Հուլիսի 15-ին դատարանի դահլիճում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Դա տեղի է ունեցել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, որտեղ պետք է կայանային Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումներ։ Դատապաշտպանի ելույթի ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը:
Արմեն Գրիգորյանը 57 տարեկան էր, նա հայտնի էր հանրությանը Ուրախների եւ հնարամիտների «ԵրՄԻ» թիմում իր ելույթներով եւ Ռուսաստանում իր պրոդյուսերական գործունեությամբ։
Նշենք, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր:
Հայտնի պրոդյուսերի մահավան առթիվ իրենց խորին ցավակցություններն են հայտնել իրենց սոցցանցիի պաշտոնական էջերում հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները:
Այսպիսով՝ երգիչ Թաթան, անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը, գրել է ինստագրամի իր էջում տեղադրել է պրոդյուսերի լուսանկարն ու գրել․ «Մենք կորցրեցինք տաղանդավոր արվեստագետի եւ ընկերոջ։ Ցավակցում եմ Արմենի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին»։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է, որ խոսքերը կոկորդում խեղդվում են. «Հենց նոր մահացավ Արմեն Գրիգորյանը: Դատարանում:
Խոսքերս խեղդվեցին կոկորդումս: Յուրաքանչյուրս կարող էինք լինել նրա տեղում: Խաղաղ թող մնա հոգիդ Երկնքում(…..»:
Իսկ, ահա ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը արխիվային լօուսանկար է հրապարակել Արմեն Գրիգորյանի հետ եւ գրել.«Կարոտելու եմ քեզ մեծ ախպեր: Հպարտանում եմ, որ քո հետ մեծ աշխատանք ունեմ իրագործած»։
Դերասան Տիգան Ներսիսյանը նույնպես միանալով կոլեգաներին ցավակցական խոսքեր է գրել. «Արմեն ջան, Իմ լավ եղբայր, Գնաս Բարով: Երկու րոպե առաջ քո ժպիտը: Հավատալու չի, հ․գ․ սպանեցին Արմենին »:
Իսկ դերասան, հայ կատագերկու Վարդան Պետրոսյանը գրել է.«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության… Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…: Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն`ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։ Խորին ցավակցություններս` հարազատներին…»:
Լիդա Եղիազարյան