ՆՈՐ ՖԻԼՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-17 Երեւանում անցկացվելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը մեկնարկելու է Արման Նշանյանի՝ PEOPLE OF AR Productions-ի «Ամերիկացի» ֆիլմով։ Արման Նշանյանը ֆիլմում հանդես է եկել որպես պրոդյուսեր, ըստ նրա՝ իրեն չի տեսել որպես դերակատար, քանի որ ֆիլմի հիմքում խորհրդային տարիներին տեղի ունեցած պատմություն է, իսկ կերպարային առումով ինքը չէր համապատասխանում։

 

Պրոդյուսերի խոսքով՝ իրենց համար խորհրդանշական է, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է հենց Երեւանում։ «Ամերիկացի» անվանումով, սակայն Հայաստանում նկարահանված ֆիլմն ըստ Արման Նշանյանի՝ կկարողանա գրավել նաեւ օտարերկրացիներին, քանի որ այն նախատեսված չէ միայն հայկական լսարանի համար։

Նշենք, որ «Ամերիկացի» ֆիլմի դերասանական կազմի աշխարհագրությունը բավական մեծ է։

«Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը «Էմմի»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է, ով մեծ հաջողություններ է գրանցել արտերկրում։ Նա նկարահանվել է մի շարք ամերիկյան ֆիլմերում։ Մեծ անակնկալ է սպասվում նաեւ «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալի հայ երկրպագուներին՝ ֆիլմում խաղացել է տվյալ սերիալից հայտնի Հովիկ Կեուչկերյանը։ Նկարահանվել են նաեւ Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Նարինե Գրիգորյանը, Ժան-Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը եւ այլք»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արման Նշանյանը։

Պրոդյուսերը վստահեցնում է, որ ֆիլմն այս ձեւով չէին կարող նկարահանել, եթե նույն գաղափարի շուրջ չհամախմվեին պրոֆեսիոնալ մարդիկ.

«Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի եւ Վարդան Բարսումյանի հետ, նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես եւ Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք, հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել։ Ցանկանում եմ ընդգծել, որ ֆիլմի ստեղծման հարցում մեծ ներդրում ունեն Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը»։

Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած եւ Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան եւ բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են եւ դատապարտում ազատազրկման:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԻ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ՓԱԿՄԱՆ ՕՐԸ

Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող եւ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի՝ «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։

 

Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ՝ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոներից։

2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը։ Ասոցիացված պրոդյուսեր՝ Անուշ Տեր-Խաչատրյան. սցենարի հեղինակներ՝ Լիկա Զաքարյան, Կարին Հովհաննիսյան։ Գլխավոր օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան։ Երաժշտությունը` Վան Սարգսյանի։ Հնչյունային ձեւավորող՝ Լուսիեն Փալմեր, CAS։ Մոնտաժող՝ Մայքլ Թ. Վոլմեն։ Դերերում՝ Լիկա Զաքարյան, Լեւոն Արշակյան, Արտակ Բեգլարյան եւ այլք։

Երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում եւ սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է Արցախյան 44-օրյա պատերազմի մի ամբողջական եւ բազմաշերտ պատմագրություն։

«Հպարտ ենք, որ Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությամբ «Չտեսնված Հանրապետություն»-ը  կմեկնարկի իր առաքելությունը, որն է աշխարհին տեսանելի դարձնել մեր հայրենիքի եւ իր ժողովրդի պատմությունը»,- ասում է ֆիլմի սցենարի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Լիկա Զաքարյանը։

Ամերիկահայ գրող, ռեժիսոր եւ պրոդյուսեր Կարին Հովհաննիսյանը «1915» (2015թ.), «Ես մենակ չեմ» (2020թ.) եւ «Truth to Power» (2021թ.) մրցանակակիր ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորն է եւ «Ստվերների ընտանիք» գրքի հեղինակը:

Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։

 

 

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ»` ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Հուլիսի 2-ից 4-ը Գյումրիում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2022-ը։ Լինելով հայաստանյան ֆինանսատեխնոլոգիական խոշորագույն կառույց, որը շարունակաբար ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգանալով էկոհամակարգերի ուղղությամբ, «Ամերիաբանկը» միացել էր եռօրյա tech-տոնին՝  որպես գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր:

«Մենք շատ ուրախ ենք, որ Tech Week-ն անցկացվում է Գյումրիում, որը տեխնոլոգիական զարգացման յուրօրինակ խորհրդանիշ է դարձել: Դա չէր կարող մեզ չոգեւորել ու չխթանել, որ մենք եւս մասնակից դառնանք այս տեխնոլոգիական տոնին»,- նշեց  «Ամերիաբանկի» անհատական ֆինանսական ծառայությունների եւ քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:

GTW եռօրյա միջոցառումների շարքում ելույթով ներկայացավ «Ամերիաբանկի» թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Ժորժիկ Գրիգորյանը՝ բացահայտելով խնդիրների լուծման մարդակենտրոն եղանակը։ Նա նշեց, որ «Ամերիաբանկը», լինելով մարդակենտրոն միջավայր, անցնելով թվային տրանսֆորմացիայի ճանապարհով ու ներդնելով թվային էկոհամակարգեր, չի մոռանում, որ ցանկացած տեխնոլոգիայի կամ նորարարության կենտրոնում միեւնույն է մարդն է։

«Ամերիաբանկի» զարգացման եւ վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն էլ որպես բանախոս մասնակցեց «Տեխնոլոգիաները, աշխատանքի ներկան եւ աշխատաշուկան. բացերն ու հնարավորությունները: IT-ն միայն ծրագրավորողները չեն» խորագրով քննարկմանը՝ կիսվելով աշխատաշուկայի զարգացման գլոբալ տենդենցներով ու «Ամերիայի» մոտեցումներով։

«Ժամանակակից թվայնացման աշխարհում՝ նոր հարթակներում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս անվտանգության հետ կապված: Մենք, կարեւորելով հաճախորդների տվյալների անվտանգությունը, ամենօրյա ռեժիմով հետեւում եւ էկոհամակարգեր ներդնելիս նախապես բոլոր ռիսկերը կանխատեսում, գնահատում, կանխարգելում ենք»,- անդրադառնալով GTW շրջանակում «Ամերիաբանկի» հովանավորությամբ անցկացվող կիբերանվտանգության հաքաթոնին` ասաց Ամերիաբանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Գնել Ասատրյանը:

«Ամերիաբանկը» նաեւ մասնակցեց Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում ծավալված աշխատանքի տոնավաճառին։ Երկու օր շարունակ Tech Week-ի այցելուները հնարավորություն ունեին ամերիացիներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը թափուր աշխատատեղերի մասին կամ պարզապես համեղ խնձոր ու կոնֆետ ճաշակելու, ինչպես նաեւ` փորձելու ուժերը շախմատում։

 

 




Լրահոս