Լուսանկարն արվել է Երեւանում
Մայրաքաղաքում դեռ կան փողոցներ, որոնք գտնվում են նման փնթի վիճակում: Ամեն բնակիչ մտածել է իր աղը թափելու մասին, ու արդյունքում այս պատկերն է առաջացել։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:
Օվսաննա Միքայելյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով կարող է աշխատել որպես ուսուցիչ։
Լիլիթ Հունանյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ, համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։
Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ`
1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող եւ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը,
2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։
ՀՀ կրթութան, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։