ԶԱՐԳԱՑՄԱՆ ՉՈՐՍ ՈԼՈՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին նախագիծը։ Նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է ուսուցչի մասնագիտական չափանիշը դիտարկել զարգացման ոլորտների, մասնագիտական գործունեության ձեւերի, կարողունակության մակարդակների եւ մանկավարժի բնութագրերի տեսանկյունից:

 

Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է զարգացման չորս ոլորտ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, սովորողին ցուցաբերվող աջակցություն, ինքնազարգացում եւ մանկավարժական համայնքի հզորացում։

Որպես մասնագիտական գործունեության ձեւեր, ըստ զարգացման ոլորտների, դիտարկվում են առարկայական գիտելիքների զարգացումը, դասընթացների եւ դասերի պլանավորումը, դասի վարումը, ռեսուրսների կառավարումը, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ինտեգրումը, 21-րդ դարի հմտությունների խթանումը, սովորողների կարիքների ճանաչումը, ուսումնառության գնահատումը, ներառական մեթոդների կիրառումը, մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնումը, կրթական քաղաքականությունների եւ պրակտիկայի իմացությունը, մասնագիտական բարեվարքությունը եւ ժողովրդավարական արժեքները։

Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձեւի համար սահմանվել են հստակ եւ չափելի կարողունակություններ։ Յուրաքանչյուր զարգացման ոլորտի շրջանակում յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձեւի մասով ուսուցիչը կարող է դրսեւորել կարողունակության հետեւյալ չորս մակարդակներից որեւէ մեկը.

տարրական մակարդակ, որի պարագայում ուսուցիչը գիտի եւ հիմնականում կարողանում է կիրառել համապատասխան կարողունակությունները,

ձեռնահասության մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է ստեղծագործաբար կիրառել նշված կարողունակությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության,

տիրապետման մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է նաեւ աջակցել այլ ուսուցիչների՝ իրենց կարողունակությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրեւ վերապատրաստող, մենթոր եւ այլն,

փորձագետի մակարդակ, որի պարագայում ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման եւ ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք՝ ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։

Կախված զարգացման ոլորտի շրջանակներում մասնագիտական ձեւերի կարողունակության մակարդակներից՝ նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է տարբերակել  մանկավարժի հետեւյալ բնութագրերը՝ դասավանդող, ավագ ուսուցիչ, վերապատրաստող եւ հետազոտող ուսուցիչ: Ուսուցչի համապատասխանությունը մանկավարժի չորս բնութագրերից որեւէ մեկին՝ որոշվում է մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքում՝ դասավանդման ձեւերի դրսեւորված կարողունակության մակարդակի միջոցով։

Դասավանդող ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» եւ մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։

Ավագ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» եւ մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։

Վերապատրաստող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» եւ «Ինքնազարգացում եւ մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։ Հետազոտող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» եւ «Ինքնազարգացում եւ մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտների պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։ Պահանջվող տոկոսը ոլորտը ներկայացնող մասնագիտական գործունեության ձեւերից ուսուցչի ստացած միավորների միջին թվաբանականն է։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԴԻՄԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Հադրութից տեղահանված տասնյակ քաղաքացիներ երեկ Կառավարության շենքի առջեւ նստացույց են իրականացրել՝ Արցախին՝ հայկական, իսկ իրենց՝ փախստականի կարգավիճակ տալու պահանջով: Այս մասին տեղեկացրել է «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրիյանը: «Մենք արձագանք չենք ստացել Կառավարությունից: Եկել ենք, որպեսզի մեր խնդրի վրա ուշադրություն սեւեռվի: Այսօր կրկին գալու ենք նույն պահանջով՝ արդեն հանդիպման ակնկալիքով, որեւէ իրավասու պաշտոնյայի հետ: Եթե մեզ չընդունեն, հնարավոր է՝ դիմենք միջազգային կառույցների: Կշարունակենք նստացույց անել, թե ոչ, տեղում կորոշենք՝ կախված իրադարձությունների զարգացումից»,- նշել է Հայրիյանը:

 

 

 

ԱՌԱՋԱՐԿ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ոլորտի կարգավորման ու վերահսկողության նպատակով կառավարությունն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում հստակ սահմանել «ակցիա» եւ «զեղչ» հասկացությունները։ Հայաստանում ո՛չ իրական զեղչ է լինում, ո՛չ էլ իրական զեղչ անողն է կարողանում շուկայում իր շահերը պաշտպանել։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը` ներկայացնելով ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական առաջարկությունը։

«Հանձնաժողովն իր ֆունկցիաներն իրականացնելիս ամեն օր հանդիպել է այս խնդրին եւ, ամեն անգամ վարույթ հարուցելով, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ գեներացնելով, փորձել է սկզբից ուղեցույցների միջոցով այս հարցը կարգավորել։ Բայց հասկացել ենք, որ առանց հստակ օրենսդրական փոփոխությունների սա հնարավոր չէ անել»,- ասել է Գեւորգյանը։

Ոլորտի կարգավորման ու վերահսկողության նպատակով կառավարությունն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում հստակ սահմանել «ակցիա» եւ «զեղչ» հասկացությունները։ Ըստ նախագծի` տնտեսվարողը պարտավոր է զեղչի մասին հստակ տեղեկացնել` նշելով ոչ միայն նվազման տոկոսային արտահայտությունը, այլեւ մինչ այդ գործող գինը, հակառակ դեպքում, գնի իջեցումը զեղչ կամ ակցիա չի համարվում։ Բացի այդ, տնտեսվարողը պարտավոր է ակցիայի ու գնային տարբերությունների մասին տեղեկությունը հրապարակել ակցիային նախորդող 1 ամսվա ընթացքում եւ այն պահպանել ակցիայի ողջ ընթացքում։ Զեղչը չի կարող գործել 3 ամսից ավելի: Ակցիայի շրջանակում տնտեսվարողն օրենքով իրավունք կունենա առաջարկվող գնի դիմաց լրացուցիչ ապրանք, ծառայություն, փաթեթ առաջարկել, որի ընդհանուր գինն ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը:

 

 

 

ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ

Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4 հազար 200 դեպք: Հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ:

 

Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Ըստ նրա, այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 7 բռնկում, որոնք պայմանավորված են եղել սննդի գործոնով՝ պահման, տեղափոխման կանոններն են խախտվել: «Շատ կարեւոր է մի շարք կանոնների պահպանումը, որը կանխարգելիչ նշանակություն ունի սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրման գործում՝ հատկապես էքսկուրսիաների ժամանակ: Անպայման պետք է ուշադրություն դարձնել սննդամթերքի տեղափոխման, պահպանման պայմաններին, ժամկետներին, սննդամթերքի պատրաստման ժամանակ հիգիենայի կանոններին: Միրգը եւ բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ՝ 2-3 րոպե, սնունդը պատրաստելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային»,-ասել է Ռ. Աբովյանը: Հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առավել արագ փչացող սննդամթերքի պահպանմանը՝ կրեմային հրուշակեղեն, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք:

Ձեռքերի հիգիենայի գործոնին շատերը թերահավատորեն են մոտենում, սակայն Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ քովիդով պայմանավորված, երբ հասարակության շրջանում ամուր հիմքի վրա էր դրված  ձեռքերի ու շրջապատի հիգիենան, եւ ախտահանում կատարվում էր օրը մի քանի անգամ, 2020 թվականին նկատելի նվազել էին աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները:

«Դա բավական լուրջ գործոն է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելման համատեքստում: Ձեռքերի, շրջակա միջավայրի ախտահանումն ունեցել է իր ազդեցությունը՝ բռնկումներ չարձանագրելու առումով»,-ասել է նա:

Հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս սնունդն ընդունելուց երկու ժամ հետո եւ կարող են շարունակվել մի քանի օր:  Հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ, որովայնի շրջանում կտրուկ ցավ: «Երեխաներն ավելի զգայուն են ու նրանց օրգանիզմը թիրախավորված է: Ախտանշանների դեպքում անպայման դիմեք մոտակա բուժհաստատություն: Ունենք դեպքեր, երբ երեխայի բուժումը կազմակերպվում է տանը, ինչն էլ ավելի բարդացնում է իրավիճակը»,-ասել է մասնագետը:

Ն. Հ.

 

 

 




Լրահոս