ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 38

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենեւին էլ նորություն չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է փոխում իր միտքը կամ անում հայտարարություններ, որոնք հետո իրականություն չեն դառնում: Շարունակելով մեր շարքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մի արտահայտություն, որ նա արել էր դեռ 2020 թվականի մայիսի 16-ին:  «Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում», – մասնավորապես նշել էր նա։ Սակայն ի՞նչ ունենք արդյունքում. այս հայտարարությունից եւ օրենսդրական կարգավորումը կարեւորելուց երկու տարի անց ազատազրկելու մասին կարգավորումը վերացվել է: Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքի կարգավորումներով բռնության կոչեր տարածողներին կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողներին այլեւս ազատազրկում չի սպառնա, նրանք միայն կտուգանվեն մինչեւ 3 մլն դրամի չափով: Պաշտոնական վերջին տվյալներով՝ հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն արդեն դատարանում է։ 6 գործով արդեն կա ուժի մեջ մտած դատավճիռ, սակայն ոչ ոք ճաղերի հետեւում չէ: Ամեն դեպքում, ստացվում է, որ վարչապետի հայտարարությունները հերթական անգամ իրականություն չեն դարձել. սա նշանակւոմ է, որ նա հրթական անգամ ականջահաճո խոսքեր է ասել, որոնք ոչ միայն իրականություն չեն դարձել, այլեւ պարզվեց՝ աշխարհի համար անընդունելի են. ստիպված եղավ հետողորմիա անել կայացրած որոշումը:

 

 

 

Քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները լրջագույնս են պատրաստվում կուսակցության՝ հոկտեմբեր ամսին կայանալիք համագումարին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության անդամ պատգամավորները վերջին շրջանում մարզային հանդիպումների են մեկնում, հանդիպում կուսակցության տարածքային ներկայացուցիչների հետ ու փորձում սիրաշահել նրանց: Սիրաշահելու նպատակն այն է, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի վարչության կազմ ընտրելու ժամանակ հենց իրենց ընտրեն: Վերջերս, օրինակ, պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ, ըստ մեր լուրերի, խստագույնս է շահագրգռված հայտնվելու ՔՊ վարչության կազմում, Վեդիում է հանդիպում ունեցել: ՔՊ-ական մեկ այլ՝ լոռեցի պատգամավոր Արփի Դավոյանը կամ ուջանցի Գեւորգ Պապոյանը վերջերս հանդիպել են կուսակցության Մարտունու տարածքային ակտիվի հետ՝ կազմակերպելու այնտեղի խորհրդի ընտրությունները: «Այժմ ամեն մեկը փորձում է ծանոթներ ու մտերիմներ գտնել, որպեսզի հոկտեմբերին կայանալիք համագումարի ընթացքում ամրագրի իր ցանկալի տեղը ՔՊ վարչության կազմում: Դրա համար պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում, սիրաշահում են, «ծանոթ են մեջ գցում», աշխատանքի տեղավորելու, օգնելու տարբեր խոստումներ են տալիս եւ այլն»,- ասաց մեր ՔՊ-ամերձ զրուցակիցը: Ի՞նչ է ստացվում. «կոռուպցիան արմատախիլ» անելու մասին խոստում տված Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցության ներսում այժմ ներկուսակցական կոռուպցիա է տիրում:

 

 

 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար կպայքարեն Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը խոստացել է երեք թեկնածուներից օգնել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին եւ նրան դարձնել նոր ստեղծվելիք դատարանի դատավոր: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Լիպարիտ Մելիքջանյանին քաղաքական իշխանությունները խոստացել են նաեւ ընտրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, ու, ըստ դատական հանակարգի, այս քայլին գնալով՝ իշխանությունները շնորհակալություն են հայտնում Մելիքջանյանին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար: Նկատենք, որ Մելիքջանյանն այն անձանցից մեկն է, որը ստորագրել է Վարդազարյանի լիազորությունների դադարեցման որոշման  տակ:

 

 

 

«Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կրկին հայտնվել է Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի տեսադաշտում: Ընկերության նկատմամբ հանձնաժողովը տուգանք է նշանակել 4մլն 817 հազար դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը իրականացրել է «eօos» եւ «ԷԿՈՍ» մակնշմամբ 6 հատանոց տուփով հավի ձու, ինչպես նաեւ «eօos» մակնշմամբ «պաղեցված հավ», «պաղեցված հավի բուդ», «պաղեցված հավի թեւ», «պաղեցված հավի դոշ» եւ «պաղեցված հավի դոշի ֆիլե» ապրանքների իրացումն այն դեպքում, երբ տվյալ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանքներ: Մրցակցության պաշտպանության կոմիտեն այս քայլը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արաքս» թռչնաֆաբրիկա, որտեղից ընկերության ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Այն ժամանակ, երբ մեզ տուգանել են, մենք դա չենք վիճարկել: Իրենք ասում էին, որ մենք ձվի վրա կիրառել ենք «Էկո» գրառումը, որը հակասում է օրենսդրությանը: Այնպես չէ, որ չենք խորանում. եթե գտնում ենք՝ հակասում է օրենսդրությանը, ապա մենք փոխել ենք: Այդ իրավախախտումը, որը վերագրվել է որպես իրավախախտում, մենք համաձայնել ու փոխել ենք անվանումը: Պիտակի վրա ինչ-որ մի գրառում է եղել, որն իրենք ասել են, որ էկո չէ, սակայն սպառողները կարող են նույնականացնել էկոյի հետ. ասել ենք՝ խնդիր չկա, դա էլ ենք փոխում»։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նորից վարույթ է առկա, քանի որ ժամկետ էին տվել իրավախախտումը վերացնելու համար:

 




Լրահոս