Սեպտեմբերի 5-10-ին Հայաստանը վերածվելու է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների ու արվեստի գործիչների միավորող հարթակի՝ հյուրընկալելով STARMUS միջազգային փառատոնը։ Գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia ընկերությունը հայտարարել է STARMUS փառատոնի հետ համագործակցության մասին։
«Աջակցելով Starmus-ին՝ մենք աջակցում ենք մեր երկրում գիտության հանրայնացմանն ու ոգեշնչում երիտասարդներին՝ ավելի ակտիվ ու համարձակ քայլեր անելու։ Հուսով եմ, որ այս փառատոնը կդառնա անկախ Հայաստանում գիտության վերածնունդի խորհրդանշական իրադարձություններից մեկը՝ ապագայում վերականգնելով աստղագիտության ոլորտում ունեցած մեր համբավը»,- նշեց Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Փառատոնը Հայաստանում կրելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը եւ նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ «Ողջունում եմ Team Telecom Armenia ընկերությանը մեր փառատոնի շրջանակներում եւ որպես հայ ուրախ եմ միջազգային գործընկերների թվում ունենալ առաջին հայաստանյան ընկերությունը, որը միացել է փառատոնին որպես հիմնական գործընկերներից մեկը՝ կարեւորելով գիտության հանրայնացումը Հայաստանի համար։ STARMUS-ը աննախադեպ միջազգային իրադարձություն է եւ այստեղ՝ Հայաստանում, մենք գիտության տոն ենք պարգեւելու հանրությանն ու հյուրերին»,- խոսելով համագործակցության մեկնարկի մասին՝ ասաց STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։
Միջոցառումներին Հայաստանում մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր։ Փառատոնի ծրագրում (starmus.com/Armenia) նախատեսվում են համագումարներ ու գիտաժողովներ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երեւանից դուրս։
STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից եւ 2011 թվականից անց է կացվել Իսպանիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ եւ խոսնակներ է ունենում։
ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ անցկացվել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման եռամսյա դասընթացը։ Ամփոփվել են դասընթացի արդյունքները. այն հաջողությամբ ավարտած 79 մասնակցի հանձնվել են ավարտական վկայականներ։
Իր ելույթում ընդգծելով սոցիալական աշխատողի գործունեության կարեւորությունը՝ Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին այն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ եւ նշել, որ նախարարությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ վերջիններիս մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացման ուղղությամբ։
«Միասնական սոցիալական ծառայության զարգացման ընթացքում մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի լիարժեք կայացում, որի հաջողության երաշխիքներից մեկը համակարգում պատրաստված, բանիմաց եւ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողներ ունենալն է։ Վստահ եմ, որ այս եւ նմանատիպ վերապատրաստման դասընթացների արդյունքում ձեռքբերած նոր գիտելիքը էապես կնպաստի սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատանքի լիարժեք իրականացմանը»,- նշել է նախարարը։
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր ողջույնի խոսքում առանձնակի կարեւորել է սոցիալական աշխատողների դերը խոցելի խմբերին պատկանող ընտանիքներին եւ երեխաներին աջակցություն տրամադրելու գործում։ Վայգանդի խոսքով՝ բացի վերոնշյալ դասընթացից, նախարարության հետ համագործակցությամբ Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից ներածական դասընթացներ են կազմակերպվել շուրջ 1000 աշխատակցի համար, որի ավարտից հետո առավել խորացված ուսուցման գործընթաց կիրականացվի Համաշխարհային բանկի աջակցությամբ։
Մյուս բանախոսները եւս, շնորհավորելով դասընթացի մասնակիցներին, վստահություն են հայտնել, որ ուսուցման գործընթացի շրջանակում ստացած գիտելիքն ու հմտությունները կշարունակեն ծառայել՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացիների, եւ էական փոփոխություններ կարձանագրեն սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում։