ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հուլիսի 14-ին կազմակերպել էին «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը։ Հանդիպման նպատակն էր մասնակցային եւ համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը,  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթըրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերների եւ դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:

 

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը եւս անմասն չէ կրթության փոխակերպման հարցադրումների շուրջ գլոբալ երկխոսության գործընթացից։ «Պետությունը վճռական է՝ մասնակցային ժողովրդավարության ողջ գործիքակազմով շարունակելու ակտիվ երկխոսությունը հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ երիտասարդության հետ։ ՀՀ կառավարությունը կրթության ոլորտը հռչակել է առաջնահերթություն, եւ ներկայում ընթանում են արմատական բարեփոխումներ՝ կրթության բոլոր մակարդակներում. կատարվում են օրենսդրական լուրջ փոփոխություններ, իրականացվում լայնածավալ ներդրումային եւ զարգացման ծրագրեր՝ նպատակ ունենալով մեծացնել կրթության ներառականությունը, մատչելիությունն ու որակը։ Այդ առումով այս միջոցառումն անչափ կարեւոր նշանակություն ունի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին: «Անասելի կարեւոր է Հայաստանի հանձնառությունն ու առաջնորդությունը՝ իրականացնելու ազգային խորհրդակցություն՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին մասնակցությանը: «Աշխարհը կրթական ճգնաժամի մեջ է, որն արդեն առկա էր մինչեւ Քովիդը, իսկ համավարակի հետեւանքով էլ ավելի խորացավ: Այն առավել բացասական է ազդում ամենախոցելի երեխաների վրա՝ նպաստելով միջսերնդային աղքատությանն ու անհավասարություններին: Այդ իսկ պատճառով մենք պետք է արագ գործենք, որպեսզի յուրաքանչյուր երեխա վերադառնա դպրոց, որպեսզի նրանց ուսման եւ բարեկեցության վիճակը գնահատելու համակարգեր ունենանք, ինչպես նաեւ օգնենք, որպեսզի բաց թողածը լրացնեն»,- իր հերթին փաստել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին: Նա հավելել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը շարունակելու է ազգային խորհրդակցությունների շարքը՝ երիտասարդների մասնակցությամբ. «Երիտասարդներն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, եւ նրանց կարծիքը կարեւոր է»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հիմնական խնդիրներն ու նպատակները: Նա ընդգծել է, որ կրթության փոխակերպմանն ուղղված միջազգային դիսկուրսում առաջադրվող հարցադրումներից շատերն արդեն իսկ տեղ են գտել Կրթության ռազմավարության նախագծում եւ այլ փաստաթղթերում: Այդ համատեքստում փոխնախարարն ընդգծել է կրթության ֆինանսավորման աճը, կրթության թվայնացումը, գիտելիքին զուգահեռ հմտությունների կարեւորումը, աշխատաշուկայի հետ կապը, ինչպես նաեւ կրթական ծառայությունների հասանելիության ապահովումը: ՀՀ կառավարությունն առաջիկայում պետք է հաստատի նաեւ կրթության ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը, որի հանրային քննարկմանը կհրավիրվեն նաեւ այսօրվա հանդիպման մասնակիցները: Փոխնախարարը միաժամանակ կոչ է արել մինչ այդ հանդես գալ համապատասխան առաջարկություններով: «Վերափոխելով կրթությունը» ազգային խորհրդակցության թիմի ղեկավար Միքայել Հովհաննիսյանն իր հերթին ներկայացրել է հանդիպման օրակարգը եւ նպատակները։ Խորհրդակցության մասնակիցները ներգրավվել են աշխատանքային տարբեր խմբերում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հարցերի իր շրջանակը՝ պայմանավորված հետեւյալ թեմատիկ ուղղություններով՝ ներառական, արդար, անվտանգ եւ առողջ դպրոցներ, ուսուցիչներ, ուսումնառություն, կյանքի, աշխատանքի եւ  կայուն զարգացման հմտություններ, թվային ուսումնառություն եւ փոխակերպում, կրթության ֆինանսավորում:

 

 

 

ԻՆՔՆԱԳԼՈՐՆԵՐԻՑ ՎՆԱՍՎԵԼ Է 38 ՀՈԳԻ

Ցանկացած հիմնախնդիր՝ հատկապես նոր առաջացող, պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն եւ վերլուծություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել փաստահեն որոշումներ՝ միտված մարդկանց առողջության պահպանմանը եւ անվտանգության ապահովմանը: Այս մասին նշվում է ԵՊԲՀ հայտարարության մեջ։

 

«Ինչպես արդեն անդրադարձել ենք, ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանն ուղղված ռազմավարական գործիքներից է՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների մշտադիտարկման, այդ թվում՝ վնասվածքների ստացմանը կամ դրանց բացակայությանը նպաստող գործոնների բացահայտմանն ուղղված կանոնավոր գործող համակարգի (ռեգիստրի) առկայությունը: «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է ինքնագլոր եւ այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետեւանքով՝ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքով դիմած անձանց վիճակագրությունը, որը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում ստանալ խնդրի արդիականության եւ որոշ առանձնահատկությունների մասին:

Այսպես, սույն թվականի մարտի 1-ից մինչեւ հուլիսը 1-ը ընկած ժամանակահատվածում հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն եւ սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական եւ իգական սեռի ներկայացուցիչների: Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ եւս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորին բախվելու հետեւանքով: Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ նաեւ փոխադրամիջոցները վարող անձինք եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30, իսկ 32%-ը 30 եւ բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ: Կարեւոր նշանակություն ունի վնասվածքների բնույթի նկարագիրը, համաձայն որի՝ տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի մոտ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի: Հոսպիտալացում պահանջվել է 2 դեպքում, մնացած բոլորը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն եւ չեն հոսպիտալացվել: Վերոնշյալ տվյալները, որոնք ներկայացնում են միայն մեկ հիվանդանոցային համալիրում գրանցված դեպքերը, ակնհայտորեն վկայում են ինքնագլորների վարելու հետեւանքով առաջացող էական առողջապահական խնդիրների մասին, որոնք կարիք ունեն կարգավորման, ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակներում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԱՁ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Պարգեւ Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում եւ հանրային սննդի կետում: Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ հանրային սննդի կետում արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ: Իսկ հացի արտադրամասում ձեւավորման սեղանները չեն ունեցել հարթ մակերեսներ, կենցաղային հատվածները, բոլոր սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման: Երկու տեղում էլ աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանիչ հագուստ: Անհատ ձեռնարկատեր Պարգեւ Մկրտչյանին պատկանող հացի արտադրության եւ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 

 




Լրահոս