ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որոշում է ընդունել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին։ Նախագիծը վերաբերում է կրթության հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքին ու զորակոչի տարիքին։ «Նախագիծը լայն քննարկում է անցել, շատ սպասված նախագիծ է»,-ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

 

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով՝ բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու եւ  http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում, նաեւ համապատասխան նվաճումներ ունենալու եւ կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:

Նշված ձեւաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, եւ արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետեւանքների, մասնավորապես՝ ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար, քաղաքացին, եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը՝ ՀՀ-ում սովորող եւ ապագայում գիտելիքները գիտության եւ մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաեւ սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ, չեն կարողանում՝ տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ:

Հետեւաբար, բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով, զորակոչիկներով բանակ ապահովումը, ինչպես նաեւ սոցիալական անհավասարություն է ստեղծում:

Որոշման նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը եւ համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը եւ պայմանները սահմանելու է կառավարությունը:

Կարեւոր նշանակություն ունեցող մասնագիտությունները հետաքրքիր եւ հեռանկարային չեն համարվում երիտասարդության եւ դիմորդների շրջանում: Առկա իրավիճակում այդ մասնագետներով ոչ համալրվածության եւ բացակայության պայմաններում պետության անվտանգության եւ գիտատեխնիակական զարգացման համար կարեւորագույն ոլորտները չեն կարող ունենալ զարգացման հեռանկար:

Սույն փոփոխությունների իմաստով պետությունը նպատակային ուսուցման բաղադրիչ է դիտարկում կարեւորագույն ոլորտներում մասնագետների պատրաստումը եւ կրթության շարունակականության եւ զարգացման ապահովումը: Անվճար հիմունքներով բուհ ընդունված ու շարունակություն ապահովող եւ ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ սովորելու հանգամանքը, պետության կարիքների համար որակյալ կադրերի պատրաստումը, ապահովումը  եւ այդ կադրերով վերոնշյալ ոլորտների զարգացմանը նպաստելը:

Ն. Հ.

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպումը՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։ Այդ մասին Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն: Խոսելով Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւորության մասին՝ հանձնաժողովի նախագահը հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը՝ կայունացնող դեր խաղալու տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։ «Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությունը խթանելու համար»,- ասել է նա։ Նշենք, որ Սամխարաձեն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավարն է:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հատկապես վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել, էապես ավելացել են նաեւ նույնականացման քարտ ստանալու համար դիմողները: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ արտահերթ նիստում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում: «Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում»,-ասաց Ֆիդանյանը: Հիմնավորելով արտահերթ նիստում հարցի քննարկման հրատապությունը՝ նա ասաց. «Բոլորին քաջ հայտնի պատճառներից ելնելով՝ այս տարվա ընթացքում, հատկապես վերջին 2 ամիսների ընթացքում, ահռելի մեծ ծավալների է  հասել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը: Եվ նման պարզաբանումներն այս պահի դրությամբ, իրականում, օրհասական են»: 2021 թվականի ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն 105 հազար 169 քաղաքացի: Բավականին աճել է նաեւ բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Եթե նրանց թիվը 2021-ին եղել է 9, ապա 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն իսկ 14: ԱԺ նիստում նախագիծն ընդունվեց՝  քվեարկությամբ ստանալով 58 կողմ ձայն:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթացող՝ Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով դատավարության հուլիսի 6-ի նիստում, Հ. Մանուչարյանի պաշտպաններ Արման Թամրազյանը եւ Հայկ Ալումյանը միջնորդություն են ներկայացրել 2021թ. նոյեմբերի 9-ից անազատության մեջ գտնվող Հ. Մանուչարյանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու եւ գրավ կիրառելու մասին։ Դատավոր Սամվել Մարդանյանը մերժել է այդ միջնորդությունը, հետո հայտարարել, որ ինքը արձակուրդ է գնում։ Հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 2-ին։ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։ Հ. Մանուչարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ դրանք համարելով սարքովի, շինծու։ Սեպտեմբերի 25-ին կկայանան Բերդ խոշոր համայնքի ավագանու հերթական ընտրությունները։ 2012 թվականից Բերդ քաղաքական համայնքը, 2016 թվականից Բերդ խոշոր համայնքը ղեկավարող Հարություն Մանուչարյանը, ամենայն հավանականությամբ, որպես թեկնածու, կմասնակցի այդ ընտրություններին։

 

 

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության Տավուշի մարզային բաժնի  աջակցությամբ եւ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի աջակցությամբ մեկնարկ է տրվել «Վանքից Վանք» նախաձեռնությունը։ Սկիզբը դրվել է  Իջեւան համայնքի  Աճարկուտ բնակավայրի Կիրանց վանական համալիրից։ Կիրանցի վանական համալիրի ողջ տարածքում մաքրման եւ  բարեկարգման աշխատանքներ են կատարվել։

Աշխատանքներին մասնակից են եղել հուշարձանների պահպանության վարչության աշխատակից Հովիկ Ալավերդյանը եւ  Տեր Աբել քահանան։  Վանական համալիրի տարածքի մաքրումը եւ բարեկարգումը անհրաժեշտ է, սակայն  բավարար  չէ  վանական համալիրի  պահպանության համար, այն  որոշ չափով քանդված է, եւ վաղուց նորոգման կարիք ունի։ Տավուշի մարզի անտառներում են գտնվում բազմաթիվ հնամենի եկեղեցիներ, վանքեր՝ Առաքելոցը, Սամսոնավանքը, Սրվեղը, եւ բազում այլ վանքեր, պատմական հուշարձաններ,  որոնք  չեն գտնվում Հայ առաքելական եկեղեցու հաշվեկշռում, սակայն պետական բյուջեից եւ այլ հիմնադրամներից գումարներ չեն հատկացվում դրանց վերանորոգման համար։  Հայաստանի պատմության քարեղեն վկա բազմադարյան այդ  հուշարձանները տարիների ընթացքում  ավելի են քանդվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս