ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Մոսկվան ու Երեւանը  շարունակում են տարբեր եւ հակասական տեղեկություններ հրապարակել մոտ տասն օր առաջ Մոսկվայում կայացած փոխվարչապետեր Օվերչուկի, Գրիգորյանի եւ Մուստաֆաեւի հանդիպումից հետո։ Մասնավորապես, Ռուսաստանի կառավարության կայքը հայտնել էր, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային եւ հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ, մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները։ Թե որոնք են այդ մոտեցումները, առայսօր պաշտոնապես չի նշվում։

 

Լավրովի՝ նախորդ շաբաթ Երեւանում հնչեցրած հայտարարությունից հետո, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, հարցերն իրականում ավելի շատացան: «Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը, եւ ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, եւ որեւէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տեւական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասն անգամ չափել մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», – Երեւանում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ադրբեջանի հետ ճանապարհների վերագործարկմանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ-Ջազիրա»-ի հետ հարցազրույցում հայտարարելով, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար։

«Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձեւակերպումները, եւ դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, եւ դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին, – ասել է Փաշինյանը՝ շարունակելով:- Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է, նկատի ունեմ` երկաթուղիներ, ճանապարհներ, եւ մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության եւ սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։

44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարութան համաձայն՝ տարածաշրջանում պետք է բացվեն բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը, Հայաստանը պետք է ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ: Նշված է նաեւ՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ Ղհը-ի սահմանապահ ծառայությունը։ Եռակողմ հայտարարությունը, սակայն, չի հստակեցնում՝ ռուսական կողմը որ ուղիների վերահսկողությունն է ապահովելու՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան, թե նաեւ Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան կամ Ռուսաստան։

Ն. Հ.

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության  աշխատակիցների ծավալած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, որը հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից եւ տվել իր համաձայնությունը հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։

Դրանից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով նախկին զինծառայողը հավաքել ու վարձատրության դիմաց օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի այլ տեղեկություն հանդիսացող, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զինվածության, մարտական առաջադրանքի, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաեւ զորամասի հրամանատարական կազմի անհատական եւ ծառայողական տվյալները, զորամասի վաշտի եւ գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել եւ ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։

 

 

 

ԻՐԱԶԵԿՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության ՔՏՀԱ տեսչական մարմինն իրազեկում է՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող կամ վերասարքավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնները օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի, եթե դրանք վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։

Գազաբալոնների վկայագրումը կատարում են լիցենզավորող կազմակերպությունները։

Վերջիններս վկայագրումից հետո տրանսպորտային միջոցի վարորդին տրամադրում են գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթեր, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում էլեկտրոնային շտեմարան։

 

 

 

ԲԱԶՄԱՄԱՐԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հունիսի 13-14-ը պաշտոնական այցով Կատարի Պետություն գործուղման է մեկնել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պարզվում է՝ կառավարական պատվիրակությունը բավականին բազմամարդ է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ Կատար են մեկնել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, այլ պաշտոնյաներ, կառավարության աշխատակիցներ, անվտանգության աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ կառավարական պատվիրակությունը բաղկացած է 24 անդամից, որից չորսը ԶԼՄ ներկայացուցիչներ են՝ Հանրային հեռուստաընկերությունից եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունից:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԸ Ո՞Վ Է ՔՆՆԵԼՈՒ

Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, իր վարույթում քննված թիվ ՍԴ3/0087/01/21 քրեական գործով իրականացնելով արդարադատություն եւ որպես դատավոր այլ լիազորություններ, ակնհայտ ապօրինի կալանավորել է նույն գործով ամբաստանյալ Նվեր Համբարձումյանին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանին:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԿՆՈՋԸ

Արմինե Ահարոնի Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձանց հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է հասարակական գործունեությամբ զբաղվող մի շարք պաշտոնատար անձանց արժանապատվությունը եւ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, տարածել է անձանց վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր:

 

 




Լրահոս