Եթե որեւէ իրական ժողովրդավարական երկրում վարչապետին տեղափոխող ավտոշարասյունը վրաերթի ենթարկեր քաղաքացուն եւ անօգնական թողնելով՝ հեռանար, առաջին հերթին պատասխանատվության կենթարկվեր հենց վարչապետը, իսկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պաշտոնավարում է, այլ հենց վթարի հեղինակ վարորդը գտնվում է ազատության մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Օրեր առաջ ինձ է դիմել ՀՀ քաղաքացի Մնացական Մնացականյանը՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից 2022 թվականի ապրիլի 26-ին Երեւանի Լեո եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը։ Քաղաքացին նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ունենալով տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ՝ տեսնում է, որ իրականացվում է կանխակալ նախաքննություն, իր դստեր եւ թոռան մահվան պատճառ հանդիսացած վարորդը մինչ օրս գտնվում է ազատության մեջ: Ըստ դիմումատուի՝ մեղավոր այլ անձանց չեն տրվել պատշաճ քրեաիրավական գնահատականներ, անհարկի ձգձգվում է գործի քննությունը, որով ամեն ինչ արվում է այդ անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Դիմողի համոզմամբ՝ իրավապահ մարմինների եւ դատարանների այսպիսի անօրինական վարքագիծն ակնհայտորեն պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով։
Ըստ իրավահաջորդի փաստաբանի՝ գործի նախաքննության ընթացքը ձգձգվում է, խաթարվում է գործի օբյեկտիվ ընթացքը, նշանակվել է իրավական հարցերով լրացուցիչ փորձաքննություն այն պարագայում, երբ արդեն իսկ տեղի է ունեցել առաջնային հարցերով փորձաքննություն, ինչը անտեղի է, եւ այս անհարկի ձգձգումները կարող են հանգեցնել գործի անբարենպաստ ելքի։ Մ. Մնացականյանի բարձրացրած հարցերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որի կապակցությամբ տեղեկացա, որ գրությունս հասցեագրվել է Երեւան քաղաքի դատախազություն։
Բարձրացված հարցերը հիրավի խիստ մտահոգիչ են, ուստի որոշեցի դիմել նաեւ միջազգային գործընկերներիս՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով ողբերգական այս միջադեպի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հոր կողմից ներկայացված մտահոգությունների վրա՝ հաշվի առնելով նաեւ, որ Մ. Մնացականյանը ցանկանում է, որ ես միջազգային օղակներին եւս հասցնեմ իր կողմից ներկայացված մտահոգությունները: Երեկ այս թեմայի վրա հրավիրեցի նաեւ Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Քեթրին Գյորինգ Էքարդի ուշադրությունը. դեպքի առիթով Բունդեսթագի 5 պատգամավորներ արդեն նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Կարեւոր եմ համարում նշել, որ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ երաշխավորված է արդար դատաքննության իրավունքը. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային լսումների իրավունք: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` հետեւողական եմ լինելու այս ողբերգական դեպքի քննության ընթացքին եւ կոչ եմ անում պատկան մարմիններին իրականացնել գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն՝ քրեադատավարական կանոնների խիստ պահպանմամբ, որի արդյունքում ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլեւ իրենց պատասխանները կստանան մարդկանց մոտ առկա, գործին հնարավոր ազդեցությունների ենթատեքստին վերաբերող բոլոր հարցերը:
Իսկ արարողակարգային պահանջներին հղումներով հղի կնոջը օգնելու պարտավորվածության բացակայության մասին մեջբերումներ անողներին ստիպված եմ հիշեցնել, որ Սահմանադրությունն է ամրագրել, որ մարդը բարձրագույն արժեք է։
Հ.Գ. Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ԻՐԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը եւ նույն նախարարության արդյունաբերության զարգացման վարչության փորձագետ Կորյուն Ղազարյանը 4 օրով գործուղվել են Իրան:
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտակ Հովակիմյանը: Ինչպես հայտնի է, վարչական շրջանի նախկին ղեկավարը Կարեն Հակոբյանն էր, որն օրեր առաջ ազատվել էր պաշտոնից: Այսպիսով, ո՞վ է վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը. նա նախկինում եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այժմ էլ զբաղեցնելու է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում սեպտեմբերի 25-ին տեղի է ունենալու ավագանիների ընտրություններ համամասնական ընտրակարգով: Այդ նպատակով կառավարությունը ոստիկանությանը հատկացրեց շուրջ 33 մլն դրամ:
ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ ԱՆԻ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային։ Նա հայտարարել է, որ դրա բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին նա խոսել է Ստամբուլում երեք երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։ Շենթոփի խոսքով՝ երեք երկրների ժողովուրդներին կապում են «պատմական եւ մշակութային սերտ կապերը»։ Շենթոփն առաջին անգամ չէ, որ հրապարակային հայտարարությամբ է հանդես գալիս «Զանգեզուրի միջանցք»-ի մասին։ Նախորդ տարի՝ Անկարայում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ, նա կրկին խոսել էր միջանցքի մասին՝ ընդգծելով, որ այն իր ներդրումը կունենա համաշխարհային առեւտրի համար։ Շենթոփը շեշտել էր, թե Անկարան Երեւանից ակնկալում է «համարձակ եւ կառուցողական քայլեր»։ Թուրքիայի ԱԳՆ Մեւլութ Չավուշօղլուն էլ այսօր ասել էր, որ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մասիս քաղաքում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Իրանի Իսալամական հանրապետության քաղաքացին խմել է 200 հատ դեղահաբ եւ փորձել վերջ տալ կյանքին: Վերջինիս մտերիմերը նկատել են 36-ամյա տղայի վիճակը եւ նրան շտապ տեղափոխել հիվանդանոց: Իսկ ի՞նչն է եղել պատճառը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա որպես կրոն ընդունել է քրիստոնեությունը, ինչի պատճառով իրանցի ծանոթների կողմից ճնշումների է ենթարկվել։
ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ում կայացրած որոշմամբ մայիսին կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, հեռացել է Դատավորների միությունից: Տեղեկությունը հաստատեց միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։
«Դատավոր Ալեքսանյանը դիմում է ներկայացրել Դատավորների միության նախագահին իր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Նման որոշման համար նա ոչ մի պատճառ չի նշել», – հայտնել է Առաքելյանը։ Նրա խոսքով՝ միությանն անդամակցելն ու անդամակցությունը դադարեցնելը կամավոր հիմունքներով են։ Հարցին, թե որքանով է որոշումը կապված Արմեն Գրիգորյանի ողբերգական մահվան հետ, Առաքելյանը չպատասխանեց, նշեց, որ դա իր իրավասության մեջ չէ:
ԱՆԿԱՐԱՆ ՔԱՅԼԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Անկարան Երեւանից, հայտարարություններից զատ, հստակ քայլեր է ակնկալում. այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հայկական կողմին մեղադրելով գործընթացի ձգձգման համար եւ երկու հստակ նախապայման առաջ քաշելով։ Երկուսն էլ կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» բացման եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում:
«Ադրբեջանը եւ մենք անկեղծ ենք: Թե ինչքանով է անկեղծ Հայաստանը, ուզում ենք գործնականում տեսնել: Մինչ այժմ ազդակներ կան, հայտարարություններ կան: Ճիշտ է, ճնշում էլ կա՝ դրսից՝ սփյուռքի ճնշումը, ներսից էլ՝ մոլեռանդ խմբերի, սակայն Հայաստանի կողմից դեռ հստակ քայլեր չենք տեսնում Զանգեզուրի եւ այլ ծրագրերի հարցում կամ խաղաղության պայմանագրի: Այսինքն` Հայաստանի ղեկավարությունը` Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղության համար պետք է դրական քայլեր անի: Միայն խոսքերը բավարար չեն», – ասել է նա: