Հայաստանում ADVANCE հետազոտական թիմը, ականավոր գիտնական Կարապետ Անդրանիկյանի գլխավորությամբ, թափոնների վերամշակման միջոցով արժեքավոր նյութերի ստացման ուղղությամբ հաջողություններ է գրանցել:
Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսահենք լուծումների կենտրոնի տնօրեն, ADVANCE հետազոտական թիմի գիտական ղեկավար, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը նշեց, որ պատրաստակամ է Հայաստանում գործընկեր գիտնականների հետ կիսվելու հետազոտությունների ու մենջմենթի բնագավառում ունեցած իր մեծ փորձով ու կապերով:
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ ու աշխատում եմ գիտական խմբի հետ: Այսօր գլոբալ առումով երկիր մոլորակը մարտահրավերների առաջ է կանգնած, բնական ռեսուրսների հնարավորությունը գնալով նվազում է, եւ մենք, որպես հասարակություն, պետք է արձագանքեք դրան: Մենք վերափոխման պրոցեսում ենք, որտեղ գիտնականները կարող են մեծ դեր ունենալ՝ գտնելով նոր լուծումներ, նոր աղբյուրներ: Ունենք բիոմասա, որը մենք կարող ենք օգտագործել՝ վերափոխելով այն էներգիայի, կենսապլաստիկի, կենսաբանորեն ակտիվ նյութերի, որոնք կարող են փոխարինել բնական ռեսուրսները: Հայաստանը բնական ռեսուրսներ չունի, բայց ունի ուղեղներ: Մենք այստեղ ենք, որ Հայաստանի համար մշակենք նոր տեխնոլոգիաներ, նպաստենք մասնագիտական ներուժի զարգացմանը»,-ասաց պրոֆեսորը:
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը տեղեկացրեց, որ մի քանի ամիս ուսումնասիրություններից հետո կենտրոնացան երեք թափոնների վրա՝ պանրի արտադրության արդյունքում առաջացող շիճուկը, գինու եւ գարեջրի արտադրության թափոնները:
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը տեղեկացրեց, որ դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում ձեւավորվել է գիտական խումբը, ստեղծվել է 2020 թվականին: Այն հարթակ է, որը հնարավորություն է տալիս ձեւավորել նոր հետազոտական ծրագրեր:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Հովիկ Փանոսյանը նշեց, որ շատ կարեւոր է մեզանում գիտահեն տնտեսության ստեղծումը: Նա համոզմունք հայտնեց, որ հետազոտական արդյունքներն իրապես թույլ կտան Հայաստանում ստեղծել, զարգացնել շրջանաձեւ կենսատնտեսությունը:
«Շրջանաձեւ կենսատնտեսություն ասելով՝ պետք է հասկանանք վերականգնվող ռեսուրսների սպառում՝ ի շահ տնտեսության, թափոնների վերամշակումն ու շրջանառումը, ինչը մի շարք խնդիրներ կլուծի: Այլ տիպի տնտեսություններում մարդը միայն անընդհատ սպառում է բնական ռեսուրսը, թափոնը արտանետում է: Մենք պետք է ստեղծենք այնպիսի տնտեսություն, որ թափոնը կրկին մտնի շրջանառության մեջ՝ լինելով հասարակության համար պիտանի արտադրություն»,-ասաց Հովիկ Փանոսյանը:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանի խոսքով՝ գիտելիքահեն տնտեսություն ձեւավորելը Հայաստանի համար կարեւոր հեռանկարային ճանապարհ է: «2020 թվականին, երբ հիմնադրվեց նախագիծը, նպատակն էր 2041 թվականին՝ Հայաստանի Հանրապետության 50-ամյակին, արդեն ունենալ գիտության վրա հիմնված տնտեսություն: Այդ համատեքստում ADVANCE ծրագիրը գալիս է կարիքները վերհանելու, այդ ուղղությամբ աշխատանքներ կատարելու: ԵՊՀ-ն ու Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը արդեն ինստիտուցիանալ մակարդակում համագործակցում են»,- հավելեց Երանուհի Մանուկյանը:
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամն առաջիկայում եւս կիրազեկի գիտական հետազոտություններին ուղղված նոր դրամաշնորհային ծրագրերի մասին:
ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԵԾԱՄՈՐՈՒՄ
Team Telecom Armenia-ն շահագործման հանձնեց գերհզոր NGN (Next Generation Network) ցանցը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը կառուցելու համար պահանջվել է 3 ամիս։ Կայծակնային արագության ինտերնետ ապահովող այս ցանցից այժմ կարող են օտվել Մեծամոր համայնքի ավելի քան 3000 բնակարանների բնակիչներ՝ միանալով Team-ի Cosmo փաթեթներին։ Ջերմուկ, Քաջարան, Հրազդան քաղաքներից ու Գնդեվազ գյուղից հետո սա Հայաստանում հինգերորդ բնակավայրն է, որն ամբողջովին վերազինվել է նորագույն ցանցով։ Առաջիկա ամիսներին կավարտվեն աշխատանքները նաեւ Արմավիր, Կապան ու Իջեւան քաղաքներում։ «Մեծամորը մեր երկրի արդյունաբերական ամենամեծ քաղաքներից մեկն է, որն ունի նաեւ տեխնոլոգիական ուղղությամբ զարգանալու պոտենցիալ։ Հուսով եմ՝ տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը խթան կդառնա քաղաքում ՏՏ ընկերությունների ստեղծման ու այդ ոլորտի մասնագետների ավելացման համար», – նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Մեծամոր քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի եւ սպասարկման կենտրոններ։ Ի դեպ, Մեծամոր քաղաքում արդեն գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոնը (հասցե՝ ք. Մեծամոր, 1-ին թաղամաս 24/2 շենք)։ NGN ցանց ունեցող համայնքների, ինչպես նաեւ Երեւանի Դավթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների բնակիչներին հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որոնց ինտերնետի արագությունը հասնում է մինչեւ 1000 Մբ/վ: Փաթեթները ներառում են նաեւ TEAM TV ծառայություն, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապ։
ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Այս մասին հրապարակում է արել թուրքական GazeteKars լրատվական կայքը. գրում է ermenihaber-ը։ Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ:
Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։ «Օրակարգ է եկել ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» եւ միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է GazeteKars-ը։ Նաեւ նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:
ՕԳՈՍՏՈՍԻՑ ՉԵՆ ԼԻՑՔԱՎՈՐՎԻ
Նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում է գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդներին ոչ թե գլխացավանքի մեջ է գցելու, այլ նրանց բառիս ուղիղ իմաստով կյանք է պարգեւելու:
Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Կառավարության որոշումն է, իսկ որոշող մարմինը՝ ի դեմս տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, խիստ է սահմանել՝ այս անգամ ամսաթվերը չեն փոխվելու, հետաձգումներ չեն լինելու:
Իրականում գազաբալոնների վկայագրման կարգավորումն ուժի մեջ է մտել 2022-նի փետրվարի 16-ին, եւ գազալցակայանները վկայականներ պետք է պահանջեին հենց այդ ժամանակվանից, սակայն դա չունենալու համար պատասխանատվություն չէր նախատեսվում: Օգոստոսի 1-ից, սակայն, առանց վկայագրի գազաբալոն ունեցող լցակայանն այդ մեքենան լիցքավորելու համար կտուգանվի, իսկ տրանսպորտային միջոցի սեփականատերը` ոչ։ Մեկ անգամ խախտում անելու դեպքում ընկերությունը կտուգանվի 200 հազար դրամով, կրկնվելու դեպքում տուգանքի գումարը կավելանա։
Հայաստանում գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման լիցենզավորված 2 տասնյակից ավելի ընկերություն է գործում: Նախարար Սանոսյանի վստահեցմամբ՝ այս պահին միայն Արմավիրի մարզն է, որ նման կայան չունի: Նա, ի դեպ, այսօր անձմաբ լիցենիզա հանձնեց Երեւանում նոր բացված գազաբալոնների ճնշափորձարկման կայաններին: Կայանի համահիմնադիր Էդգար Ղամբարյանն է նախարարին ներկայացնում բալոնների մաքրման ու փորձաքննության անցնելու գործընթացը: Բալոնները բարձր ճնշման տակ թե՛ մաքրվում, թե՛ մյուս բոլոր փուլերն են անցնում, ինչից հետո ընկերությունը վարորդին գազաբալոնի պիտանելիության մասին վկայագիր է տրամադրում:
Նորաբաց կայանն այս պահին 12 աշխատակից ունի, շուտով, սակայն, վստահեցնում է Ղամբարյանը, թիմը նոր աշխատակիցներով կհամալրեն՝ մեղմելու համար վարորդների բողոքն ու անվերջ թվացող հերթերը: Անգամ երկու հերթափոխով կարող ենք աշխատել, շեշտում է կայանի համահիմնադիրն ու հստակեցնում՝ օրական մինչեւ 60 գազաբալոն կարող են փորձաքննության ենթարկել: Գազաբալոնների լցաճնշակայանները, բալոնը փորձաքննության ենթարկելուց հետո տվյալները հատուկ շտեմարաններ են մուտքագրվում, ինչի շնորհիվ ոստիկանները կարող են ստուգել՝ մեքենան վկայական ունի, թե ոչ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ