CaseKey բիզնես մրցույթի մասնակիցներն այցելել են Team Telecom Armenia:
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի GenZers հովանավոր Team Telecom Armenia ընկերությունն ընդունել է մրցույթի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում երիտասարդ մասնագետները ծանոթացել են ընկերության ռազմավարական ծրագրերին, վերաբրենդավորման ընթացքին, ինչպես նաեւ մասնագիտական աճի հնարավորություններին, ազատ հաստիքներին ու ստացել ընկերության եւ հեռահաղորդակցության ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։
Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց, որ իրենց համար էական է աջակցել նմանատիպ նախագծերի, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս հենց պրակտիկ դաշտում մշակել նախագծեր ու անել առաջարկություններ բիզնեսի կողմից առաջադրված խնդիրները լուծելու համար. «Բիզնես մրցույթներն աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն Հայաստանում դրանք դեռ սաղմնային՝ ձեւավորման փուլում են։ Վստահ եմ, որ CaseKey-ն նպաստելու է մեր երկրում ավելի առողջ մրցակցային միջավայրի ու նոր մակարդակի բիզնես էկոհամակարգի ձեւավորմանը»։
CaseKey մրցույթի նպատակն է երիտասարդներին փոխանցել բիզնեսի ոլորտում առաջացող խնդիրների լուծման գործնական հմտություններ, բարելավել կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ըստ մրցույթի ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակից թիմերը ստանում են հատուկ մրցույթի համար մշակված իրական խնդիր, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։
«Team Telecom Armenia-ի հետ այս տարի առաջին անգամ ենք համագործակցում, եւ մեզ համար կարեւոր է մեր գործընկերների թվում տեսնել նոր ասելիք ունեցող ու առաջադեմ ընկերություն։ Այսպիսի համագործակցություններն ու հանդիպումները մոտիվացնում են նաեւ մեր մասնակիցներին»,- նշեց CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։
Այս տարի մրցույթն ունեցել է շուրջ 500 դիմորդ, սակայն քոուչինգի փուլ են հասել 150-ը: Մասնակիցները բաժանվել են 23 թիմերի, որոնցից յուրաքանչյուրը կրթական հանդիպումներ ունենալու եւ իրական խնդրի լուծմանը պատրաստվելու համար ունի մարզիչ ՀՀ առաջատար խորհրդատվական ընկերություններից։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։
WineWorks-Ի ՆՈՐ ՇՈՒՆՉԸ
Տավուշի «Լալվարն» ու «Բանանցը», «Կապուտկենին» ու «Ջրջրուկը», Արցախի «Խնդողնին» եւ Վայոց ձորի «Արենին»… WineWorks գինեգործական ընկերությունում քարտեզագրել են հայկական խաղողի սորտերը՝ ըստ շրջանների:
Արդեն 8 տարի WineWorks-ը զարգացնում է հայկական գինեգործությունն ու աշխարհին ներկայացնում հայկական խաղողի սորտերը։ Ընկերության հիմնադիրը Վահե Քեուշգուերյանն է, ով գինեգործությամբ է զբաղվել Կալիֆորնիայում եւ Իտալիայում, հետո վերադարձել է Հայաստան եւ ստեղծել սեփական ընկերությունը։
WineWorks-ում աշխատում են հայկական խաղողի 20-ից ավելի սորտի հետ։ Ընկերությունն արտադրում է սեփական գինիներն ու գինեգործական ծառայություններ մատուցում նաեւ այլ ընկերությունների։ WineWorks-ը մասնագիտացված ընկերություն է, որը նպաստում է հայկական գինեգործության զարգացմանը իր փորձով եւ տեխնոլոգիաներով:
WineWorks-ի գործընկերը «Ակբա Լիզինգ»-ն է, որն ընկերությանն աջակցել է արտադրական սարքավորումների ձեռքբերման գործում։
«Սարքավորումների մեծ մասը մենք ձեռք ենք բերել «Ակբա Լիզինգ»-ի միջոցով: Մեր թիվ մեկ գործընկերն «Ակբա Լիզինգ»-ն է մեկ պատճառով, որ այն ավելի մեծ փորձ ունի, ու իրենց պրոցեսը արագ է։ Լիզինգը նուրբ է ու ճկուն։ Մենք առաջին հերթին «Ակբա»-ի հետ ենք աշխատում. շատ հեշտ է եւ արագ: Նաեւ այլ սարքավորումների ձեռքբերման համար է «Ակբա Լիզինգ»-ը մեզ համար առաջին ընտրություն»,- նշում է WineWorks գինեգործական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը։
WineWorks-ում վստահ են՝ Հայաստանը խաղողագործության համաշխարհային պատմության մեջ դիրքավորվելու է որպես գինեգործության օրրան։ Քյոշ, Օշին, Զուլալ… WineWorks-ի սեփական գինիները տարբերվում են իրենց բարձր որակով։ Արտահանվում են ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան:
«Ակբա Լիզինգ»-ի 100% բաժնետերը «Ակբա» բանկն է:
ԱՅՐՎԱԾՔՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով եւ այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթար, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:
ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Հուլիսի 25-ից Թբիլիսիից Բաթումի եւ հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի արժեքը կբարձրանա։ Գինը բարձրանում է բոլոր դասերի ուղեւորների համար: Ամենաբարձր աճը կվերաբերի ամենաէժան տոմսերին: երկրորդ կարգի տոմսերը 25 լարիի փոխարեն կարժենան 34 լարի (գինը բարձրանում է 36 տոկոսով): Առաջին կարգի տոմսերը 60 լարիի փոխարեն կարժենան 74 լարի (23 տոկոս): Բիզնես կարգի տոմսերը 100 լարիի փոխարեն կարժենան 124 լարի (24 տոկոս): Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ուսանողների, պատերազմի վետերանների եւ երկաթուղու աշխատողների համար նախատեսված բոլոր զեղչերը կշարունակեն գործել:
ԳՈՐԾԸՆԹԱՑ
Երեւանում վերելակների փոխարինման ծրագիրն իրականացվում է միանգամից 163 հասցեներում։ Մարությանի փոխած վերելակները հարցեր են առաջացրել. 24 վերելակի վերաբերյալ ԱԻՆ-ն արդեն նախնական եզրակացությունը տվել է փոխարինման կամ վերանորոգման համար, եւս 20 հասցեներում ընդունման-հանձնման գործընթաց է տեղի ունենում։ Նախնական տվյալներով` հաջորդ տարի կփոխարինվի 500 վերելակ, եւս 200-ի հարցը կախված է ֆինանսավորման ծավալից։ Երեւանում նոր վերելակներ կտեղադրեն պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց համար: Վերելակների փոխարինման ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին։ Երեւանում ընդհանուր առմամբ 4600 վերելակ կա, որոնցից փոխարինման ենթակա է 3500-ը։ Յուրաքանչյուրի փոխարինումը 10 մլն դրամ արժե։
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Մի քանի հազար բեռնատար (այդ թվում` հայկական) մնացել են Վրաստանի տարածքում` սպասելով ՌԴ անցնելու իրենց հերթին։ Դրանցից մի քանի հարյուրը գտնվում են Մցխեթա-Մթիանեթին ճանապարհին («Կազբեկ» անցակետի մոտ)։ Վարորդները օրերով սպասում են իրենց հերթին, որոշ մեքենաներ, արդեն երկու շաբաթ է, ճանապարհին են մնացել։ Նրանք դժգոհում են սննդի, ջրի եւ տարրական պայմանների բացակայությունից։ Բեռնատարների վարորդներից ոմանք այս պատմության մեջ կանխակալ վերաբերմունք են տեսնում վրացի մաքսայինների կողմից, որոնք սահմանը թույլատրում են հատել միայն վրացական եւ թուրքական պետհամարանիշներով մեքենաներին։ Վարորդ Անդրեյ Նովիրկովի խոսքով` ռուսական, բելառուսական, հայկական համարներով մեքենաները շաբաթներով հերթի մեջ են մնում։ Վրաստանի տարածքում մնացած տրանպորտային միջոցների 25%-ը հայկական են։
Հուլիսի 15-ից Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» անցակետում 12 նոր երթեւեկելի գոտի է բացել։ Այդ ժամանակ ռուսական կողմը հայտարարեց, որ նոր ենթակառուցվածքը եւ երթեւեկության հոսքի բաժանումը թույլ կտան բեռնատարներին կրճատել հերթերում սպասելու ժամանակը։ Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքը ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։ 2019 թվականից ի վեր տարանցման ցուցանիշներն աճել են 80%-ով։