Հայաստանում 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձեւավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն 12 հայց է ուղարկել դատարան, վարչությունը դեռ ուսումնասիրում է 330 գործ. այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում համապատասխան վարչության ձեւավորմամբ: ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ներդրվել է մի նոր ինստիտուտ, որը միջազգային իրավական պրակտիկայում կոչվում է առանց դատավճռի բռնագանձում: Այսինքն՝ այս բռնագանձումը քաղաքացիական բռնագանձումը, ըստ էության, պարտադիր չէ, որ որեւէ կապ ունենա քրեական վարույթի, քրեական գործի հետ»,-ասաց Քոչարյանը:
Վարչությունն այժմ գործում է 9 դատախազի եւ 9 տնտեսագետի թվակազմով: Քոչարյանի խոսքով՝ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, քանի որ գործերի քանակը գնալով ավելանում է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց առ այսօր վարչությունում ստացվել են 574 անձի վերաբերյալ 345 նյութեր քրեական գործերից, օպերատիվ հետախուզական մարմիններից: Այդ 574 անձի վերաբերյալ գործերից վարչությունում որոշում է կայացվել ուսումնասիրություններ սկսել 342-ով: Այսինքն՝ 230 անձի վերաբերյալ ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի գույք չկա, եւ ուսումնասիրություն առհասարակ չի սկսվել: Այդ 342 ուսումնասիրություններից այս պահի դրությամբ վերջնարդյունքին հասել են, եւ հայց է հարուցվել քաղաքացիական դատարան ընդամենը 12 գործով: Ունենք 330 ընթացիկ ակտիվ ուսումնասիրություններ»,-ասաց Քոչարյանը:
2020 թվականի սեպտեմբերից ի վեր 213 միջնորդություն է ներկայացվել դատարան՝ բանկային, ապահովագրական եւ այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու խնդրանքով, ինչպես նաեւ հայցի նախնական ապահովումներ կիրառելու խնդրանքներով: Այդ 213 միջնորդություններից 185-ով ստացվել են որոշումներ, մեծամասնությամբ բավարարվել են: Անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 80-ից ավելի փորձաքննություններ են նշանակվել հայտնաբերված գույքերի շուկայական արժեքների, դրանց վրա կատարված ծախսերի, ներդրումների պարզման, հաշվարկման համար: «25 գործով հայցի նախնական ապահովումներ է կիրառվել, այսինքն` օրենքը թույլ է տալիս, որ սառեցվի, արգելադրվի այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը հետագայում ակնկալվում է հայցապահանջով մտնել դատարան եւ բռնագանձել: Այդ 25 նախնական ապահովումներով արգելանք է դրվել շուրջ 260 անշարժ եւ շարժական գույքերի վրա, 53 իրավաբանական անձանցով մասնակցությունների վրա, նաեւ ավելի քան 42 մլրդ դրամի չափով դրամական պահանջով: Այդ 25 գործերից արդեն 12-ը դատարանում են, այսինքն` իրենց վերջնական փուլում են, հայց է հարուցվել»,-ասաց վարչության ավագ դատախազը:
Միայն դատարան գնացած 12 գործերով պետության՝ ի դեմս վարչության՝ բռնագանձման պահանջը կազմում է շուրջ 200 անշարժ եւ շարժական գույքեր, 21 մասնակցություններ իրավաբանական անձանց եւ շուրջ 21 մլրդ դրամ չափով գումար: «Այս ամենը, դրամական համարժեքի վերածած, իրենց շուկայական արժեքներով հասնում են մոտ 70 մլրդ դրամի, որտեղ հաշվարված չեն մասնակցություններն իրավաբանական անձանց, որովհետեւ ուսումնասիրության շրջանակում դեռեւս ելակետային տվյալների բավարար չլինելու պատճառով հնարավորություն չի եղել մեր կարծիքով ապօրինի իրավաբանական անձանց մասնակցությունների շուկայական արժեքները որոշել: Այսինքն՝ այդ 70 մլրդը էապես ավելի աճելու միտում ունի»,-ասաց Քոչարյանը:
Ն. Հ.
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
Հունիսի 14-ին մեկնարկած ուղեւորափոխադրումների ամառային սեզոնի առաջին ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը միջազգային հաղորդակցությունում փոխադրել է 7007 ուղեւոր: Այդ թիվն ավելի քան կրկնակի գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը։ 2021 թվականի ամառային փոխադրումների առաջին ամսվա ընթացքում միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 3218 ուղեւոր։
Ընդհանուր առմամբ փոխադրված ուղեւորներից 3832-ը օգտվել են Բաթումիի միջազգային գնացքի ծառայությունից, 3175-ը՝ Թբիլիսիից: Հայաստանի քաղաքացիների եւ զբոսաշրջիկների հարմարավետության համար այս տարի ամառային սեզոնին գործում է երկու առանձին գնացք. Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեւորափոխադրումը իրականացվում է շաբաթական հինգ օր, իսկ Երեւան-Բաթումի-Երեւան ուղեւորափոխադրումը գործում է շաբաթական երկու օր: Նշենք, որ, ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղեւոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։