Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին. ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում: 32 կմ երկարությամբ ճանապարհն ըստ երեւույթին ռուս խաղաղապահները կհսկեն, այստեղով կանցնի նաեւ Հայաստանից դեպի Արցախ գնացող գազատարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, վերջերս հայտարարել էր, որ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի շահագործումից հետո Աղավնոյի ու հարակից եւս երկու գյուղի բնակիչները ստիպված կլինեն լքել գյուղը ու բնակության այլ վայր տեղափոխվել։ Հանգամանքի հետ տեղացիները որեւէ կերպ չեն համակերպվում։ «Վարդավառի ու փառատոնի ենք պատրաստվում այս պահին»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Աղավնոյի Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ու հավելեց՝ նահանջելու կամ բնակավայրը լքելու որեւէ տրամադրություն կամ նպատակ չունեն։
Գյուղապետի փոխանցմամբ՝ գյուղացիների ոգին ամուր է, նրանցից եւ որեւէ մեկը գյուղը լքել չի պատրաստվում։ «Ինչպե՞ս պետք է վախեցնեն, զենքո՞վ»,- հարցնում է ու շեշտում՝ իրադարձությունների զարգացման եւ ամեն մի սցենարի էլ պատրաստ են։
-Պարո՛ն Չավուշյան, Դուք գիտե՞ք, որ հայտնի հայտարարությունից հետո, այլընտրանքային ճանապարհների շահագործումից հետո գյուղերը պետք է հանձնվեն եւ դատարկվեն: Ի՞նչ տրամադրություն է հիմա Ձեզ մոտ, գյուղացիների մոտ:
-Ավելի արմատացած դեպի պայքար, դեպի ոչ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Մեզ համար սովորական է, քան երբեւէ: Լուրջ չենք վերաբերվել ո՛չ իրեն, ո՛չ իր հայտարարություններին: Իսկ իր քայլերը հայանպաստ չեն: Իբրեւ վարչապետ, իբրեւ անձ, չենք հարգում, չնայած անձնական ոչին չկա: Այս պահին մենք զբաղված ենք մեր առօրյայով:
-Ի՞նչ եք անում, ի՞նչ առօրյայով եք հիմա զբաղված:
-Հիմա մենք 24-ին, 25-ին ունենք փառատոններ, դրա վրա ենք աշխատում:
-Ի՞նչ փառատոներ են:
-Վարդավառ, ունենք տոնավաճառի օրհներգ ամսի 25-ին ու այլ տարբեր տոներ:
-Հիմա՞ չեն եկել, Ձեզ չե՞ն զգուշացրել, որ այ այս ժամանակահատվածում պետք է լքեք գյուղը:
-Ոչ, ընդհանրապես: Ով կարող է իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը գա եւ ասի՝ լքեք գյուղը: Չնայած իրենք գիտեն, եթե լքող լինեինք, երկու տարի առաջ էլ լքած կլինեինք:
-Պարո՛ն Չավուշյան, բայց եթե բանը զենքի գործադրմանը հասնի, վախեցնեն, կրակեն, ի՞նչ եք անելու:
-Դե մենք խելք էլ չունենք, որ վախենանք: Այս ամեն ինչը տեսնելով՝ ո՞նց կարանք վախենանք: Եթե մենք արդար ենք, մեր իրավունքի եւ մեր երկրի տերն ենք, մե՞նք ումից պետք է վախենանք՝ ազերի՞ց, որ 30 տարի շարունակ վախեցել են մեզանից:
-Բայց իրավիճակ է փոխվել. նրանք ամեն մեթոդ բանեցնում են, ավելի ռացիոնալ պետք է լինել:
-Հասկանալի է, այո, ասենք ի՞նչ անել: Մահը մինն է, բայց չեմ ուզում անընդհատ մահից խոսել, մահը ոսոխինն է: Ի՞նչ պիտի անեն, զենքով պիտի գան: Թող գան, հո զոռով չի՞. թե որ զոռով է, ուրեմն բարին այդ է, դրանից հետո թող մտածեն ժողովուրդը:
-Այսինքն՝ ամեն ձեւով պատրաստվում եք ու պատրա՞ստ եք:
– Մենք պատրաստ ենք, պատրաստվում ենք եւ պատրաստվելու ենք: Ոչ, նման տրամադրություն չկա, ոչ ոքի ձեռնատու չի:
-Իսկ հիմա այդ ճանապարհին աշխատանքները շարունակվո՞ւմ են, Ձեզ տեսանելի՞ են:
-Նրանք տանում են աշխատանքները: Հայաստանի կողմն է, որ ոչինչ չի անում, թեեւ ժամանակը կգա, երբ նրանք էլ կսկսեն աշխատել:
-Հայկական կողմը կսկսի՞ աշխատել:
-Այո, վեցուկես կիլոմետր ճանապարհ: Դա մեզանով չի, ռուսները պետք է վերջնական ասեն երեւի: Գուցե առաքելությունով եկել է, գուցե դեռ ասելիք ու անելիք ունի: Տեսնում ենք շատ լուրջ լարվածություն միջազգային առումով:
ՎԿԱՅԱԳԻՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել: Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդների մի մասին գլխացավանքի մեջ է գցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդները պատրաստակամորեն մեքենան կայան են հասցնում, բայց գազաբալոնների լցաճնշակայանները հրաժարվում են սպասարկել գործանարային բալոն ունեցող մեքենաներին:
«Ժողովուրդը» օրաթերթը գազաբալոնների լցաճնշակայաններից տեղեկացավ՝ պատճառն այն է, որ գործարանային բալոնների վրա փորձաքննության ենթարկելուց հետո նոր փականներ կամ այլ դետալներ դնելու խնդիր է առաջանում, քանի որ դրանք հատուկ արտադրության են: Ու քանի որ լցաճնշակայաններում հիմնականում միատեսակ ու, այսպես ասած, ունիվերսալ դետալներ են կիրառվում, ապա գործարանային բալոնների համար լուծումներ գտնելը բարդ է, ավելի ճիշտ՝ անհնարին: Խնդրին Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են ու վստահեցնում են՝ առաջիկա օրերին նախարարությունն իր հարկի տակ կհավաքի վկայագիր տրամադրող բոլոր ընկերություններին՝ հասկանալու՝ հարցին ինչ լուծում տալ:
Նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանն է վստահեցնում. «Այո, նման խնդրի մենք էլ ենք ծանոթ ու այժմ մտածում ենք՝ ինչպիսի լուծումներ գտնել, ինչ անել: Առջիկա օրերին, կարծում եմ, լուծումներ կլինեն»: Գազաբալոնների վկայագրման օրենքը, հիշեցնենք, օգոստոսի 1-ից է ուժի մեջ մտնում, ու համաձայն դրա` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Ստացվում է՝ պարտաճանաչ վարորդը, որի մեքենան գործարանային արտադրության գազաբալոն ունի, վաղը, մյուս օրը գազ լիցքավորել չի կարողանալու զուտ այն պատճառով, որ վկայագիր տրամադրող կայանները սպասրակելուց հրաժարվել են: Եվ, փաստորեն, օրենքի թերի կարգավորումն ու դրա կիրառման հետ կապված խնդիրները ոչ միայն գլխացավանք են ստեղծելու վարորդների համար, այլ հավանական վեճերի պատճառ են դառնալու վարորդների ու գազալցակայանների աշխատակիցների միջեւ: Սա իշխանությունների հերթական անկատար ու թերի օրենքն է, ինչը գործի դնելուց հետո մեկ էլ պարզվում է, որ այն քաղաքացիներին խառնաշփոթի մեջ է գցում ու վեճի առարկա դառնում դրա շահառու քաղաքացիների համար: Տարաբնույթ օրենքներ մշակող իշխանավորները, ինչքան էլ հավատացնեն, թե մարդու շահերից բխող նորմեր են բանեցնում, ճիշտ կանեն ամեն ինչ բոլոր կողմերից ուսումնասիրեն, ապա նոր միայն օրենքը մարդկանց վզին փաթաթեն:
Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ՊԱՇՏՈՆ Է ՍՏԱՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական։ Բարսեղյանը, հիշեցնենք, Հայաստանում պետական կառավարման երկարամյա փորձ ունի, տարբեր պաշտոններ է զբաղեցրել եւ, պարզվում է, ազդեցիկ կապեր ունի նաեւ Պետերբուրգում: Տեղեկացանք, որ այս տարիների ընթացքում Բարսեղյանը իր նախկին ռուսական կապերի շնորհիվ մի շարք ծրագրեր է իրականացրել Հայստանում նաեւ հայկական բանակի համար: Ուշագրավն այն է, որ Վահրամ Բարսեղյանը համակարգելու է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հատուկ հանձնարարությունները, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը:
ԴԻՄԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնայնը դիմել է ՀՀ քննչական կոմիտեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքով եւ հետաքրքրվել քրեական գործի ընթացքի մասին: Արդյունքում Քննչական կոմիտեն պատասխանել է ԱԺ նախագահին, թե քրեական գործով ինչ քայլեր են արել, եւ ինչ փուլում է քրեական գործը: Այս պատասխանը ԱԺ նախագահը ուղարկել է Գերմանիայի Բունդեսթագին: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել: Մասնավորապես, Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ, եւ այլ կոնկրետ հարցադրումներ: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել…Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում»: