«Շատ լավ է, որ Հայաստանն ու Թուրքիան խոսում են միմյանց հետ, քանի այս երկրները հարեւաններ են, եւ չես կարող ընտրել քո հարեւաններին, այլ պետք է ուղիներ գտնես նրանց համար՝ դրա հետ կապված բոլոր խնդիրներով հանդերձ»,- նման կանխատեսում է արել թուրք հայտնի պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի ղեկավար Թաներ Աքչամը։
«Միջազգային հարաբերություններում ողջ աշխարհում նույնիսկ թշնամի պետությունները միմյանց հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Այնպես որ, ես, բազմաթիվ հանգամանքներից ելնելով, լիովին կողմ եմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Բայց արդյոք սա կարո՞ղ ենք հարաբերությունների կարգավորում անվանել՝ այլ հարց է։ Ես կողմ եմ, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, եւ սահմանը բացվի, որովհետեւ դա հարաբերությունների կարգավորման համար կարեւոր նախապայման է»- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի նախագահն իրոք ուզում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ բարենպաստ միջավայր ստեղծել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ հարաբերությունները բարելավելու համար, Թաներ Աքչամն ասաց, որ որքան էլ վատը լինեն Թուրքիայի նախագահի նպատակները, միջազգային հարաբերություններում հարցին այլ տեսանկյունից է պետք նայել։ Նրա խոսքով՝ երբեք չես կարող իմանալ այդ նպատակները, բայց կարող ես կռահել պայմանները։
«Ահա այստեղ եմ ես, տեսնում այն շարժառիթները, որոնք կարող ենք ընկած լինել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Թուրքիայի նպատակների հիմքում։ Առաջինը՝ տնտեսական շահն է։ Թուրքիան տնտեսապես շատ հզոր երկիր է. այո, հիմա լուրջ տնտեսական խնդիրներ կան, բայց Թուրքիան բավական հզոր երկիր է։ Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հարաբերությունները կարգավորելու դեպքում տնտեսապես Թուրքիան շատ բան կշահի, որովհետեւ եթե բանակցությունները դրական ավարտ ունենան, ուղիղ կապ կստանա Հայաստանի, Ադրբեջանի, նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, հասանելիություն կստանա նաեւ երկաթուղային ուղիներին եւ այլն։ Սա տնտեսական մեծ օգուտ կլինի Թուրքիայի համար, եւ սա հնարավոր չէր դառնում Ադրբեջանի պատճառով»,- ասաց նա։
Թաներ Աքչամի խոսքով՝ Թուրքիան ուզում է տարածաշրջանային տերություն դառնալ այնպես, ինչպես մնացած մյուս բոլոր մեծ պետություններն իրենց տարածաշրջաններում են ուզում դրան հասնել։ Եվ եթե Թուրքիան ցանկանում է դրան հասնել, ապա հենց իր շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը։ Պատմաբանը նաեւ նշեց, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի առաջ քաշած հիմնական կամ միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր, եւ հիմա դիսկուրսի, գաղափարախոսական տեսանկյունից Թուրքիան այլեւս որեւէ այլ հիմնավորում չունի։
Պատմաբանը նշեց, որ հայտնի չէ, թե Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների համար Թուրքիայի առջեւ էլ ինչ նախապայմաններ կարող է դնել։ «Այստեղ բավական փխրուն իրավիճակ է, չեմ կարող ավելին ասել, բայց ցանկանում եմ նորից շեշտել՝ Ադրբեջանի ստվերն այժմ կա բանակցություններում,շարունակելու է լինել։ Քանի որ Ադրբեջանը, կարծես, Թուրքիայի համար կանաչ լույս է վառել հիմա այս հարցում, պետք է իսկապես օգտվել սրանից այնքան, որքան հնարավոր է»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով հարցին, թե հայ հասարակությունում կա մտահոգություն առ այն, թե ինչպես է հնարավոր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե 2020-ին Թուրքիան հստակ աջակցել է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծված արյունալի պատերազմում, Թաներ Աքչամն ասաց, որ այդ մտահոգությունները արդարացված են, եւ հնարավոր չէ առարկել դրանց դեմ եւ ասել, որ Թուրքիայի կողմից նման քայլեր չեն եղել. դրանք փաստեր են, դրանք որպես իրականություն պետք է ընդունել։
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս եւ Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։ «Մասնավորապես, կան թաղամասեր, որտեղ խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։ Հարկ է նկատել, որ Սյունիքի մարզի նշված բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խնդիրը Պաշտպանի հաստատության կողմից արձանագրվել է դեռեւս 2021 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունից ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տարածաշրջանի ջրամատակարարման ընդհանուր համակարգի բազմաթիվ հանգույցներում տեղադրել ճնշման կարգավորիչ փականներ։
Նշենք, որ աշխատանքները սկսվել են Գորիս քաղաքից եւ կշարունակվեն Տեղ, Կոռնիձոր, Արավուս եւ Քաղցրաշեն գյուղերում, որոնց ավարտից հետո ջրամատակարարումը կբարելավվի։ Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Կոռնիձոր, Արավուս եւ Քարաշեն բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառների, ինչպես նաեւ խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունից»,-ասված է հայտարարության մեջ։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ
Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճ է նկատվում: ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը նկատեց, որ դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ:
«Ինչպես գիտեք, եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ բարձրանում է, եւ մենք կանխատեսում էինք, որ, ճամփորդությունների ակտիվացմանը զուգահեռ, վարակի որոշակի ներթափանցում կարող է լինել մեր երկիր»,-ասաց նախարարը: Առաջին երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝ այս վարակի ալիքը տարածվելու միտում ունի, թե կգնա դեպի կայունացում: Նախարարը չբացառեց, որ, համաճարակային իրավիճակի սրացմանը զուգահեռ, սահմանափակումների կարիք լինի: «Մեր խորհուրդն է բժշկական կենտրոններ այցելելիս կրել դիմակ: Այն անձանց, որոնք ստացել են երկու դեղաչափ պատվաստանյութ, խորհուրդ ենք տալիս մինչեւ սեպտեմբեր ստանան խթանիչ դեղաչափը, որպեսզի օրգանիզմն աշնան ալիքներին պատրաստ լինի: Շոգ եղանակը հակացուցում չէ պատվաստման համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
ԾԽԱԽՈՏԻ ԴԱՇՏԵՐԸ
Իջեւան համայնքի հերոսական տարեգրություն ունեցող Կիրանց գյուղը Ադրբեջանին սահմանակից այն գյուղերից է, ուր արտագաղթ չկա, տարեցտարի ավելանում է բնակչությունը։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ բերքահավաքը հաջողությամբ ավարտվել է, կուտակել են մոտ 400 տոննա խոտ, գյուղի հացահատիկի 30 հեկտար դաշտերը հնձել են։ Հացահատիկի բերքն այս տարի բարձր չէր, բերքի կեսը կորսվել է դաշտամկների պատճառով։ Կիրանցի վարչական ղեկավարի վկայությամբ՝ դաշտամկների դեմ քիմիական պայքարի համար թունաքիմիկատի բավարար պաշար կար, սակայն անձրեւների պատճառով հնարավոր չեղավ դրանք օգտագործել։
Ադրբեջանի սահմանից մոտ 300 մետր հեռավորությամբ Սարի գյուղ եւ Ծաղկավան գյուղերին տրամադրված հացահատիկահավաք կոմբայնը աշխատեցրել է սահմանամերձ Բերքաբերի նախկին ղեկավար Ա. Մադաթյանը։ Կամո Շահինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ սահմանամերձ Կիրանցում տարիներով չմշակված վարելահողերը դարձել են մշակովի, գյուղում մոտ 18 հեկտար ծխախոտ է մշակվում։ Կիրանցի բնակիչները սահմանամերձ տարածքի վարելահողերը մշակել, հացահատիկ են ցանել։
ԹԵԺ ՊԱՅՔԱՐ՝ ԲԵՐԴՈՒՄ
Հուլիսի 12-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է Բերդ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով hերթական ընտրություններ նշանակել սեպտեմբերի 25-ին։ Բերդ քաղաքային համայնքը՝ 2012 թվականից, Բերդ խոշոր համայնքը 2017-ից ղեկավարող Հարություն Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ից անազատության մեջ է։ Նրա դատավարության հերթական նիստը օգոստոսի 2-ին է։
Մանուչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք համարելով սարքովի, շինծու։ Բերդ համայնքի ավագանու անդամները դիմել էին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, իսկ Բերդ համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Հ. Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխվի գրավով կամ այլ միջոցով, սակայն Հ. Մանուչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Նա՝ որպես ավագանու թեկնածու, մասնակցելու է Բերդի ավագանու առաջիկա ընտրություններին։ Բերդ համայնքի ավագանու անդամներից միայն մեկը՝ Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանը, հրաժարվել էր միանալ Հ. Մանուչարյանի կալանքը փոխելու միջնորդությանը։ Նա 2022 թվականի մայիսի 19-ին ավագանու անդամությունից հրաժարական է տվել։ Հենց Վահրամ Սուքիասյանն է ղեկավարելու սեպտեմբերի 25-ին ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ