ՔՊ-Ն ԱՆՑԱՎ ԳՈՐԾԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

 

Երեկ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը:

Եթե նախկինում իշխանականները մանդատներից զրկելու մասին էին խոսում, Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո չբացառեցին, որ պարտականությունները չկատարելու հիմնավորմամբ կարող են ներկայացնել նաեւ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալին հետ կանչելու, ինչպես նաեւ հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների լիազորությունները դադարեցնելու մասին նախագծեր։

Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները մշտական 12 հանձնաժողովներից 3-ում են նախագահում։

Հունիսի 24-ի հանրահավաքի ժամանակ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց` խորհրդարան չեն վերադառնալու, դա կանեն միայն իրենց օրակարգով:

Մինչ սա էլ ընդդիմադիրները խոսում էին նրանց պատգամավորական մանդատներից զրկելու մասին: Բանն այն է, որ երկու շաբաթ առաջ առկա տվյալների համաձայն՝ մինչեւ հունիսի 2-ը տեղի է ունեցել 250 քվեարկություն ու գրանցում, 14 պատգամավորներ՝ 13-ը «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, դրանցից ավելի քան կեսից անհարգելի բացակայել են։ «Հայաստան»-ից ամենաշատ բացակայողն Էլինար Վարդանյանն է՝ 188 բացակա ունի, դրանցից միայն մեկն է հարգելի համարվել։ Տվյալները կամփոփվեն հաջորդ ամիս։

Մանդատներից զրկել-չզրկելու վերջնական որոշումը կայացնողը Սահմանադրական դատարանն է (ՍԴ)։ Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հրավիրած նիստում խորհուրդն է կայացնում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի մեծամասնություն։ Եթե խորհրդի նիստում չի ընդունվում որոշումը, հարցը չի փակվում. առնվազն 22 պատգամավոր դեռ կարող է հավաքվել ու կոլեգայի լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ։

Չնայած կարգավորումն օրենքում վաղուց է, բայց բացակայությունների հիմքով պատգամավորին մանդատից զրկելու նախադեպ չի եղել։

Նկատենք, որ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց` ՀՀ օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ գոյություն ունի ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, ինչի հիմքում դրված է 1 նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բացակայելը։ Վարչապետը շեշտեց, որ խորհրդարանական գործունեությունը չի խանգարում քաղաքական տարբեր գործընթացներ իրագործելուն։

Փաշինյանը շեշտեց՝ եթե ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, ապա պետք է դիմել ՍԴ վերջնական որոշում կայացնելու համար։

Եթե ընդդիմադիրները զրկվեն մանդատներից, նրանց ընտրական ցուցակներից նույն թվով պատգամավորներ կստանան մանդատներ, եթե պաշտոններից՝ ընդդիմադիրները կարող են նոր թեկնածուների առաջադրել։ Իսկ, ահա, նրանք կընտրվեն, թե ոչ, դա հարց է, Փաշինյանի իշխանությունը այդ պրակտիկան կիրառել է. ընդդիմադիրների առաջադրած թեկնածուին մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» ամիսներով չէր ընտրում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ համատեղության կարգով նշանակել Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)։

 

 

 

ԽԱԽՏՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, «Սիլվայի գործով» դատական նիստին որոշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի՝ ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը քննել աշխատանքային օրվա ավարտին։ Պաշտպանական կողմն առարկեց դատարանի այդ որոշման դեմ։ Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ Քրեական դատավարության օրենսդրությունը դատարանին թույլ չի տալիս նման հնարավորություն. «Որ Դուք միջնորդության քննությունը հետաձգեք ինչ-որ ժամով եւ այլն։ Օրենքը հստակ սահմանում է, որ միջնորդությունը քննարկվում է այն հայտնելուց անմիջապես հետո։ Կան նաեւ բացառություններ, երբ այլ էական հանգամանքներ կան պարզելու, որի կապակցությամբ դատարանը կարող է միջնորդության լուծումը հետաձգել, որպեսզի ստանա այդ ապացույցները»։ Սահակյանը պնդեց, որ դատարանն ամեն օր թույլ է տալիս խախտում՝ միջնորդության քննությունը անընդհատ հետաձգելով։

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԸՆՏՐՎԵՑԻՆ

ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գեւորգ Գյոզալյանին եւ Արթուր Դավթյանին: ԱԺ արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկություններից հետո արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր: Լիզա Գրիգորյանն ու Կարեն Թումանյանը չէին ստացել ոչ մի «կողմ» ձայն, Լիպարիտ Մելիքջանյանը ստացել էր 68 «կողմ» ձայն: Երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Լուսինե Ավագյանի, Գեւորգ Գյոզալյանի, Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել էր 67 պատգամավոր, որոնք բոլորն էլ  քվեարկել էին Գեւորգ Գյոզալյանի օգտին: Երրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի, Աղասի Մկոյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցած 67 պատգամավորները «կողմ» են քվեարկել Արթուր Դավթյանին:

 

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ՅԱՆԴԵՔՍ»-ԻՑ

«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում:  Պարզվում է՝ ընկերությունը 2.4 տոկոսով (16 տոկոսից դառնալով 18.4 տոկոս) բարձրացրել է ծառայության մինջնորդավճարը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ վարորդները հանիպել են ընկերության տնօրենի հետ:  Ի դեպ, վարորդներն ArmLur.am-ի հետ զրույցում բարձրաձայնեցին մեկ այլ խնդրի մասին: Ծառայության միջնորդավճարի փոփոխություն ընկերությունը չի նախատեսում իրականացնել: Ավելին՝ ArmLur.am-ի հետ զրույցում Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը հայտնեց, որ ծառայության միջնորդավճարի բարձրացում տեղի է ունենում երկու կամ երեք տարին մեկ: «Մենք պարբերաբար երկու կամ երեք տարին մեկ այդ միջնորդավճարը բարձրացնում ենք, որպեսզի կարողանանք ապահովել ծառայության որակյալ աշխատանքը: Սա հերթական բարձրացումն է 2.4 տոկոսով, որը միտված է հավելվածի լիարժեք աշխատանքի նոր ծառայությունների ավելացմանը»,- հայտնեց ընկերության տնօրենը: Ի դեպ, տեղեկացնենք, որ վարորդները մտադիր են շարունակել իրենց բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչեւ միջնորդավճարը նվազեցնեն: Ընկերության տնօրենի խոսքով՝ շատ հարցերի պատասխաններ վարորդները կարող են ստանալ:

Զրույցի ավարտին, որպես սփոփանք, ընկերության տնօրենը նկատեց, որ բոլոր այն երկրների մեջ, որտեղ գործում է «Յանդեքս» ծառայությունը, Հայաստանը համարվում է ամենացածր միջնորդավճարով երկիրը:

 

 

 

ԿՐԿԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում. հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը մինչ այս երեք հանդիպումներ են անցկացրել, որոնցից առաջինը կայացել է Մոսկվայում, մյուս երկուսը՝ կրկին Վիեննայում։ Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին է անդրադարձել Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, թե Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «փոքր քայլերով առաջ գնալու» հնարավորություն է տեսնում։

 




Լրահոս