ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 54

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019-ի մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ Նոր Հայաստանի» մասին» հայտարարությունների շրջանակում խոսում էր «խելացի անասնագոմերից» ու ոգեւորում այս ոլորտով հետաքրքրված ֆերմերներին:

«Փոքր եւ միջին «խելացի անասնաշենքերի» կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի, սահմանամերձ գյուղերի դեպքում ետվերադարձը կկազմի 70 տոկոս»,- նշում էր նա:

Առաջին հայացքից առաջարկը հրապուրիչ է, սակայն անցած 3 տարիներին այս ծրագրով կառուցվել է ընդամենը 39 անասնաշենք` նախատեսված 230-ի փոխարեն, ընդ որում՝ պաշտոնական տվյալներով՝ կառուցված 39-ից մի քանիսն էլ այս պահին չեն գործում:

Պետական աջակցությամբ անասնագոմ կառուցած ֆերմերները հակառակ պնդումն են անում: «Ազատություն» ռադիոկայանին, օրինակ, գործարարներից մեկը պատմել է, որ հաշվարկներ է արել ու եզրակացրել`«խելացի անասնագոմ» կառուցելու մասին պետության առաջարկը մեծամասամբ ձեռք չի տալիս։ Խնդիրն այն է, որ գյուղացին նախապես պետք է գրպանում բավարար գումար ունենա` շենքի նախագիծ պատվիրելու, լիցենզավորված կազմակերպությունների միջոցով շինարարություն սկսելու եւ մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու համար։

«Ի՞նչ է ասում պետությունը. ասում է՝ «եթե դու գնաս սարքես կամ թղթերը տաս, որ դու սարքել ես, ես դրա 50 տոկոս փողը կտամ»։ Բայց եթե մարդը սարքի գոմը, իրա վրա նստում է 5 միլիոն։ Եթե թղթերով է սարքում, իրա վրա նստում է 8 միլիոն։ Այսինքն՝ ես փող ունեմ 5 միլիոն, ես իմ գոմը կսարքեմ 5 միլիոնով, գյուղացին սենց է մտածում, քան 10 միլիոն ծախսեմ, եւ պետությունը 5 միլիոնը տա, բայց պտի էդ 10 միլիոնը մարդը ունենա», – ասել է գործարարը։

Ստացվում է՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար անհրաժեշտ գումարի 50 կամ 70 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու մասին վարչապետի հայտարարությունը եւս մեկ սուտ է, չիրականացած կամ թերակատարված ծրագիր:

 

 

 

Այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին կհավաքվեն՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է: Նշենք, որ նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: Ուշագրավ է, սակայն, որ Ազգային ժողովն արդեն արձակուրդում է գտնվում: Դրանից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել, որով պատգամավորներին արձակուրդ էր տրամադրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին այդ նիստին ներկայություն ապահովելու նպատակով: Որոշման մեջ ասվում է. «Ազգային ժողովի խորհրդի անդամներին մեկ օրով՝ 2022 թվականի հուլիսի 22-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ 2022 թվականի հուլիսի 25-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդի մնացած մասը»: Հավելենք, սակայն, որ ընդդիմադիրները՝ Թագուհի Թովմասյանը, Հայկ Մամիջանյանը, Սեյրան Օհանյանը, խորհրդի նիստին, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի, թեեւ, նախորդ մեր համարներում գրել էինք, իշխող ՔՊ-ն էլ չի գնա մանդատներից ընդդիմությանը զրկելու ճանապարհով. եվրոպական կողմից վատ արձագանք է եղել այդ մտադրության առիթով: Սցենարները երեքն են՝ կա՛մ ՔՊ-ն առհասարակ ՍԴ չի դիմի, կա՛մ դատարանն այդ դիմումները չի բավարարի, կա՛մ էլ կբավարարի մասնակի մի  քանի պատգամավորների աչքը վախեցնելու համար ընդամենը:

 

 

 

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իր որոշմամբ կալանքի տակ պահած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երեկ դիմում ներկայացրեց Դատավորների միությունից դուրս գալու մասին, սակայն որեւէ պատճառ չնշեց: «Ժողովուրդ» օրաթերթին դատավոր Ալեքսանյանի այս քայլի պատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նա Դատավորների  միությունից դուրս է եկել, քանի որ նեղացել է կոլեգաներից ու վրդովվել: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանի մահից հետո ակտիվիստները սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկար են հրապարակել ու կոպիտ վիրավորական քննադատության ենթարկել դատավորին այն բանի համար, որ նա  է եղել  այն դատավորը, որ կալանքի է տարել Գրիգորյանին: Դատավորը սրտնեղել  է, թե միությունն իրեն որեւէ աջակցություն  չի  ցուցաբերել, ուստի իր մնալը միությունում անիմաստ է: Ուշագրավն այն է, որ դատական  համակարգում էլ դատավորը Արմեն Գրիգորյանի կալանավորման եւ լրատվամիջոցին  տված հարցազրույցի համար խիստ քննադատության  էր արժանացել։ Համակարգում խոսակցություններ են եղել, թե ավելի լավ էր լռեր, քան թե նման կարծիք հայտներ: Իսկ ի՞նչ  էր ասել դատավորը. նա նշել է, որ խորապես ցավակցում է հարազատներին, եւ միակ բանը, որի համար ցավում է, այն է, որ մարդ է մահացել:

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջրից երեխաներն առողջական խնդիրներ են ունենում: Այս խնդրով «Ժողովուրդ»  օրաթերթին են դիմել Գեղամասարի 8-րդ փողոցի բնակիչները: Նրանցից Գոհար Հարությունյանը բողոքեց՝ նկատելով. «Ջուրը ցեխոտ է, մեջը ճիճուներ են, որդեր… Ստամոքսն է ցավում, փորլուծություն ունեն, ընդհանրապես հնարավոր չէ որեւէ տեղից մաքուր ջուր վերցնել: Թաղամասում կան մարդիկ, որոնք ունեն խմելու նորմալ ջուր, սեփականաշնորհել են ու չեն տալիս մեզ»: Մեզ ահազանգած բնակիչների խոսքերով՝ այս խնդրին տեղյակ են ե՛ւ Վարդենիսի քաղաքապետարանում, ե՛ւ Գեղարքունիքի մարզպետարանում: Այս համայնքի բնակիչները 2019 թվականից պայքարում են խմելու որակյալ ջուր ունենալու համար, բայց այդպես էլ հարցը չի լուծվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, մեր զանգից հետո համայնքի ղեկավարը հանդիպել է «Ժողովուրդ»  օրաթերթին ահազանգած քաղաքացու հետ: «Ասում են, որ կեղտոտ ջուր է գալիս, բայց իրականում կեղտոտ չէ, մաքուր ջուր է, ուղղակի կապտաժը մաքրման կարիք ունի: Ասել եմ, որ հիմա սկսեն մաքրման այդ աշխատանքները կազմակերպել»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց մարզպետ Սարգսյանը, որն, ի դեպ, Ջրային կոմիտեի նախկին ղեկավարն էր:

 

 




Լրահոս