Իրավապահ համակարգերում կանանց ակտիվ մասնակցությունը ընտանիքում բռնության դեպքերի պատշաճ արձագանքի երաշխիքներից մեկն է․ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նախաձեռնությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը, խնդրի կանխարգելմանն ուղղված պետական ծրագրերը, ինչպես նաև ներկայացնել օրենսդրական առաջարկներ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, դեպքերի արագ արձագանքման և արդյունավետ կանխարգելման մեխանիզմների բարելավման նպատակով:

Պաշտպանն իր խոսքում ներկայացրել է ՄԻՊ հաստատության աշխատանքն ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ, շեշտել է կանխարգելման կարևորությունը և այդ նպատակով նախանշել է մի քանի առաջարկություններ մասնավորապես քրեական օրենսդրության բարեփոխման, որը կնախատեսի ընտանեկան բռնության հանցագործությունն ավելի դիպուկ հասցեագրող և ավելի համապարփակ հասցեագրող հանցակազմ: Պաշտպանն առաջարկություն է ներկայացրել նաև կրթական և իրազեկման աշխատանքների կազմակերպման համար։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ իրավապահ համակարգերում կանանց ակտիվ մասնակցությունը, կանանց ակտիվ ներգրավումը տեսնում է որպես ընտանիքում բռնության դեպքերի պատշաճ արձագանքի երաշխիքներից մեկը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ և փորձագետներ, կառավարության ներկայացուցիչներ, միջազգային հանրության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, գենդերային փորձագետներ և իրավաբաններ։




Լրահոս