«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն, որը նախատեսվում է օրենքի 33-րդ հոդվածում: Առաջարկվում է ավելացնել դրույթ, ըստ որի՝ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը, ինչպես նաեւ վարձատրությունը:
Վերոնշյալ օրենքի համաձայն՝ շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների համար բուժաշխատողներին շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ: Սահմանված է, որ բուժաշխատողները 5 տարվա ընթացքում պետք է հավաքեն 220 կրեդիտ՝ մասնակցելով վերապատրաստումների, կոնֆերանսների եւ այլ սահմանված միջոցառումների: Սակայն օրենքում ամրագրված չէ, թե դրանց մասնակցելու, հետեւաբար աշխատանքից բացակայելու դեպքերում ինչպես են վարձատրվում այդ բուժաշխատողները, արդյոք պահպանվում են աշխատավարձը, ստաժը եւ վարձատրությունը:
Օրենքում առաջարկվող փոփոխության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը: Օրենսդրական փոփոխության վերաբերյալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են պատգամավորներ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, բուժհաստատությունների ղեկավարներ: Առաջարկը վերաբերում է բուժաշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, քանի որ օրենքում հստակեցված չեն վերոնշյալ հարցերը, եւ դրանց կարգավորումը թողնված է բժշկական հիմնարկների տնօրենների հայեցողությանը: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ 2023 թ. հունվարի 1-ից բոլոր բուժհաստատություններում պարտադիր կլինի ՇՄԶ հավաստագրերի առկայությունը: «Բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ այս գործընթացի ներդրման արդյունքում, շատ կարեւոր է այս պահին էլ հայտնաբերել եւ իրականացնել փոփոխություններ»,- ասել է փոխնախարարը՝ քննարկման մասնակիցներին առաջարկելով ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները: Քննարկման մասնակիցները հայտնել են, որ ՇՄԶ նպատակով աշխատանքից բացակայող բուժաշխատողների բացակայությունները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, համարվում են հարգելի, պահպանվում են ստաժն ու աշխատատեղը, սակայն դա կատարվում է հաստատության ներքին կանոնակարգին համապատասխան:
Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ ստաժը, աշխատատեղն ու վարձատրությունը պահպանվում են աշխատողի որակավորման բարձրացման ժամանակ, իսկ ՇՄԶ-ն որակավորման բարձրացում չէ: Որոշ ԲԿ-ներ վերապատրաստման մասնակցող բուժաշխատողներին չեն տալիս աշխատավարձ, եւ նրանք ստիպված իրենց հաշվին արձակուրդ ձեւակերպելով են գնում վերապատրաստման կամ այլ սահմանված միջոցառումների: «Ուզում ենք, որ մեկ դաշտում գործեն բոլորը. սա է խնդիրը»,- ընդգծել է Նարեկ Զեյնալյանը: Հյուրերը պատգամավորներին ներկայացրել են հարցի կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետները, ինչպես նաեւ բուժաշխատողների վերապատրաստման իրենց տարբերակները, նպատակահարմար համարել օրենքում առաջարկվող փոփոխությունը:
Ն.Հ.
ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՔԿԱԳ-ը ամուսնությունների գրանցման հարցում պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ կազմակերպությունների հետ վերջիններիս տարածքում հանդիսավոր արարողությունը կազմակերպելու նպատակով։ Այս դեպքում քաղաքացիները 40 000 դրամ պետք է վճարեն։ Համապատասխան նախագիծը հավանության արժանացավ գործադիրի նիստում։ Ինչպես նշված է հիմնավորման մեջ, մեծ պահանջարկ կա ամուսնության պետական գրանցումը կատարելու ոչ թե ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) տարածքում, այլ հանդիսավոր յուրօրինակ պայմաններում։ Նշենք, որ գործող կարգի համաձայն՝ ամուսնության հանդիսավոր արարողության կազմակերպման պետական վճարումը ՔԿԱԳ տարածքում 20 000 դրամ է, իսկ դրա սահմաններից դուրս՝ 40 000 դրամ։
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը նշել է, որ գնումների ոլորտի զարգացման հարցը կառավարության շարունակական քննարկումների կարեւորագույն թեմաներից մեկն է, որն ունի շատ նրբություններ, բարդություններ եւ կարեւորություն. «Խոսքը վերաբերում է պետական գնումներին, այսինքն՝ ըստ էության, պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերին, որն ունի երկու կոմպոնենտ՝ մեկը՝ ֆինանսների ծախսման եւ ծրագրերի իրականացման արդյունավետությունն է, եւ մենք այդտեղ հաճախ ենք խնդիրներ ունենում: Դրանց մի խումբը կապված է նրա հետ, որ շատ դեպքերում ամենաէժան գին առաջարկող ընկերությունը միշտ չէ, որ առաջարկում է ոչ միայն ամենաորակով, այլեւ ընդհանրապես որակով ծառայություն»:
Երկրորդը՝ շատ դեպքերում խնդիրներ ենք ունենում ոչ թե գնի եւ որակի, այլ կատարվածի ժամանակի եւ արագության հետ: Մյուս դեպքերում շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Այսօր էլ կառավարության նիստում այդպիսի դեպք ունեցանք: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաեւ ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար:
Նախագծի հիմնական նպատակն է՝ թիրախային կերպով շարունակական բարելավել գնումների համակարգը, իրականացնել գնումների մասնակիցների ռեյտինգավորում, բարելավել նաեւ մեկ անձից գնումների իրականացման համակարգը՝ պատասխանատվության հակակշռված ճկունության աճի ապահովմամբ: Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է գնումների ոլորտի հետեւողական բարելավման անհրաժեշտությունը եւ հանձնարարել, հաշվի առնելով քննարկման արդյունքները, նախագիծը լրամշակել:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Ադրբեջանի կողմից 2016 եւ 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման եւ զբաղվածության ապահովման մասին Կառավարության համապատասխան որոշումն ընդգրկված է հուլիսի 21-ի նիստի օրակարգում: Որոշման մեջ նշվում է. «Հաստատել Ադրբեջանի կողմից 2016 եւ 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման եւ զբաղվածության ապահովման ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել ծրագրի իրականացման միջանկյալ գնահատում ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարության որոշման նպատակով»:
Նախագծով առաջարկվող ծրագիրն իրականացնել է պետք աշխատաշուկայի պահանջարկի հաշվառմամբ, մասնավորապես՝ ծրագրի իրականացման պարտադիր պայման է առաջարկվում թափուր աշխատատեղի աշխատատեղի առկայությունը, եւ ծրագրի ավարտից հետո Ադրբեջանի կողմից 2016 եւ 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանցով այդ աշխատատեղը համալրելը։ Թափուր աշխատատեղի ներկայացման հետ միաժամանակ գործատուն ներկայացնում է այդ աշխատեղը համալրելու համար պահանջվող մասնագիտական հմտությունները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն այդ պահանջների հիման վրա կազմում է համապատասխան ցուցակ։
Ցուցակում ընդգրկված անձանցից գործատուն ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի հաստատման պարագայում ծրագրի իրականացումը լինելու է փորձնական, եւ այն հնարավոր է լինելու իրականացնել 2022 թվականի երրորդ եւ չորրորդ եռամսյակներում. առաջարկվում է դիտարկել շուրջ 200 շահառուի՝ ծրագրում ընդգրկման հարցը։ Մասնավորապես, ծրագիրը նախատեսում է աջակցության 3 ուղղություն՝ մասնագիտական ուսուցման ուղղությամբ 1 ծրագրի արժեքը կազմում է 1 020 000 դրամ ((5 * (50 000+34 000) + 12 *50000)), աշխատանքային փորձի ձեռքբերման համար՝ 729 000 դրամ (3*68000+3*25000+9*50000), եւ աշխատանքի տեղավորման դեպքում՝ 300 000 դրամ։ Հետեւաբար, 1 ծրագրի միջին արժեքը կկազմի 683 000 դրամ, իսկ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից պահանջվող գումարի չափը՝ 136600 000 դրամ (200*683 000):