Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է, որ իշխանությունը թեեւ պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում է ՀՀ զինված ուժերի վերականգնման ու բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները միայն արտաքին են:
«Իրականում բովանդակային որեւէ փոփոխություն տեղի չի ունենում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է նա:
-Վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Արցախում հայկական զինված ուժերի ներկայություն չի լինելու՝ թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային: Ի՞նչ է լինելու հենց Արցախի Հանրապետության պայմանագրային կամ ժամկետային զինծառայողների հետ, եւ Պաշտպանության բանակի ճակատագիրը ինչպե՞ս է որոշվելու:
-Եկեք փորձեմ այնպես, որպեսզի չկարողանամ այսօրվա արցախյան փխրուն անվտանգային միջավայրը վնասել: Միայն կարող եմ ասել, որ այն հանգամանքը, որ Հայաստանից զորակոչ դեպի Արցախ չի գնում, այդ մասին գիտեինք դեռ երկու տարի առաջ, այսինքն՝ հետպատերազմյան շրջանում, երբ պատերազմից 3 ամիս հետո կար զորակոչ, եւ դրանից հետո այլեւս դեպի արցախ զորակոչ չէր գնում. խոսքը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին: Անխոս սա չի կարող իր խնդիրները չառաջացնել անվտանգության համակարգում: Ես չեմ բացառում, որ կարելի է մշակել այնպիսի մեխանիզմեր, որի պայմաններում նույնիսկ զորակոչի դադարեցման պայմաններում հնարավոր լինի ապահովել անվտանգային խնդիրները Արցախի Հանրապետության: Բայց դա ավելի շատ ժամանակատար է, եւ դեռ չեմ խոսում այն մասին, որ այս իշխանության մոտեցումը որեւէ ձեւով արտահայտված չէ: Ավելին՝ այն, ինչ կա այս իշխանության հայտարարություններում, որոնք հանրային բնույթի են, ակնհայտ է, որ Հայաստանը հրաժարվել է արդեն իսկ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից եւ, բնականաբար, իր քայլերը կառուցում է այդ տրամաբանության վրա:
-Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասում է, որ նա ուսումնասիրում է սահմանային, դիրքերի հետ կապված հարցերը: Երկու տարի անց՝ պատերազմից հետո, այս հարցերը նո՞ր պետք է ուսումնասիրել:
-Անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, թե ինչ ուսումնասիրման կարիք ունի, եթե նա առհասարակ փորձում է հասկանալ, թե ինչ է զինված ուժերը, թե ինչ գործունեություն է կատարում:
-Ոչ, հետաքրքիր է՝ պատերազմից հետո ինչ վիճակում են դիրքերն ու սահմանները:
-Սահմանային իրավիճակ լինի, դիվերսիաներ լինեն, զորավաժություն ունենան: Դեռ չեմ էլ խոսում՝ պատերազմական գործողություններից հետո, որպես կանոն, բանակը եւ դրան ներգրավված տարբեր կառույցներ իրականացնում են իրավիճակի վերլուծություն, որտեղ նշված է լինում դրական ու, բնականաբար, բացասական արձանագրված մոտեցումները: Պատերազմը իհարկե ենթադրում էր ավելի ծավալային աշխատանք, եւ, անկախ նրանից, քաղաքական իշխանությունը ունի կամ թե չունի, համոզված եմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը այդ աշխատանքը կատարել է: Այլ բան է, որ դրա մեջ կարող է սյուբեկտիվ գործոն լինի՝ պայմանավորված նրանով, որ նրանք են պատասխանատուները, անմիջական ներգրավածություն ունեն: Հիմա շատ դժվար է անդրադառնալը, բայց այն, որ ընդհանուր առմամբ 70-տոկոսի չափով կա ընդհանուր պատկերը մեր գլխավոր խնդիրների, Զինված ուժերի գլխավոր շտաբը այս վերլուծությունը շատ ավելի վաղ արդեն արել էր:
-Իսկ ի՞նչ տեսանելի քայլեր է անում:
-Անկեղծ ասած, ես չեմ տեսնում: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ այս իշխանությունը որեւէ քայլ կամ քաղաքական գործողություն չի անում: Բնականաբար, մեր դեպքում չի կարող ընդունելի լինել, բայց իրականության մեջ Զինված ուժերում տեղի ունեցող գործողություններին նայում եմ նաեւ մասնագիտական առումով: Անկախ ամեն ինչից՝ ես կուզենայի, որ այս թեմայով ավելի քիչ խոսեի, ինչը, ցավոք, այսօր չեմ կարողանում: Այսօրվա իրավիճակում անհամարժեքությունը այս իշխանության դեպքում արդեն բնական է դարձել: Ես չեմ տեսնում քայլեր, որոնք կարող են բերել Զինված ուժերի վերականգմանը, Զինված ուժերի արդիականացմանը. դրանք կոնկրետ գործողություններ են եւ ծավալուն աշխատանք են պահանջում: Ըստ էության, բարեփոխումների օրակարգը, որը անընդհատ հնչում է տարբեր պաշտոնյաների կողմից, դարձել է զուտ ձեւակերպում, բայց դրա ներքո ոչ մի լուրջ բան չեմ տեսնում, դրա ներքո տեղի է ունեցել Զինված ուժերի կառուցվածքային փոփոխություն, որը բավականին քննարկվեց: Գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի նշանակելու մասով բազմաթիվ խնդիրներ ունի այդ օրենսդրական փաթեթի իրագործումը, դրա հետեւանքները մենք տեսնելու ենք հետագա տարիներին:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «ՀՀ քաղաքացի Ժ. Մալոյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ուղղորդմամբ ինձ է դիմել: Նա սպառնում էր անգամ ամենածայրահեղ քայլին դիմել՝ ինքնահրկիզվել, եթե չկարողանա ԱՄՆ մուտք գործել:
Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները հանդիպել են ՀՀ քաղաքացի Ժ. Մալոյանի հետ: Մոտ 2 ժամ լսել են քաղաքացուն, հստակեցրել ինձանից ունեցած ակնկալիքները։ Ըստ այդմ, անմիջապես պատրաստվել է գրություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Նշել եմ, որ, քաղաքացու պնդմամբ, ինքը 6 գյուտերի հեղինակ է, որոնցից երկուսը համարվում են «դարի հայտնագործություն»։ Քաղաքացին հանդիպման ժամանակ փորձագետներին է ներկայացրել նաեւ ԱՄՆ համապատասխան օղակներից ստացված վկայագրերը՝ որպես ապացույցներ։
Ընտանեկան իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան վերադառնալուց հետո քաղաքացին դժվարություններ է ունեցել պետական մարմինների հետ իր ծրագրերի կենսագործման մասով։ Եվ ինչպես ինքն է պնդում, ունենալով երաշխավորություններ 2 ամերիկյան սենատորներից, որ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ չի խախտել միգրացիոն օրենսդրությունը, որոշել է դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն ապաստանի համար, որպեսզի կարողանա հնարավորինս շուտ հասնել ԱՄՆ՝ օգտվելու իր գյուտերի ֆինանսավորման հնարավորություններից։
Քաղաքացին պնդում էր, որ հյուպատոսի հետ հանդիպմանն անվտանգության աշխատակիցը վերցրել է իր անձնագիրը եւ արել «Չեղարկված/Revoked» նշումը, որը փաստորեն խոչընդոտում է ԱՄՆ իր մեկնելուն։ Եվ այժմ Ժ. Մալոյանը խնդրում է աջակցել ԱՄՆ մեկնելու թույլտվության հարցում։ Սակայն ԱՄՆ դեսպանից ստացել եմ օպերատիվ արձագանք, համաձայն որի՝ դեսպանն ի վիճակի չէ քննարկել իմ կողմից նշված գործի մանրամասները, քանի որ այն ԱՄՆ օրենքներով կարգավորվող հյուպատոսական իրավասության ներքո գտնվող հարց է:
Իրավասու օղակներից էլ տեղեկացա, որ նշված դեպքերում քաղաքացին պետք է անձամբ դիմում ներկայացնի հյուպատոսական ծառայությանը. ես երրորդ անձ եմ համարվում։ Մալոյանը բարձրացրել է նաեւ քաղաքական ապաստանի թույլտվության վերաբերյալ հարցեր, որոնց կապակցությամբ Հանձնաժողովի փորձագետը տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն»։
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ՝ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության համաձայն՝ քարտուղարը եւ նախագահ Ալիեւը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։
Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Քարտուղարը նաեւ հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից եւ պատրաստ է երկկողմ համագործակցության եւ փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին եւ Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաեւ կոչ է արել նախագահ Ալիեւին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին։
Հետաքրքիր է, որ այս հեռախոսազրույցից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղեկություն է տարածվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք ավարտվել են։ Իրականացվող գործողությունների ընթացքում դիմակավորված աշխատակիցները շենքից դուրս են բերել համակարգիչներ։
Նշենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ճանապարհներին տեղադրված տեսախիցների եւ արագաչափերի միջոցով արձանագրում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին կայացած հերթական նիստում կառավարությունը որոշել էր, որ ՀՀ ոստիկանությունում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ կստեղծվի, որը կփոխարինի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին։