ՀԱՏԻՍԻ ԳԱԳԱԹԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ.

 

«1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է,  Հայաստանի տարածքի չորրորդական  հասակի 14 ռիոլիտային գմբեթաձեւ հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետեւել են օբսիդիանների եւ դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը եւ առաջացրել գմբեթաձեւ կառույց։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են եւ համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել են ավելի փոքր հրաբուխներ եւ ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր եւ լավային հոսքեր։

ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձեւ հրաբուխներ են, եւ որոնց կառուցվածքում առկա  են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին եւ ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։

  1. Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական եւ հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույլտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր եւ կարեւոր կառույցների դեպքում՝ նաեւ հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։

Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը, եւ մամուլի կողմից տարածված լուսանկարներում եւ տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ եւ ճանապարհաշինարարություն, ինչպես նաեւ հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները եւ շինարարության թույլտվությունը հրապարակվեն եւ դառնան հասանելի անկախ փորձաքննության համար»։

Լ. Ե.

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ ՉՈՒՆԻ

«Գնաճը գլոբալ երեւույթ է, այն շարունակվելու է մինչեւ տարվա վերջ եւ նաեւ 2023 թվականին»,-  նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Մեր նախարարությունը չունի եւ չի ունեցել գնաճը զսպելու գործիքակազմ: Մենք կարող ենք առաջարկել բարձրացնել թոշակները, նպաստները, որ մարդիկ սոցիալական զամբյուղին կարողանան մոտենալ: Բայց մենք ոչ թե պետք է գնաճի հետեւից վազենք, որ հասնենք հետեւից, այլ մեր ֆինանսատնտեսական ցուցանիշները պետք է թույլ տան, որ կարողանանք դրանց անդրադառնալ: Այս հարցի հասցեատերն ավելի շուտ ԿԲ-ն է: Գնաճի զսպման հարցը ԿԲ-ի տիրույթում է»,-ասել է նա:

 

Հարցին, թե նման սոցիալական պայմաններում, երբ գներն աճում են, կենսաթոշակները՝ ոչ, որքանով են արդարացված պարգեւավճարները, թանկարժեք մեքենաների գնումները, էկզոտիկ երկրներ գործուղումները, նախարարը պատասխանեց. «Ես էլ Հնդկաստան էի մեկնել: Երբ խոսում ենք ռեֆորմների մասին, չի կարող տեղի ունենալ ռեֆորմ, եւ դա հեծանիվ հորինելով անել: Պետք է նայել միջազգային փորձը, պետք է ունենալ այլ երկրների հետ նախարարությունների մակարդակով համագործակցություն, համաձայնագրեր: Եթե մենք փակվենք մեր քարանձավում եւ այնտեղից դուրս չգանք, մենք աշխարհից հետ կընկնենք եւ կդառնանք ուշացած ազգ: Ինչ վերաբերում է պատգամավորների պարգեւավճարներին, նաեւ ԱԺ-ի արդյունավետ աշխատանքի արդյունքում է հնարավոր փոփոխություններ իրականացնել: Իսկ պատգամավորների աշխատանքի գնահատականը թող տան ընտրողները»:

Նախարարը խոսել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կանխիկի շրջանառությունը սահմանափակող օրենքի դրույթների մասին. «Մենք ունենք 390 հազար թոշակառու, որոնք իրենց կենսաթոշակը ստանում են բանկային քարտերի միջոցով: Այստեղ մարտահրավերն այն է, որ ոչ բոլոր բանկերն են միացել այս ծրագրին, որովհետեւ սա սոցիալական պատասխանատվության ծրագիր է, եւ 5 տոկոսը բանկերը պետք է տան, 5 տոկոսը՝ կառավարությունը: Քաղաքացիները իրավունք ունեն իրենց բանկը փոխել եւ միանալ այն բանկին, որը միացել է այս ծրագրին: Ինչ վերաբերում է նրան, որ ամեն տեղ չէ, որ կան Pos-տերմինալներ, նախարարն ասաց, որ նման տերմինալների ծածկույթի մեծացումը կառավարության գերակայության համատեքստում է, ՊԵԿ-ն ու ԿԲ-ն ունեն ծրագիր մեծացնելու այդ տերմինալների կիրառելիությունը. «Ժամանակի ընթացքում ծածկույթը գնալով մեծանալու է»:

 

 




Լրահոս