ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաեւ պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ:
Դատախազության փոխանցմամբ՝ ուսումնասիրվել է նաեւ ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի եւ օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ եւ փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից:
Երեւանում եւ հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում եւ Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Երեւանում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու եւ ազոտի երկօքսիդի աճման տենդենց: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են 0,0953-ից մինչեւ 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչեւ 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ:
Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաեւ Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:
Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով: Պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ Երեւանում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14 վարչական վարույթ: Այս տվյալները վկայում են, որ, չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ:
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ Գլխավոր դատախազությունից հաղորդում է ներկայացվել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է, որպես լիազոր պետական մարմին, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական եւ այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել անշարժ եւ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների խստիվ պահպանման, արտանետումների մաքրման եւ հսկողության սարքավորումների շահագործման, բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների եւ մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման պահանջների պահպանման, կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:
Ն. Հ.
ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԿԱՆԽԵԼ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ
Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի 16 տան բնակիչ, 1986 թվականին ծնված Վարդան Կարենի Մեջլումյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ի կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաեւ 2011 թվականի սեպտեմբերի 08-ին «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1396-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 22 տան հարակից, Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող 092-0001 ծածկագրով 442,0 քմ մակերեսով տեղամասում, այնտեղ գտնվող հողը հանելու տեղափոխելու, պահպանելու եւ օգտագործելու կանոնները խախտելով, փչացրել է այն, առաջացրել է հողի դեգրադացիա՝ հողի բերրի շերտի ոչնչացում, որի հետեւանքով Դիլիջան համայնքի շրջակա միջավայրին անզգուշությամբ պատճառվել է էական՝ 4 միլիոն 737 հազար 532 ՀՀ դրամի վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրական օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասով։ Վ. Մեջլումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այդ քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում։ Երկու ամիսների ընթացքում՝ 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդան Մեջլումյանը նշված տեղամասում հողը հանել, տեղափոխել է, ոչնչացրել է հողի բերրի շերտը. Դիլիջան խոշոր համայնքը 2021թ. փետրվարի 26-ից ղեկավարող Դավիթ Սարգսյանն ինչո՞ւ այդ ապօրինությունը չի կանխել։
ԱՀԱԶԱՆԳՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑ
Այս տարվա մարտին հրապարակել եմ Իջեւանի տարածաշրջանի բնակիչների բողոքը, որոնք համայնքի գյուղերից Իջեւան էին հասնում, որպեսզի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից ստանան իրենց հարկավոր փաստաթուղթը, սակայն Իջեւան քաղաքում այդ գրասենյակը փակվել էր։ Բնակիչները ստիպված եւս 500 դրամ էին ծախսում Դիլիջան քաղաք հասնելու, տեղի «զագսից» անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի ահանզանգ-հրապարակումն արդյունք ունեցավ, բողոքած բնակիչները հայտնեցին, որ մայիսի 20-ից Իջեւանի քաղաքի կենտրոնում՝ «Հայփոստ»-ի շենքում, ՔԿԱԳ-ի Իջեւանի գրասենյակը վերաբացվել եւ գործում է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ