Ազգագրական երգեր կատարող Աղասի Իսպիրյանի հետ ArmLur.am-ը զրուցել է առաջիկա անելիքների եւ որդու՝ Տարոն Իսպիրյանի մասին, որը նույնպես փորձում է շարունակել Իսպիրյանների ազգային գենը:
«Տղաս արդեն սկսում է իր հստակ քայլերն անել հայկական երգարվեստում: Այս պահին որդուս հետ նոր գործ ենք պատրաստում, այժմ ձայնագրման եւ տեսահոլովակի պատրաստման աշխատանքների փուլում ենք: Երգը, բնականաբար, լինելու մեզ բնորոշ ազգային ժանրի մեջ: Միասին արդեն իսկ ունենք դուետ, շուտով կլինեն նաեւ այլ երգեր: Իսկ ինչ վերաբերում է իմ ստեղծագործական գործունեությանը, ապա ասեմ, որ հոկտեմբեր ամսին հրավեր ունենք Ֆրանսիայից՝ բարեգործական համերգի շրջանականերում հանդես գալու, որի ողջ հասույթը նվիրվելու է մեր զոհված եւ վիրավոր հերոս տղաների ընտանիքներին, որից հետո դեկտեմբեր ամսին ունենք համերգային շրջագայություն դեպի Եվրոպա»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցին՝ եթե օրերից մի օր Տարոնը որոշի այլ ոճում, օրինակ՝ ռոք ժանրում հանդես գալ, ինչպե՞ս կարձագանքեք, Աղասի Իսպիրյանն ասաց, որ երբեք դեմ չի լինի, բայց դա իրենը չէ. «Ես միշտ ասում եմ, այլ ոճերում էլ փորձի, բայց ասում է. «հայրիկ, իմը չեն, կարծես շոգ լինի, բայց արեւին չտեսեմ, ես ինձ լիարժեք չեմ զգում, ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ իմ երգը իմ հոգուց է բխում, իմ պապերի, իմ հայրենիքի մասին եմ երգում»: Անկեղծ կլինեմ, ես երբեք դեմ չեմ եղել, որ երիտասարդները նոր ոճով են ձգտում հանդես գալ, նորամուծություններ են ուզում անել, հետաքրքիր մատուցել, բայց կարծում եմ՝ Տարոնի դեպքում դա եկել է գենետիկորեն, երբ նա դեռ 4-5 տարեկան էր, արդեն ինքնուս դհոլ էր նվագում, երգում էր, եւ այդ ժամանակվանից արդեն երեւում էր իր տաղանդը, որը ժառանգել է Ներսիկ հոպարից, հայրիկիցս: Նա ինքն է որոշել երգել ազգային ազգագրական երգեր, կարծում եմ՝ ինքը շատ լավ գիտակցում է, որ դա իրեն տրվել է ի վերուստ, եւ հենց այդ ժանրն է իր մոտ լավ ստացվում»:
ArmLur.am-ը, օգտվելով առիթից, նաեւ հետաքրքրվել է ամառային հանգստի մասին: Աղասի Իսպիրյանի խոսքով՝ նա նախընտրում է հանգստանալ հայրնեի հողում, Սեւանի ափին, իր ընտանիքի հետ միասին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՄՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՓՈՐՁ
«Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական եւ պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:
Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձեւով «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել եւ կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ՝ գերազանցապես կրկնվող վարչական հաստիքների կրճատման շնորհիվ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկմամբ նախատեսվում է էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները եւ նվազեցնել կախվածությունը՝ պետական բյուջեից: Նախաձեռնության նպատակն է նաեւ էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության եւ պարի հանրային վարկանիշը: Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, եւ վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն: Միաձուլումը կնպաստի հայկական ժողովրդական ժանրում միասնական քաղաքականության արդյունավետ կիրառմանը: Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական խմբեր, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի համակարգմամբ. դրանք են՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթը» եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, եւ պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում: Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ԱՌԱՋԱՐԿ՝ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում: Այս երկրի ակումբներից մեկը 300 միլիոն եվրոյի սուպեր առաջարկ է արել պորտուգալացուն։ Տրանսֆերի վրա նախատեսվում է ծախսել 30 մլն, միջնորդներին վճարումների համար՝ 20 մլն, իսկ Ռոնալդուն 2 մրցաշրջանում երաշխավորված կստանա 250 մլն։
ՏԽՈՒՐ ԵՐԵԿՈ Է
«Չեմպիոնների լիգայի» որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում մրցեց ռումինական «Կլուժի» հետ եւ հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում՝ դուրս գալով հաջորդ փուլ: Հանդիպումից հետո ռումինական ակումբի մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել սոցցանցերի իրենց էջերում. «Տխուր երեկո է։ Պայքարը շարունակում ենք Կոնֆերենցիաների լիգայում»։ Հիշեցնենք՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Դավիդ Յուրչենկոն երկու հարված հետ մղեց, ինչի շնորհիվ, Հայաստանի չեմպիոնը դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ: Հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։
ՏԵՂԱՓՈԽՈՒՄ՝ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն անդրարձել է ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանի հնարավոր տեղափոխությանն այլ երկիր: «Նախ՝ թույլ տվեք միանգամից հերքել Ծանրամարտի ֆեդերացիայի կողմից մեր ծանրորդներից մեկի՝ այլ երկրի ծանրամարտի հավաքականին «փոխանցելու» իրավունքը: Խնդիրը հետեւյալն է. մրցակարգի համաձայն՝ Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններում ամեն երկիր նույն քաշային կարգում կարող է ներկայանալ երկուական մարզիկով: Ի ուրախություն մեզ՝ մենք գերծանր քաշային կարգում ունենք գրեթե հավասարազոր ուժերի եւ հնարավորությունների երեք տիտղոսակիր մարզիկներ՝ Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան եւ Սիմոն Մարտիրոսյան: Նման պարագայում մարզիկներից մեկը կա՛մ պիտի փոխի քաշային կարգը, ինչը գրեթե անհնար է, կա՛մ ավարտի կարիերան: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ծանրորդի համար՝ ազգային ֆեդերացիայի թույլատրումն է նրան՝ հանդես գալ այլ երկրի հավաքականում՝ շանս ընձեռելով մարզիկին շարունակել իր կարիերան: Այժմ դեռ շատ վաղ է հնչեցնել անուններ, քանզի այս աշնանը անցկացվող ուսումնամարզական հավաքից հետո միայն գերծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկների անհատական ցուցանիշների հիման վրա պարզ կդառնա 3-րդ տեղը զբաղեցնող մարզիկի անուն-ազգանունը: Եվ միայն դրանից հետո մարզիկն ու ծանրամարտի ֆեդերացիան կքննարկեն մարզիկի՝ այլ հավաքականում հանդես գալու իրավունքը»,-հայտնել է Ռոստոմյանը: