ՏԻԳՐԱՆԻԿՍ ՉՈՒԽԱ ՉՈՒՆԻ, ՀԱՆԴ Է ԳՆՈՒՄ ՈՏԱԲԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնակչության չարտագաղթած մասը երեկ գրեթե բնական աղետին հավասար մի բանի պես ընդունեց աշնան անսպասելի վերափոխումը մոտալուտ ձմռան: Եւ մի քանի ամսով հոգսից թեթեւացած մարդիկ կրկին սարսռալով հիշեցին ձմռան ամիսներին իրենց սպասվող գազի վարձավճարների, տաք վերարկուների ու էլի շատ բաների «չկայի» մասին: Իսկ մինչ այդ կառավարությունը խիստ լավատեսական տրամադրություններով Բյուջե 2012-ի նախագիծ է կազմել եւ ուղարկել ԱԺ, որտեղ նոյեմբերի 1-ից կսկսվեն բյուջետային քննարկումները:Այդ կապակցությամբ զրուցեցինք տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող տնտեսագետների` ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:-Պարո՛ն Խաչատրյան, ՊԵԿ ղեկավարը, այսինքն` հավաքող հիմնարկի ղեկավարը, կասկած հայտնեց, թե հաջորդ տարվա բյուջեն կկատարվի: Ինչո՞վ եք դա պայմանավորում:-Խնդիրն այն է, որ պետք է բացատրեն, թե որտեղից են այդ հարկերը ավելացնելու, քանի որ իրականում հնարավոր չէ այդ հարկերը հավաքել: Այսինքն` հնարավոր է, բայց դրա արդյունքում կտուժեն այն միջին ու փոքր գործարարները, որոնք դեռ մնացել են` ի հեճուկս շարունակվող տնտեսական քաղաքականության, որի իմաստն այն է, որ պետությունը հովանավորում է խոշորներին` օլիգարխներին, մենաշնորհներին: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը պետք է հավաքեր բոլոր այն մարդկանց, որոնք գումարներ են աշխատում, եւ այն մարդկանց, որոնք հավաքում են, եւ ասեր, որ խաղի կանոնները փոխվել են, այսօրվանից հարկերը պետք է մուծեք պետական բյուջեին եւ ոչ թե «սեւ բյուջեին»: Բայց եթե այդ քաղաքականությունը չի փոխվում, ապա վտանգավոր է դառնում այսօրվա խաղի պայմաններում 101 միլիարդ ավել հավաքել: Եւ դա է պատճառը եղել, որ Խաչատրյան Գագիկն էլ էդպես է պատասխանել: Բայց նորմալ խաղի պայմաններում կարելի էր դրա կրկնակին ավելացնել, քանի որ տարբեր գնահատականներով` Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 60-70 տոկոսը: Հիմա այս բյուջեում սոցվճարներն ավելացնում են` կենսաթոշակնե~ր, նպաստնե~ր… կենսաթոշակային բազային գումարն ավելացնելու են 2500 դրամով, բայց ես համոզված եմ, որ այդպիսի հարկահավաքության արդյունքում գները էլ ավելի կբարձրանան:-Իսկ հնարավո՞ր է, որ սոցիալական պայթյունի վտանգ են զգում:-Այդ վտանգը միշտ կա, հենց էս պահին էլ կա: Բայց դա կախված է մեր քաղաքացիների հարմարվողականությունից կամ համբերությունից: Եւ հետո, հայտնի է, որ այդ կենսաթոշակներով կամ նպաստներով չեն ՀՀ քաղաքացիները ապրում ու կարողանում դիմանալ այսօրվա վիճակին, այլ դրսից եկող գումարների` բարեկամների, ընկերների հաշվին: Կենսաապահովման անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պետության կողմից տրվող գումարներն էական նշանակություն չունեն:-Ասում եք` փոքրերի «քթից են հանելու», այս անգամ ավելացվել են լեռնարդյունաբերության բնապահպանական վճարները:-Տեղյակ եմ, որ այդ փաթեթը քննարկվելու է կառավարության վաղվա նիստում եւ պետք է լինի ԱԺ հաջորդ նստաշրջանում, բայց նորից եմ ասում` դրանք էլի մեր վրա են բարդելու որպես քաղաքացիներ: Իսկ ինչ վերաբերում է լեռնամետալուրգներին, ապա այդտեղ վաղուց պետք է տարվեր այդ քաղաքականությունը, որովհետեւ գերշահույթներ են ստանում` կապված հատկապես համաշխարհային շուկայում գների փոփոխման հետ: Եւ այդ գերշահույթները տասնյակ տարիներ չեն գանձվել:-Մի կողմից ավելացնում են հարկերը, բայց մյուս կողմից էլ կառավարության որոշումներով վերջին 1.5 տարում մոտ 70 միլիարդ դրամի հարկային արտոնություններ են տրվել:-Դրա մասին ՀԲ ներկայացուցիչն էլ է նշել:-Այսինքն` աջ ձեռքը չի՞ իմանում, թե ինչ է անում ձախը:-Ինքը մտածում է, որ քանի դեռ ինքն է, հետո ինչ կլինի, կլինի, էլի: Եւ ընդհանրապես մեր իշխանությունները տենց են, անում են, հետո ինչ կլինի, գլուխը քարը: Դրա համար պետության մեջ ոչ մի տրամաբանություն չկա: Նայե՛ք չորս տարվա մեջ… սկզբից պանիր էին արտահանում կծու բիբարի ու չգիտեմ ինչի հետ, հետո պարզվեց` տեխնոպարկ ենք ստեղծելու, հետո ֆինանսական կենտրոն ենք դառնում… Ուզում եմ ասել` տարին մեկ կամ մի քանի անգամ տնտեսության մեջ ուղղությունը փոխվում է, ու չես հասկանում` ինչ են ուզում անել: Այսինքն` իրենք մտածում են ոչ թե իմ ու քո, այլ իրենց աթոռի մասին: Իսկ երկիրը դատարկվում է, ինչի մասին արդեն ադրբեջանցիներն են խոսում:-Պարո՛ն Բոստանջյան, շատերը` այս թվում եւ ՊԵԿ նախագահը, տարակուսում են, թե հաջորդ բյուջեն կարող է կատարվել, քանի որ աղբյուրները հայտնի չեն:-Չէ՛, ինչու՞, հայտնի են, պարզապես հավաքագրման առումով մենք չունենք այս պահի դրությամբ բոլոր մեխանիզմները, որոնք կարող են երաշխավորել այդ հավաքագրումը, բայց բոլոր դեպքերում այլընտրանք էլ չկա: Բոլոր պարագաներում հարյուր միլիարդը պետության համար մեծ գումար չէ, պետության առաջ կանգնած են բարդ խնդիրներ, առաջին հերթին սոցիալական: Ես կարծում եմ, որ եթե ներկայացրել են… ոչ մի կառավարություն հակված չէ ստեղծելու մի իրավիճակ, թեպետ մեկ տարվա կտրվածքով, որ հանկարծակի իրենք հայտնվեն դժվարությունների առաջ:-Այսինքն` կառավարությունը սուր զգացողությունների սիրահար չէ՞:-Դե դա հարցի այլ կողմն է, հակված չեմ դրա վերաբերյալ խոսելու, բայց բոլոր դեպքերում հասկանում եմ, որ սա պարտավորություն է` ոչ թե երկարաժամկետ, այլ մեկ տարվա կտրվածքով:-Ժողովուրդը լքում է երկիրը, հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ավելացումներով կանխում են սոցիալական պայթյունը կամ բունտը:-Դե ես տվյալ հարցի շուրջ կմտածեմ, որ իհարկե, մեր հնարավորություններից մենք չենք կարող դուրս գալ, բայց ունեցածի պայմաններում նպաստները, կենսաթոշակները, ճիշտ է, ոչ մեծ չափերով, պետք է բարձրանան: Կլինի՞ բավարար` վատ զարգացումները կասեցնելու համար, կյանքը ցույց կտա:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս