ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը թերեւս հայաստանյան ամենահարուստ պաշտոնյաներից է: Նշենք, որ Սինանյանը Հարավային Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի 72-րդ քաղաքապետն է եղել: 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին աջակցել է Նիկոլ Փաշինյանին:
ArmLur.am-ը ուսումնասիրել է Սինանյանի՝ ունեցվածքի ու դրամական միջոցների վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Սինանյանը նախորդ տարի Երեւանի կենտրոնում բնակարան է գնել: Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ Սինանյանի արժեթղթերը կազմել են 336 հազար դոլար, որոնք նա ձեռք է բերել 2004 թվականին: Գործարքի մյուս կողմը «Նեյշնլ լայֆ գրուպ» ընկերությունն է: Սինանյանը հայտարարագրել է, որ ունի 15 000 դոլարանոց ռոյալ: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 116 հազար 276 դոլար եւ 2 մլն 379 հազար դրամ: Պաշտոնյայի կանխիկ գումարն է ավելացել, եթե տարեսկզբին նա ունեցել է 20 000 դոլար, ապա տարեվերջին այն դարձել է 25 000 դոլար: Սինանյանի 2021 թվականի եկամուտը կազմել է 14 մլն 688 հազար դրամ եւ 63 հազար 749 դոլար: Պաշտոնյան ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել: Նրա ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 224 հազար դրամ, որը ստացել է վարչապետի աշխատակազմից: Իսկ Internal Revenue Service-ից նա ստացել է 41 հազար 777 դոլար, FTB-ից՝ 21 հազար 972 դոլարի եկամուտ:
Ի դեպ, 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ Սինանյանը «Անուր» ընկերությանը 284 մլն 403 հազար դրամի չափով փոխառություն է տվել:
Կինը՝ Լորի Սինանյանը, 2019 թվականին այդ տարվա արտադրության Honda մակնիշի ավտոմեքենա է գնել: Նա նույնպես 343 հազար 666 դոլարի արժեթղթեր է հայտարարագրել: Բանկային հաշվին առկա գումարը կազմել է 421 հազար դոլար եւ 50 մլն 812 դրամ: Նախորդ տարվա սկզբին Լորի Սինանյանի կանխիկ գումարը կազմել է 5000 դոլար, սակայն տարեվերջին նա կանխիկ չի ունեցել:
Նախորդ տարվա ընթացքում 5 վայրից աշխատավարձ է ստացել, որն ընդհանուր կազմել է 91 հազար 645 դոլար: Պաշտոնյայի կինը եւս ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:
Զարեհ Սինանյանի մայրը՝ Հերսիլե Սինանյանը, Գլենդել քաղաքում առանձնատուն ունի, բացի այս, մեկ ավտոկայանատեղի եւ մեկ բնակարան էլ՝ Երեւանի Կենտրոնում, իսկ մեկ հողամաս էլ՝ Արագածոտնի մարզի Ուշի համայնքում: Մայր Սինանյանի արժեթղթերը կազմել են 386 հազար դոլար: 2020 թվականի վերջին բանկում ունեցած նրա ավանդը կազմել է 82 հազար 842 դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ Սինանյանի մայրը 687 հազար 500 դոլարով վաճառել է Գլենդելի առանձնատունը: Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հերսիլե Սինանյանն ԱՄՆ կառավարությունից տարեկան ստացել է 17 հազար 725 դոլարի չափով կենսաթոշակ, իսկ Հայաստանում նրա ստացած կենսաթոշակը կազմել է ընդհանուր 432 հազար դրամ: Բացի այս, նա «Ֆիդելիթի Ինվեստմենտ» ներդրումային ընկերությունից ստացել է 107 հազար դոլարի չափ եկամուտ:
Հայրը՝ Նուրան Սինանյանը, Երեւանի կենտրոնում բնակարանի եւ ավտոկայանատեղի համասեփականատեր է: Բացի այս, նրա արժեթղթերը կազմել են 143 հազար դոլար, որոնք նա ձեռք է բերել 2019 թվականին, իսկ գործարքի մյուս կողմը «Ալիանս» ներդրումային ընկերությունն է: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 74 հազար դրամ, կանխիկ գումարի չափ չի հայտարարագրել: Հայր Սինանյանը ԱՄՆ կառավարությունից ստացել է 21 հազար 646 դոլարի կենսաթոշակ, իսկ 477 հազար դրամ՝ ՀՀ կառավարությունից: «Ալիանս» ներդրումային ընկերությունից Նուրան Սինանյանի ստացած եկամուտը կազմել է 27 հազար 387 դոլար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաեւ նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում եւ այլն։ Կամավորների աշխատանքի մեջ ներառվում են հետեւյալ կետերը՝ hամայնքային կամավորների տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների եւ հասցեների (ներառյալ էլփոստի հասցեների) ցուցակի պատրաստում, թարմացում եւ պահպանում:
ՀԴՄ-ՈՎ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։ Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առեւտրային բանկին՝ «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ին կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։ Վերջիններս ստացված դիմումների հիման վրա ընթացք կտան դիմումում նշված ՀԴՄ-ի անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացմանը։
ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՍՏԻՃԱՆԸ
Թեհրանում Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահն ասել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը ապաարգելափակելու համար Արեւմուտքը պետք է մեղմացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ըստ ՌԴ ղեկավարի՝ դրանից է կախված է որոշ երկրներում սովի սպառնալիքի աստիճանը։ Պուտինը ասել է, որ Թուրքիան եւ անձամբ նախագահ Էրդողանը «շատ բան արեցին ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնության գալու համար»:
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԿՀԱՐՑԱՔՆՆՎԵՆ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը դիմել է Արմավիր քրեակատարողական հիմնարկին եւ կոնկրետ փաստաթղթեր պահանջել Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրների եւ խցում գտնվելու պայմանների մասով: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը կհարցաքննի քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողերին հասկանալու համար, թե Արմեն Գրգորյանին քրեակատարողական հիմնարկում ճնշումը չափել են, առողջական վիճակը ստուգել են եւ նոր ուղարկել են դատարան:
Ըստ էության, իրավապահ համակարգը կփորձի այս քննության ընթացքում հասկանալ, թե բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու ոերւէ հանգամանք կա, թե ոչ, սակայն հիմնական հարցը կմնա օդից կախված: Այսինքն՝ իրավապահների համար քննության առարկա չի դառնա ամենակարեւոր հարցը՝ արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15-ին դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է: Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգիրք 187-րդ հոդվածով։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։
ԴԵՊՔ ՍՊԻՏԱԿՈՒՄ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ քաղաքում 28 տարեկան աղջիկը տանը վիճել է սկեսրոջ հետ, որից հետո նրան տանից դուրս են հանել: Արդյունքում 28 տարեկան կինը Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1/9 հասցեի դիմացի կամրջից փորձել է ցած նետվել, սակայն տարածքը հսկող ոստիկանների կողմից կանխվել է կնոջ գործողությունները: