76 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակի ուսումնասիրությունները:

 

Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից եւ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացած փաստաթղթերի հիման վրա իրականացված հերթական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գնահատող ընկերությունը 2016թ. իրականացրել է պետական սեփականություն հանդիսացող, Աբովյան  քաղաքի Ուսանողական թաղամաս թիվ 4/5 հասցեում գտնվող 708.28 քմ մակերեսով շինության եւ 1,064.4 քմ մակերեսով հողամասի գնահատում: Դրա արդյունքում 01.12.2016թ. ընկերության կողմից տրված եզրակացությամբ  նշված գույքի ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը 8.151.920 ՀՀ դրամ: Ընդ որում՝ եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի տրամադրվել այն հիմնավորմամբ, որ բացակայում է գույքի օտարման գործից: Ընկերության եւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջեւ ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց  ծառայությունների մատուցման պայմանագրի:

ՀՀ կառավարության՝ 13.06.2003թ. թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում 02.05.2018թ. կնքված պայմանագրով վերը նշված գույքն օտարվել է 2.003.418 ՀՀ դրամով, մինչդեռ, ՀՀ կադաստրի կոմիտեի e-cadastre.am կայքում առկա տվյալների համաձայն, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 78.074.138 ՀՀ դրամ:

Այսինքն՝  ուսումնասիրությունից հետեւում է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, գույքի գնահատումն իրականացվել է առանց իրավական հիմքի՝ պայմանագիր կնքելու: Ընկերության մասնագետի կողմից 01.12.2016թ. կազմած եզրակացությամբ ավելի քան 78մլն դրամ արժեքով վերոնշյալ անշարժ գույքը գնահատվել է մոտ 8մլն դրամ, այսինքն՝ շուրջ 10 անգամ պակաս, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից շուրջ 39 անգամ պակաս՝ ընդամենը 2մլն  դրամով՝ պետությանը պատճառելով շուրջ 76մլն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել արարքի կատարման պահին գործող, ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսված արարքի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքները՝ կից փաստաթղթերով, ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Ն.Հ.

 

 

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ՝ ՓԻԼՈՅԱՆԻՆ

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մինչեւ օգոստոսի վերջ նախաքննության ավարտ կհայտարարի արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը նոր մեղադրանքներ է առաջադրել Արդրանիկ Փիլոյանին, ասել է թե՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է, եւ սրանով իրավապահ համակարգը ծանրացրել է նախկին նախարարին առաջադրված մեղադրանքը:

 

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը հայտնեց, թե այս պահին որեւէ բան  չի կարող ասել, մինչեւ չխոսի Անդրանիկ Փիլոյանի հետ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ. ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք:

Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Նկատենք որ նախարարի կալանավորման հարցը իրավապահ համակարգում դարձել  էր կռվի թեմա: ArmLur.am-ին հայտնի էր  դարձել, որ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալումը բավականին ուշագրավ հանգամանքներում է իրականացվել: Մասնավորապես, մեզ հասած տեղկությունների համաձայն՝ փետրվարի 28-ին, երբ ԱԱԾ-ն մտել է նախարարություն, եւ նախարարին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության, վերջինիս նկատմամբ նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրում ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Դատելով իրրավիճակից՝ կարող ենք ենթադրել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն խաչատրյանը փորձում է փրկել նախարար Փիլոյանին: Ահա այստեղից էլ սկսվում է դատախազության եւ կոմիտեի հերթական գզվռտոցը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿՈՄԻՏԵՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի միջադեպի գործը ԱԱԾ-ն ուղարկել է Քննչական կոմիտե: Ինչպես հայտնի է, անցած տարի՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում ծեծկռտուք տեղի ունեցավ:

«Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը պատմել էր, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գեւորգյանի, մասնակցել են ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։

ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Քրեական գործը հարուցվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ: Ազգային անվտանգության ծառայությունը գնացել էր ԱԺ եւ հարցաքննել էր միջադեպի մասնակից պատգամավորներին,  սակայն  քրեական գործը 7 ամիս է, ինչ քննվում է ԱԱԾ-ում, եւ որեւէ մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան, իսկ այժմ գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե: Հավելենք, որ ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին եւս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որեւէ բացատրություն տալ:

Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաեւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Հուլիսի 20-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Կամո Ք.-ն, որը հուլիսի 6-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.1-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:

 

 

 




Լրահոս