Երեկ Հայաստանում լույս տեսնող թերթերի խմբագիրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հակասահմանադրական են ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը:
ՀԱՐՑ. Այսքանից հետո ի՞նչ վերաբերմունք ունեք «զրպարտություն» եւ «վիրավորանք» տերմինների օգտագործմամբ ներկայացված հայցերի մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա իրավական դաշտի խնդիր է: Ես չեմ կարող ուղղորդել կամ կանխակալ կարծիք հայտնել այս առնչությամբ: Դատարանն ունի իր հստակ ժամկետները եւ պետք է այդ ընթացքում իր որոշումը կայացնի: Դատարանն իր գործողությունները չի պայմանավորում ՍԴ սպասվելիք որոշման հետ: Ինչ վերաբերում է ՄԻՊ կողմից ՍԴ դիմելուն, ապա նույն Կարեն Անդրեասյանն էլ է բազմիցս նշել, թե սա կատարյալ օրենք է, եվրոպական չափանիշներին համապատասխան, այլ բան, թե այս օրենքն ինչպես է կիրառվում դատարանների կողմից: Եթե խնդիրներ կան, ապա դրանք պետք է դիտել այդ դաշտում:
Հովհաննես Սահակյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ինքս` որպես նախկին լրագրող, միանշանակ կողմ եմ, որ Հայաստանում կայանա ազատ եւ անկախ մամուլը, քանի որ մամուլը հարգում է էթիկայի նորմերը եւ միշտ չէ, որ անցնում է էթիկայի սահմանները: Մեզ մնում է սպասել, թե ինչ վճիռ կկայացնի ՀՀ Սահմանադրական դատարանը:
Նաիրա Զոհրաբյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ չեմ կարդացել թերթերի խմբագիրների կողմից տարածած հայտարարությունը, բայց խորհուրդ եմ տալիս ձեզ հանել Ազգային Ժողովի իմ ելույթը, քանի որ ես մնում եմ նույն կարծիքին:
Արծվիկ Մինասյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ ազգային կոնգրեսն արդեն իր վերաբերմունքը հայտնել է լրատվամիջոցների դեմ սանձազերծված այդ դատական հայցերի վերաբերյալ: Ընդ որում, Կոնգրեսն իր դիրքորոշումն արտահայտել է իշխանությունների առաջ դրված 8 կետանոց պահանջներում: Հիշեցնեմ. «Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան»։
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ