաթիվ քաղաքացիներ բուժում են ստացել տան պայմաններում սեփական միջոցներով, սակայն դա հաշվվել է որպես պետական ծախս:
Պալատի աղաղակող կոռուպցիոն զեկույցի մասով երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախկին նախարարի մեկնաբանությունը լսել: Պարոն Թորոսյանը, սակայն, մեր հարցերն անպատասխան թողեց:
Հիշեցնենք, որ, բացի Հաշվեքննիչ պալատի հաղորդումից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էր նախորդ ամիս զեկույց հրապարակել տարբեր երկրներում կորոնավիրուսից մահվան թվերի վերաբերյալ։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հերքել էր ԱՀԿ-ի հրապարակած տեղեկությունը՝ նշելով, թե դրանք ուռճացված են: Մինչդեռ պատերազմի օրերին, փաստորեն, կորոնավարակից մահացածների տվյալները ներառվել էին հիվանդությունից մահացածների ցանկում թերեւս ֆինանսական հարցերը կարգավորելու համար: