ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 39

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսանելի չէ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին դեռ երեք շաբաթ առաջ հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ գնահատելով սահմանին պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը: Ի տարբերություն Պապիկյանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց՝ Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ստեղծել, իսկ նոր պատերազմը, ըստ Փաշինյանը, մեր գլխին ամեն պահի կարող է պայթել: «Այս պահին սեղանի վրա, բացի այն, ինչ-որ հրապարակվել է, բացի դրանից, որեւէ այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։ Նրանք նոր պատերազմի լեգիտիմությունն են փորձում ձեւավորել։ Նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, թե երեք տարուց, թե երեսուն տարուց, դա ուրիշ խնդիր է», – ասում է ՀՀ վարչապետը: Փաշինյանի վերոնշյալ հայտարարութունը իրականում, հնարավոր է, ավելի շատ հասարակության ընդդիմադիր հատվածին զսպելու համար է, ասել է թե՝ ուղերձ է, «մեսիջ», որ եթե հայ հասարակությունը շարունակի դեմ արտահայտվել խաղաղության օրակարգին ու պայմանագրին, ապա Ադրբեջանը դրան պատերազմով կպատասխանի: Փաստ է, որ ո՛չ խաղաղության պայմանագիրը, ո՛չ նոր պատերազմը Հայաստանի շահերից չի բխում: Փաստ է նաեւ այն, որ Փաշինյանի ու նրա կաբինետի ներկայացուցչի՝ Պապիկյանի՝ 20 օրվա տարբերությամբ արված ե՛ւ պատերազմի, ե՛ւ խաղաղության մասին հայտարարություններն ակնհայտորեն սուտ են, քանի որ հակասում են միմյանց:

 

 

 

56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարած ու 5.5 տարվա ազատազրկման ենթարկված Աշոտ Առուշանյանը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Նա Փաշինյանի թիմակից, ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականն է: Մինչեւ օգնական դառնալը Առուշանյանը, հիշեցնենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, բայց ավելի յուղոտ պաշտոնի անցնելուց առաջ ավագանու մանդատից հրաժարվել է: Դեռեւս 2015-ին դատապարտված Առուշանյանը ո՞ր արժանիքի համար է աշխատանքի անցել վարչապետի աշխատակազմում: Այդ ի՞նչ յուրօրինակ առանձնահատկություններ ունի, հանուն ինչի էլ իշխանությունը որոշել է նրան պաշտոն տալ: Հարցերը «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության լրատվական վարչությանն  էր ուղղել, բայց, ձեռագրին հավատարիմ, կառավարության լրատվական ծառայությունը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը չկատարելով, սահմանված ժամկետում չպատասխանեց մեր հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից ցանկանում էր իմանալ, թե նախկինում դատվածություն ունեցող անձն այժմ ի՞նչ գործառույթ է իրականացնում գործադիրում ու ի՞նչ լիազորություններով է անընդհատ հանդիմանում կառավարության ենթակայության տակ գործող այս կամ այն գերատեսչությանը:  Ինչո՞ւ է խորացել ՀՀ տեսչական մարմինների գործունեության մեջ, ինչո՞ւ է մի շարք տեսչական մարմիններից գրավոր բացատրություններ պահանջել տարբեր որոշումների մասով: Եւ ամենակարեւորը՝ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գործունեության մեջ ի՞նչ է փնտրում Առուշանյանը: Իհարկե, չենք բացառում, որ գուցե ազնիվ նպատակներով է վարչապետի աշխատակազմ գնացել եւ, օրինակ, ցանկանում է տեսչական մարմինների կասկածելի գործառույթները ստուգել ու դաշտը մաքրել կոռուպցիայից:

 

 

 

Հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորները՝ սամակատները, իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին: Թեեւ ինքնագլորները Երեւան են հասել դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից, բայց արդեն հասցրել են զայրույթ առաջացնել քաղաքացիների մոտ. երեւանյան փողոցներում այսօր անհնար է հանգիստ քայլել, զբոսնել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է մեկը ինքնագլորով ձեզ վրաերթի ենթարկել: Օրինակ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խիստ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել՝ նշելով, որ էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց միայն վերջին 3 ամսվա ընթացքում, դրանից հետո, սակայն, որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվում. երեւույթը որեւէ կառույցի կողմից վերահսկելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել՝ արդյոք նախատեսվում է առաջիկայում քաղաքում ուղիներ նախատեսել ինքնագլորների համար: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին. «Քաղաքապետարանը ինքնագլորների ներկրման հետ որեւէ առնչություն չի ունեցել, դա արվել է մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, հետեւաբար ոլորտի հետ կապված բոլոր կարգավորումները, հարցերը ձեզ պետք է տա պարեկային ծառայությունը կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը»: Ոստիկանությունից այս խնդրի հետ կապված կարճ պատասխանեցին. «Նման նախաձեռնություն լինի, հանրային քննարկման կդրվի»: Պարզվում է՝ ինքնագլորները ինչ-որ մարդիկ անհասկանալի չափորոշիչներով ներկրել են, ապօրինի չկարգավորված դաշտում աշխատում են, բիզնեսը զարգանում է, սակայն վերահսկողություն չկա: Քաղաքային իշխանությունն անկարող է եւ պատասխանատվություն չի դրսեւորում, ոստիկանությունը չի գործում, եւ հնարավոր է, որ ինքնագլորի վարորդը վրաերթի ենթարկի մարդուն, բայց տրանսպորտային միջոց չհամարվի, մնա անպատիժ: Քաղաքակիրթ այլ երկրներում ինքնագլորների, հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհահատվածներ կան, դրանք գործի դնելուց առաջ պատասխանատու ընկերությունը լիցենզիա է ստանում եւ գործում է խիստ վերահսկելի դաշտում:

 

 

 

Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցության երեկվա դռնփակ նիստում քննարկված հարցը կարճ ժամանակում դարձավ համացանցում ամենաշատ տարածված նորությունը. ՔՊ-ն որոշել է խորհրդարանական պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Բայց մինչ այդ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, ՔՊ-ի որոշումներ կայացնող հատվածը հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետն ասել է, որ իր համար 50/50 է՝ կողմնակից է ե՛ւ ընդդիմադիրներին պաշտոններից ու մանդատներից զրկելու տարբերակին, ե՛ւ դեմ: Եւ, ահա, իշխանականները, ոգեւորված Նիկոլ Փաշինյանի ուղերձից, երեկ շտապել են իմիտացիա ապահովել, թե հարցը իրենք են որոշել խմբակցությունում: Իսկ իրականում իշխանությունները ընդդիմադիր մի քանի գործիչների վաղուց են վերցրել նշանառության տակ՝ Իշխան Սաղաթելյանը, որը Փաշինյանին հրապարակավ «արա»-ով է դիմել, Վահե Հակոբյանը, որը չի ներվում սյունյաց հայհոյանքների կազմակերպման համար եւ հայտարարել է, թե «Նիկոլը քաղաքական դիակ է», ու էլի մի քանիսը: Բայց կոնկրետ այս երկու  պատգամավորների մասով Նիկոլ Փաշինյանը որոշում ունի նրանց զրկել պատգամավորական մանդատից` բացակայությունների հիմքով, թեեւ, մեր տեղեկություններով, ցուցակն այսքանով  չի ավարտվում, եւ առաջիկայում այլ անուններ եւս կլսենք, որոնց պատրաստվում են մանդատից զրկել իշխանությունները. ցուցակը բաղկացած է 10 հոգուց: Ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ, այնուհետեւ՝ Անդրանիկ Թեւանյանը՝ 199, Ասպրամ Կրպեյանը՝ 198, Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հավասար թվով են բացակայել՝ 197, Արթուր Ղազինյանն ու Լիլիթ Գալստյանը նույնպես (պատգամավորները 194 բացակա ունեն), հաջորդը Վահե Հակոբյանն է՝ 193 բացակայությամբ, իսկ տասներորդը Արթուր Խաչատրյանն է, որն ունի 132 բացակա։

 




Լրահոս