ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Իրանի մայրաքաղաք Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ եւ փաստացի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սա Պուտինի երկրորդ արտասահմանյան այցն է փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո:

 

Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Պուտինն ընդգծել է Արեւմուտքի գործադրած ճնշումների պայմաններում սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը:

Եռակողմ քննարկումներից զատ, Պուտինն Իրանի նախագահ Ռաիսիի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անցկացրած առանձնազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ Արցախյան  խնդիրը եւ հայ-թուրքական կարգավորումը, Սիրիայի եւ Ուկրաինայի ճգնաժամը:

Երեկ այաթոլլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Իրանը կընդդիմանա «Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Իրանի հոգեւոր առաջնորդը գրեթե նույնն բանն էր կրկնել՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ:

-Պարո՛ն Զաքարյան,  Իրանում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի առաջնորդները, եւ գիտենք, որ քննարկվել է  նաեւ Արցախի եւ Հայաստանի կարգավիճակը, իսկ տարածաշրջանային նման հարցերը, գիտենք, որ թե՛ ներկայի, թե՛ ապագայի համար  վճռորոշ են լինում: Ի՞նչ վերլուծություն ունեք այս հանդիպումից հետո:

-Հանդիպումը, բնականաբար, կարելի է ասել, կարդինալ նշանակություն ունի Հարավային Կովկասի եւ նրա շուրջ մեծ ապագայի վերաբերյալ: Ճակատագրական նշանակություն ունի: Վստահ եմ, որ մանրամասն խոսվել է բոլոր  կարմիր գծերի, անթույլատրելի զարգացումների եւ բոլոր երեք երկրների շահերի  հակադրությունների ու համադրությունների վերաբերյալ: Ցավոք Հայաստանը  օբյեկտ է այս պրոցեսների մեջ  եւ որեւէ կերպով ի զորու չէ պաշտպանելու սեփական շահերը, եւ միակ հույսը մեզ շրջապատող գերտերությունների շահերի հակադրությունների հիման վրա ինչ-որ մի բան պաշտպանել եւ ինչ-որ մի բան ստանալն է: Այս մասում պետք է շատ ուշադիր լինել հետագա զարգացումներին,   որովհետեւ այս հանդիպումով  չավարտվեց, այս հանդիպումով  ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ դեռ նոր է սկսվում:

-Նկատի ունեմ  գլոբալ զարգացումները,  եւ հատկապես պարզ է՝ ե՛ւ Թուրքիայի համար, ե՛ւ Իրանի Իսլամական Հանրապետության համար, ե՛ւ Ռուսաստանի համար Հարավային Կովկասը դառնալու է խիստ կարեւոր հանգրվան հետագա քաղաքական  ռեգիոնալ շահերի տեսանկյունից: Այստեղ Ադրբեջանը  եւ Վրաստանը  ունեն որոշակի  դերակատարություններ, իսկ Հայաստանը ոչ մի դերակատարում չունի: Հայաստանը հայտնվել է թիվ մեկ թիրախում: Շատ բան կախված է լինելու, թե Հայաստանը ինչպես կարող է իրացնել  իր ունեցած  ներքին հնարավորությունները: Ցավոք, այս իշխանությունների պարագայում այդ պոտենցիալը որեւէ կերպ չի ձեւավորվում, որովհետեւ սրանք մի նպատակ ունեն՝ ամեն գնով սեփական իշխանությունը պահպանել,  եւ հանդես են գալիս կապիտուլացվածի, պարտվածի, կորցրածի  եւ ենթակայի դիրքերից:

-Այսինքն՝ մեր փոխարեն  կորոշե՞ն:

-Մեր փոխարեն կորոշեն, մեր փոխարեն կա՛մ կհամաձայնեն, կա՛մ չեն համաձայնի,  եւ մենք, այսպես ասած, հայտնվել ենք դիտորդի դերում: Մատերը խաչ արած՝ սպասում ենք, թե որտեղ կհայտվենք նոր կիզակետում:

-Իրանի հոգեւոր առաջնորդը կարեւորել էր Հայաստանի հետ պետական սահման ունենալու հանգամանքը,  բայց եւ չէր մոռացել նշել Արցախը Ադրբեջանի կազմ  վերադարձնելու գործընթացը:  Սրանք զուտ դիվանագիտակա՞ն հայտարարություններ են, թե՞ մեկը մյուսին համարժեք էլ չեն:

-Երկու հայտարարությունները շատ կարեւոր են մեզ համար. առաջին հայտարարությունը՝ սահմանի հետ կապված, սահմանը չարգելափակելու հետ  կապված, բնականաբար բխում է Իրանի շահերից: Այնպես  չէ՝ Իրանը Հայաստանից շահ չունի եւ Հայաստանի համար շահավետ հայտարարություն է արել այստեղ: Մենք շահեկան ոլորտ ունենք.  դա նշանակում է, որ Թուրքիան օրակարգում պահում է  Ադրբեջանի հետ միասին «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը: Իրանը կտրականապես հերքում է. Հայաստանի տարածքով դեպի հյուսիս Իրանի համար  շատ կարեւոր, կենսական նշանակություն ունեցող  կոմունիկացիոն ճանապարհը բաց պահելը անհրաժեշտություն է:

Երկրորդ  հայտարարության տողատակերում շատ բան կար, եւ պարզ է, որ Իրանի համար  Արցախի  խնդիրը լուծված չէ: Կարգավիճակի հարցը առնվազն  ապագայում վերադառնալու է օրակարգ.  Իրանի հոգեւոր  առաջնորդը շնորհավորում է Ադրբեջանին՝ ասելով, որ բավարարվեն նրանով, ինչ որ ունեն,  եւ նոր ոտնձգություններ չդրսեւորեն:

 

 

 

ԶԱՆԳԵԼԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵՑՈՒՄ

Ադրբեջանցիները տոնում են Կովսականում՝ Զանգելանում բնակություն հաստատելու հանգամանքը: Նրանց փոխանցմամբ՝ դա վերադարձ ու վերաբնակեցնում է: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զանգելանում ոչ միայն բնակարաններ ու առանձնատներ, այլ նաեւ խելացի գյուղ է կառուցում, համենայնդեպս նախագահ Իլհամ Ալիեւն է այդպես մեկնաբանում: Խելացի գյուղերում ի՞նչ են անելու Ադրբեջանի շարքային քաղաքացիները. հարցի պատասխանն Ադրբեջանի կառավարությունը չի տալիս:

 

Զանգելանի բնակավայրերի բնակեցումն արդեն իսկ սկսվել է. հուլիսի 19-ին ադրբեջանցի 10 ընտանիք (ընդհանուր թվով 58 քաղաքացի) բնակարանամուտ է տոնել:

Ադրբեջանի պետական կոմիտեի փոխանցմամբ՝ մինչեւ հուլիսի 25-ը ընդհանուր առմամբ 41 ընտանիք, այլ կերպ ասած՝ 200 մարդ կտեղափոխվի խելացի գյուղի չորս թաղամաս: Հենց այդքան թվով էլ՝ 200 հատ առանձնատուն է կառուցվել: Այսպես ասած, խելացի գյուղում, ըստ ադրբեջանական աղբյուրների, էկոլոգիական ջեռուցման եւ խելացի լուսավորության համակարգեր են տեղադրված: 360 հոգու համար նախատեսված դպրոց ու 60 հոգու համար նախատեսված մանկապարտեզ կգործի։

Ըստ Ադրբեջանի նախագահ Ալիեւի. «Սա իսկական մեծ վերադարձ է, ու այս շրջաններ է նախատեսում վերադարձնել հարյուր հազարավոր մարդկանց»:

Բացի խելացի գյուղեր, շենքեր, առանձնատներ ու ճանապարհներ կառուցելուց, Ադրբեջանը Զանգելանում նաեւ օդանավակայան է կառուցում, ինչի աշխատանքները նախատեսվում է մինչեւ այս տարեվերջ ավարտել:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից իր վերահսկողության տակ անցած տարածքներում շինարարություն սկսելու, ճանապարհներ կառուցելու ու դրանք բնակելի դարձնելու գործընթացը հնարավոր է եղել դրանք ականազերծելուց հետո միայն: 44-օրյա պատերազմից հետո ականապատ դաշտերի քարտեզները Բաքվին Երեւանն է փոխանցել:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

Հուլիսի 6-ին հանրային քննարկման դրված «Բանկային գաղտնիքի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ՊԵԿ-ը հանել է շրջանառությունից ժամանակից շուտ։ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այս փոփոխությամբ ցանկանում էր, առանց դատարանի որոշման, հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, որի վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել հանրային քննարկման։

ՊԵԿ-ից հայտնում են, որ նախագիծը կրկին կներկայացվի հանրային քննարկման Կենտրոնական բանկի եւ այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումներից եւ լրամշակվելուց հետո։ Չի բացառվում, որ պատճառը փորձագետների ու տնտեսվարողների բացասական արձագանք է եղել այդ նախագծին։ Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային եւ ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։

Նախագծի տարածումից հետո տնտեսվարողներն ու փորձագետները քննադատեցին այն` ասելով, թե առաջարկված նախագծով չկա որեւէ զսպող մեխանիզմ, որով ՊԵԿ-ը անտեղի եւ անհիմն չտիրանա հարկ վճարողների բանկային ու ապահովագրական գաղտնիքին։ Թե երբ այս նախագիծը կրկին կներկայացվի հանրային քննարկման, դեռ հստակ չէ։

 

 

ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԵՆ

ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին գումար կհատկացվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆինանսական պարտավորությունների եւ պարտքերի մարման համար հիմնադրամին կտրվի 312 մլն 746 հազար դրամ: Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական եւ հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Օրինակ՝ այդ գումարով նախատեսվում է կառուցել Սյունիք բնակավայրի նոր խմելու ջրագիծ: Կապանի համար հացահատիկահավաք կոմբայն ձեռք կբերվի: Բացի այս, Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների՝ Ներքին Հանդի, Բարձրավանի տանիքները կփոխվեն, 1 բնակելի տուն կնորոգվի, եւ Գաղթականներ 70 շենքը կվերանորոգվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է լուծել նաեւ Ծավ-Ն. Հանդ-Ճակատեն-Ծավ, Կապան-Ուժանիս-Կապան ուղեւորափոխադրումների հարցը եւ փոխարինել N զորամասի եւ Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի պատուհանները: Ի դեպ, տեղեկացնենք, որ այդ գումարով նախատեսվում է հացամթերքով ապահովել Շուռնուխ, Որոտան, Բարձրավան սահմանամերձ բնակավայրերին:

 

 

 




Լրահոս