ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքի քննության արդյունքում հերթական ուղղորդիչ որոշումն է կայացրել: «2015թ. հունիսի 24-ին հարուցված քրեական գործով Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի թրաֆիկինգը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով (անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով (նույն անձի կողմից անչափահասի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելը):
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող կնոջ անչափահաս որդուն ստիպել է 2013-2014թթ. ընթացքում Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ: Իսկ կնոջ՝ ակնհայտ 14 տարին չլրացած, 2000թ. դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013թ. օգոստոսից մինչեւ 2014թ. դեկտեմբերը կատարել է անառակաբարո գործողություններ, որոնք շարունակել է նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչեւ 2015թ. մայիս ամիսը: Բացի այդ, վերոնշյալի առնչությամբ վիճաբանելով աղջկա՝ այդ պահին անչափահաս ավագ քրոջ հետ՝ Վ.Ս.-ն վերջինիս պատժելու նպատակով նրան ապօրինի զրկել է ազատությունից՝ մեկ գիշեր պահելով Արմավիր քաղաքի տներից մեկում:
Դատական քննության ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020թ. հուլիսի 16-ի որոշմամբ բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը եւ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով Վ. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված է վաղեմության 5 տարի ժամկետ):
ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերոնշյալ ակտի դեմ դատախազության ներկայացրած բողոքը, մերժել է այն՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկման ելակետ է դիտարկվում քրեական գործի հարուցման (2015թ. հունիսի 24) եւ տուժողի ներգրավման պահը: Դիրքորոշման հիմքում, ըստ էության, ընկած է այն մոտեցումը, որ անչափահաս տուժողի լավագույն շահից բխում է, որպեսզի գործը քննվի ողջամիտ ժամկետներում, ապա վաղեմության ժամկետները պետք է սկսեն հոսել քրեական գործի հարուցման եւ անձին որպես տուժող ներգրավվելու պահից: Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ 2021թ. մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Վճռաբեկ բողոք: Գլխավոր դատախազը գտել է, որ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, օրինական եւ հիմնավորված չեն եւ ենթակա են բեկանման: Հիմնավորումն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցանքների համար վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, սկսվում է տուժողի չափահաս դառնալու օրվանից, տվյալ դեպքում՝ 2018թ. դեկտեմբերի 29-ից, եւ լրանում է միայն 2023թ. նույն օրը:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմի մեկնաբանման արդյունքում եզրահանգել է, որ որոշ հանցատեսակների, այդ թվում նաեւ անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգքրի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետը սկսում է հոսել տուժողի 18 տարին լրանալու, այլ ոչ թե հանցանքն ավարտված համարելու պահից, ինչպես մյուս դեպքերում: Ըստ դատարանի՝ դա պայմանավորված է նրանով, որ անչափահաս տուժողը, տարիքային գործոնով պայմանավորված, որոշակի հանգամանքներից ելնելով, ավելի հակված է տեւական ժամանակ գաղտնի պահել իր նկատմամբ կատարված հանցագործության փաստը: Եվ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը պետք է բխի այս առանձնահատկությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով բեկանել եւ փոփոխել ստորադաս դատարանների որոշումները եւ մերժել պաշտպանի՝ նշված հոդվածներով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Արդյունքում դատարանը գործը կքննի առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալով»:
Ն. Պ.
ԼԱՐՍՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԵՏ ԿՏԵՂԱԴՐՎԻ
Վերին Լարսի անցակետում հերթերի խնդրին լուծում տալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ կետ տեղադրել գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների բեռնատարների համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ-ից Խաչատուր Սուքիասյանի՝ Լարսի անցակետում հերթերի խնդրի վերաբերյալ հարցին:
Գնել Սանոսյանը նկատել է, որ սրված հարց է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, երբ միրգ-բանջարեղենի արտահանման հարց կա: «Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սեւ ծովում նավով շատ բեռների տեղափոխում փոխադրվել է ցամաք, ինչի հետեւանքով Լարսում առաջացել է այս խնդիրը: Եվ ակնհայտ է, որ բոլոր գործընկերները բավականին ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ»,-ասել է նախարարը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ անցակետի թողունակությունը օրական 400 է, բայց սպասարկում է 700 մեքենա, շատ բանի մասին է խոսում:
Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը եւ ՊԵԿ-ի պաշտոնյաները եղել են Լարսի անցակետում: Սանոսյանը հայտնել է, որ ռուս եւ վրացի գործընկերների հետ նրանք բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ: «Եվ հետեւյալ պայմանավորվածությունն ունենք. մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար: Արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես՝ մեզ համար»,- ասել է Սանոսյանը:
Խոսելով այս պահին առկա հերթերից՝ նա ասել է, որ հերթում սպասող մեքենաների քանակը բավականին մեղմվել է: Խնդիր կար նաեւ ժամանակին Ռուսաստանից Վրաստան անցնելու ուղղությամբ, այս պահին այդ առումով խնդիր չկա, մեկ օր են մեքենաները մնում: Մյուս ուղղությամբ հայկական մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է:
8 ԱՄՍՈՒՄ 74 ԾԱՌ Է ԿՏՐԵԼ
Մովսես Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչեւ 2019 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքից ապօրինի հատել է 74 հատ տարբեր տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 6096000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Մ. Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով։ Սույն հոդվածով բնութագրող արարքը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Մ. Եսայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։ 8 ամսում 74 ծառ է կտրել. այդ տարածքում անտառապահ, անտառապետ չկայի՞ն, որ տեսնեին հատված ծառերը կամ դրանց տեղերը։
ԴԱՏԱՎՈՐԸ ՄԵՐԺԵԼ Է
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթացող դատավարության հունիսի 14-ի դատական նիստում Հ. Մանուչարյանի պաշտպանները հերթական անգամ դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Դատավոր Մարդանյանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացելու համար հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը հրապարակվեց հունիսի 15-ին՝ ժամը 09.15-ին։ Հ. Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտնեց, որ ակնկալիքներ չկան, որ դատավոր Մարդանյանը կբավարարի միջնորդությունը, սակայն իրենք պարտավոր էին այդ միջնորդությունը ներկայացնել արդարության հասնելու համար, եթե հարկ լինի, դիմելու են նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարան։ Պաշտպան Թամրազյանը հայտնեց, որ առաջիկայում այդ գործով դատավարությունը կմտնի դատաքննության փուլ, դատարանում ցուցմունք կտան քրեական գործով վկաները։ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա 2021թվականի նոյեմբերի 9-ից անազատության մեջ է։ Նա 2012 թվականից Բերդ քաղաքային համայնքի, 2017-ից Բերդի տարածաշրջանի բոլոր բնակավայրերը ներառող Բերդ խոշոր համայնքի ղեկավարն է։ Հ. Մանուչարյանը չի ընդունում իրեն առաջադրված քրեական մեղադրանքները՝ դրանք համարելով շինծու։ Դատավոր Սամվել Մարդանյանը հունիսի 15-ին հերթական անգամ մերժեց իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հ. Մանուչարյանի պաշտպանների միջնորդությունը, հաջորդ նիստը նշանակված է հունիսի 22-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ