Նախորդ տարվա՝ 2021-ի հենց այս օրերին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարության շենքում հանդիպել էր ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Ըստ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Էռնեկյանը, ողջունելով Փաշինյանին, ասել էր. «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետեւ դա շատ կարեւոր է, եւ մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»: Էռնեկյանի ասածից ստացվում էր, թե նա աջակցում էր Փաշինյանի ղեկավարած ուժին ու «սրտատրոփ» սպասում էր, թե երբ է «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ տանելու ընտրություններով: Բայց բարեբախտաբար կամ միամտորեն կառավարության լրատվական ծառայությունը նաեւ հանդիպման տեսագրությունն էր տեղադրել, ինչից էլ պարզ էր դարձել, որ իսպաներենի թարգմանչունին սխալ է փոխանցել Էռնեկյանի խոսքը: Գործադիրը, ըստ երեւույթին, շոյվելով ոգեւորիչ խոսքերից, չի ջանացել այն ճշտել ու շտկել այն: «Դա նշանակալի փաստ է պատմական առումով, եւ ես կարող եմ միայն իմ աջակցությունը հայտնել արդեն կայացած որոշման առիթով: Եվ ինչպես նշել ենք ի սկզբանե, մենք Հայաստանի տնտեսության ինտեգրատիվ մասն ենք կազմում եւ պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել երկրի հետ»,- իրականում ասել էր ՀՀ ազգային հերոսը: Ասել է թե՝ նա փոխանցել էր, որ անկախ նրանից՝ ով է իշխանության ղեկին, իրենք շարունակելու են ամբողջությամբ աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ստացվում է՝ հայտարարելով, թե Էռնեկյանը աջակցում է իշխանությանը՝ հերթական անգամ ստել է:
Վարչապետը եւս մեկ լիազորություն կունենա։ Ամեն դեպքում, դա է ստացվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությամբ։ Այժմ օրենքում ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներն իրենց դիմումները ներկայացնում են կառավարություն, եւ այդ կառույցն է կոլեգիալ հաստատում այն։ Այժմ օրենքում համապատասխան լրացում են անում` ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը ՀՀ վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու հնարավորությունը։ Սա նշանակում է, որ կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն ներկայացնելու օրենսդրական ընթացակարգը. կենթարկվեն միայն վարչապետին: Նշենք, որ կոմիտեի նախագահին, տեղակալներին եւս նշանակում է վարչապետը, այսինքն՝ քննչական այդ մարմինն ուղղակի վարչապետի ենթական է ու կամակատարը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսվելու է լայնածավալ կադրային ջարդ: Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը 58 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը։ Ըստ այդ փոփոխությունների՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Եվ, ահա, հենց այս որոշումն է Պաշտպանության նախարարությունում իրավիճակ փոխել: Բանն այն է, որ ինչպես Գլխավոր շտաբում, այնպես էլ նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Փաստ է մեկ բան, որ շատ պաշտոնատար անձինք են ազատվելու, եւ նոր նշանակումներ են կատարվելու, այնպես որ, առաջիկայում նոր զարգացումներ կլինեն ՀՀ զինված ուժերում, որտեղ սթրեսները պարբերաբար հաջորդում են մեկը մյուսին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումները: Ընդ որում՝ արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, որոնք հանդիսանում են սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որեւէ ծրագրից, հանդիսանում են նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40 տոկոսը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Ավելին՝ այս օրենքի կանոնները խախտելու համար ՊԵԿ-ն առաջարկում է տուգանքներ կիրառել: Օրինակ՝ մոլախաղերի կամ ինտերնետ մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Եթե խախտվի սահմանված նվազագույն չափը, յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար տուգանքի չափը կկազմի 500.000 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե խախտվել են քաղաքացիներին խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները, ապա առաջին անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար տուգանքը կկազմի 2 մլն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` 5 մլն դրամ: Իհարկե, լավ է ասված, մնում է հականալ, թե թղթի վրա գրված օրենքը ինչպես է կիրառվելու, եւ ով է վերահսկելու այն: