Երեկ Թուրքիայում գործող «Քալան մյուզիք» ձայնագրման անկախ ընկերությունը նոր տեսահոլովակ է հրապարակել, որում առաջին անգամ մեկտեղվել են արևմտահայերենը և հայոց լեզվի համշենյան բարբառը։
Պոլսահայ հայտնի երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ «Լուսի հատիկ» երգի երաժշտության հեղինակը Արի Հերկելն է։ Նրան է պատկանում նաև երգի գործիքավորումը։ Երգի արևմտահայերեն խոսքերը գրել է լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունին, իսկ Համշենի բարբառով խոսքերը գրառել է համշենցի մտավորական Մահիր Օզքանը, իսկ երգի տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլարի ղեկավարությամբ։
«Արեւմտահայերենով ու Համշենի բարբառով «Լուսի հատիկ» երգը մարդկությանն ուղղված բարության կոչ է։ Այս ստեղծագործության արտադրությունը ստանձնել է «Քալան» երաժշտական ընկերության YouTube-ի ալիքը։ Երգն ունի համապատասխան անգլերեն, արեւելահայերեն և թուրքերեն թարգմանված ենթագրեր, ինչպես նաև տեսահոլովակ ու ժեստերի լեզվով թարգմանություն։ Այս երգը, միավորելով նույն լեզվի երկու տարբեր դրսևորումներ, ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ արևմտահայերենն ու Համշենի բարբառը, չնայած նույն տարածքում ապրելով և իրարից հեռու մնալով հանդերձ, ինչքան հարազատ են միմյանց։ Երգը նաև հիշեցնում է, որ այս երկու լեզուներն էլ գնահատվում են որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ»,-նշեց նա:
Նշենք, որ Սիբիլն իր հայկական ժողովրդական երաժշտության երգարվեստով արդեն միջազգային ճանաչում է վայելում։ Այշենուր Քոլիվարը յուրօրինակ կատարումներով մշակում է Սև ծովի արևելյան շրջանների բազմամշակութային արվեստը։
Մշակույթի այս երկու գործիչները «Լուսի հատիկ» երգով միասնաբար հույսի ձայն են փոխանցում` միաժամանակ գարնան զարթոնքը խառնելով Վարդավառի խանդավառությանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան