ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրսնի այցը Հայաստանի Հանրապետություն եւ հարավկովկասյան երկրներ շարունակում է մնալ փորձագիտական հանրության վերջին շաբաթների ուսումնասիրությունների շրջանակում։

 

ԱՄՆ գլխավոր հետախույզի այցը ՀՀ վերլուծաբանները պայմանավորում են դրան զուգահեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Մերձավոր Արեւելք կատարած այցի, ինչպես նաեւ դրանից հետո օրերս՝ հուլիսի 19-ին, Թեհրանում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իբրահիմ Ռայիսիի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի բանակցությունների հետ։

Բըրնսի տարածաշրջանային այցի իրական օրակարգն այդպես էլ մնաց փակ դռների ետեւում, սակայն օրերս հայտնի դարձավ, որ տարածաշրջանից հետո Բըրնսը Միացյալ Նահանգներում մասնակցել է անվտանգության հարցերով Ասպենի համաժողովին։ Անվտանգային այդ համաժողովի՝ Բըրնսի ելույթներից հատվածներ են տեղադրել մի շարք ԶԼՄ-ներ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում առանձնացրել էր Բըրնսի մի քանի ուշագրավ միտք, որոնք լույս կարող են սփռել մեր տարածաշրջան այցելելու նրա նպատակների վրա:

«Իրանի միջուկային քաղաքականությունը ներկա փուլում մեզ լրջորեն անհանգստացնում է: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից, եւ Իրանը հրաժարվեց իր պարտավորություններից, Թեհրանը մեծացրել է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ հարստացված ուրան արտադրելու իր կարողությունը: Այժմ նրանք կարող են դա անել ոչ թե ամիսների, այլ շաբաթների ընթացքում: «Նրանց անօդաչու սարքերը եւ հրթիռային ծրագիրը լուրջ սպառնալիք են մեզ համար Մերձավոր Արեւելքում, նրանք ունեն հրթիռների ամենամեծ զինանոցը տարածաշրջանում: «Մենք կարծում ենք, որ արաբների գայթակղությունը՝ պաշտպանելու ԱՄՆ-ի հետ իրենց գործընկերությունը Ռուսաստանի հետ մերձեցման միջոցով, մարել է Ուկրաինայում ռուսական գործողությունների, ինչպես նաեւ ռուսական զենք գնելու մտադրությունների ֆոնին։ Մեր առաջնահերթությունները փոխվել են, բայց մենք չենք լքում տարածաշրջանը եւ չենք ազատում Ռուսաստանի եւ Չինաստանի համար խորշեր»,- գրել էր Սուրեն Սարգսյանը։

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը խոստովանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանում արված լուսանկարներն իրեն հիշեցրել են իր սպիտակ մազերի մասին: «Ես նոստալգիայի մեջ չեմ ընկնում, երբ նայում եմ նախագահ Պուտինի ու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նկարներին, քանի որ իմ սպիտակ մազերի մեծ մասը տարիների ընթացքում հայտնվել է ռուսների ու իրանցիների հետ բանակցություններից»,- ասել է Բըրնսը: Բըրնսը նաեւ կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունը նպատակ ունի վերականգնելու ազդեցության ոլորտները հարեւան երկրներում եւ վերակազմավորելու «Ռուսաստանը որպես հզոր ուժ», բայց չի կարծում, որ դա «կարելի է անել առանց Ուկրաինայի վերահսկողության»:

Նրա այցից հետո Հայաստան ժամանեց նաեւ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:  Ընդ որում, Ռուսաստանի հետախուզական ծառայության ղեկավարն ու Ադրբեջանի իր գործընկերը Բաքվում Երեւան այցից հետո համաձայնագիր են ստորագրել հետախուզության ոլորտում համագործակցության մասին։ Նպատակը երկու պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ «Այսօր հանդիպումներ կայացան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ մեր գործընկերների հետ՝ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունից Օրհան Սուլթանովի գլխավորությամբ։ Նախագահի հետ հանդիպմանը ընդհանուր եւ բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, բովանդակությանը, բնույթին։ Ընդգծվել են համագործակցության ռազմավարական բնույթը եւ զարգացման լավ հեռանկարները։ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության գործընկերների հետ, իհարկե, քննարկել ենք մեր խորը, մանրամասն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ ուղղված Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերին», – ասել է նա:

Նարիշկինը Երեւանից մեկնեց Բաքու եւ այստեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպումներից հետո, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին, անվտանգության ոլորտում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, այնուամենայնիվ, որեւէ փաստաթուղթ չստորագրեց՝ գերադասելով այդ անել Հայաստանի ու Արցախի հետ շարունակաբար ռազմական բախումների մեջ գտնվող Ադրբեջանի հետ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն անցկացնում է Հայաստանում:

 

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

Հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։  Նշվում է, որ Կարս նահանգի Արփաչայ շրջանում հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել է 1  մարդ: Վիրավորվածը ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցն է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, այս պահին նրա վիճակը բավարար է: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրքական GazeteKars լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին՝ «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում, ականազերծման աշխատանքներ են իրականացվում:

 

 

ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ինչպես հայտնի է, ԱԺ խորհրդի նիստը հուլիսի 22-ին կրկին չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Հետաքրքիր է, որ դրանից մեկ օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձակուրդից մեկ օրով հետ էր կանչել խորհրդի անդամ ՔՊ-ական պատգամավորներին, որպեսզի գան եւ ներկա լինեն նիստին: Նրանք այդպես էլ ներկա չեն գտնվել նիստին, եւ այդ պատճառով քվորում չի եղել:  Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները թեեւ, ըստ ԱԺ նախագահի կարգադրության, արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց եւ փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցով հրավիրված նիստը չի կայանում: Իսկ ի՞նչ է ասում այս դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքը: Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան: Այդ ժամկետը լրանում է հուլիսի 28-ին: Եվ, ահա, դրանից հետո մանդատներից զրկելու հարցով հնարավոր կլինի ՍԴ դիմել արդեն պատգամավորների նվազագույնը 1/5-ի համաձայնությամբ։

 

 

 

ԱԶԱՏ ՉԻ ԱՐՁԱԿՎԻ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, համաներմամբ ազատ չի արձակվի: Դատավոր Հրաչ Այվազյանը մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետի որդու հայցը՝ ըննդեմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Վահե Ղուկասյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել էր «համաներում կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու եւ բարենպաստ վարչական ակտ, այն է՝ կիրառել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Հանրապետության 1-ին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետը, ընդունելուն պարտավորեցնել»: Նշենք, որ Արթիկի ՔԿՀ պետը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է՝ Արման Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում էր Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության եւ ապօրինի զենք կրելու համար:

2014 թվականի ապրիլին 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով Արտյոմ Կարապետյանը մահացել էր, Քավոր Հարութ մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը՝ վիրավորվել:

Մեղադրողը Ղուկասյանի համար 22 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին: Վահե Ղազարյանը արդեն 8 տարի է, ինչ կրում է պատիժը:

 

 

 

ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՀԱՐՎԱԾԵԼ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սուրեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, ընկերոջ՝ Արսեն Մարկոսյանի հետ գնացել է Երեւան քաղաքի Հյուսիսյանի պողոտայի 1-ին շենքի 4/1 հասցեում գործող, վերջինիս կողմից վարձակալած «Երեւան հուկա» ակումբ:

Ակումբում առանձնացել են տնօրեն Արսեն Մարկոսյանի աշխատասենյակ եւ զրուցել են իրենց բիզնեսի վերաբերյալ: Այդ ընթացքում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Սուրեն Հակոբյանն ծալովի դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Արսեն Մարկոսյանի որովային աջ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին սպառնացող ծանր վնաս:

 

 




Լրահոս