ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսեւորում է, որը տարբեր փաստարկներով հիմնավորում է փաստաբանական կողմը»,- հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Օրերս ինձ է դիմել Ավետիք Չալաբյանի փաստաբանը՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմինների ապօրինությունների արդյունքում խախտվում է Ավետիք Չալաբյանի հիմնարար՝ արդար դատաքննության եւ անձնական ազատության իրավունքը, եւ նրա նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ` հավելելով, որ հայաստանյան ներպետական պաշտպանության մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են քաղաքական զգայուն գործերով, ուստի գտնում է, որ վերոնշյալ ապօրինությունները եզակի բնույթ չեն կրում ու դարձել են օրինաչափություն։

Անհրաժեշտություն եմ համարում այս թեմային հանրային հնչեղություն հաղորդելը, քանի որ իրավական դաշտում տարվող աշխատանքը անպտուղ է:

Այսպես, փաստաբանի հաղորդմամբ՝ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված եւ անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որեւէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Աիլյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարեւոր են»։

Նույնիսկ Թոռնիկ Աիլյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար, իսկ մեղադրանքի հիմքում դրված հանցակազմը (երկու եւ ավելի անձանց նկատմամբ) ընդամենը ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Փաստաբանը նշել է նաեւ, որ ՀՀ դատախազությանը ներկայացվել են նաեւ ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի եւ Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաեւ «Արար» հիմնադրամի երաշխավորությունները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատախազը, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մոտ 10 օր ուշացմամբ ուղարկել է մերժման որոշում։ Դատախազի նշված որոշումը նույնպես բողոքարկվել է դատական կարգով եւ գտնվում է քննության փուլում։ Նախաքննության ամբողջ ընթացքում հանդես են եկել մի շարք միջնորդություններով՝ ուղղված դատախազությանը եւ քննիչին, որոնք կա՛մ մերժվել են, կա՛մ հետաձգվել ու այդպես էլ լուծում չեն ստացել։

Նշել է, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, որը դատարանի համապատասխան որոշմամբ բավարարվել է մասնակի. կալանավորման ժամկետը երկարացվել է 15 (տասնհինգ) օր ժամկետով այն պատճառաբանությամբ, որ…  դեռեւս առկա են չհարցաքննված, սակայն դեպքի վերաբերյալ էական տեղեկություններ տիրապետող հնարավոր անձինք, որպիսի պայմաններում մեղադրյալը կարող է ազդել վկաների վրա…

Ըստ փաստաբանի՝ դատարանն իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը: Նույնիսկ դատական քննության ընթացքում դատարանի հարցադրմանը, թե ինչ գործողություններ են նախատեսվում կատարել Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու համար, քննիչը հայտնել է, որ նախաքննությունը փաստացի ավարտվել է, եւ անհրաժեշտ է միայն մեղադրական եզրակացությունը ուղարկել դատախազի հաստատմանը:

Այսինքն, տվյալ պարագայում քննիչը «արդարադատություն իրականացնելու պարտականություն ունեցող դատավոր»-ին հայտնել էր, որ չկա այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, եւ միայն մեղադրական եզրակացությունը պետք է ուղարկվի դատախազին, սակայն դատավորը Ավետիք Չալաբյանին պահում է կալանքի տակ գոյություն չունեցող եւ չկատարվող քննչական գործողությունների կատարման համար: Վերոնշյալ եւ այլ քրեադատավարական կանոնների խախտման առկայության պայմաններում փաստաբանը գտնում է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի շատ հստակ քաղաքական երանգներ, որոնք այլ հանգամանքների համադրմամբ թույլ են տալիս Ավետիք Չալաբյանի կալանավորումը դիտարկել ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձեւի շրջանակներում եւ պնդել, որ Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է։

Նախ, փաստաբանի համոզմամբ, չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած, երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակներում կալանավորումը կրում են խտրական բնույթ, երրորդ՝ Ավետիք Չալաբյանին ազատությունից զրկելն ուղեկցվել է քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝ սկսած բերման ենթարկելու պրոցեսից, վերջացրած կալանավորման վերաբերյալ միջնորդության քննարկման համար դատարանի կողմից քննչական մարմնի զանգով նիստը հետաձգելով, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունով, Արուսյակ Ալեքսանյանի ապօրինի դատական ակտով, քննիչի եւ դատախազի կողմից դատավարական ժամկետների եւ կարգի դիտավորյալ խախտումով, չորրորդ՝ քաղաքական դրդապատճառներով։ Փաստորեն, հերթական անգամ ականատեսն ենք գործող իշխանության կամայական կալանավորումների արատավոր երեւույթին, ինչի վառ ապացույցն է նաեւ Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկածի՝ առ այսօր ազատության մեջ գտնվելու հանգամանքը»։

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՐՑ

ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաեւ ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում շարունակում են աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը՝ հանուն երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: Այն դիտարկմանը, որ, ի տարբերություն պետդեպի, որն իր հայտարարությունների մեջ շարունակաբար հիշատակում է խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ մարմնի՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի մասին, Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է այն, Փրայսը պատասխանել է. «Մենք մեր հայտարարությունների մեջ հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձեւաչափով, որն արդյունավետ կլինի»:

 

 

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց. տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

 

 

 

ԿԲՌՆԱԳԱՆՁՎԻ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԸ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից եւ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում, իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը, 19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաեւ 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով եւս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

 

 

 

660 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 25-ին՝ երեկոյան ժամը ութին, Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Տավուշի բաժնում տվել էր հաղորդում, որ հունիսի 15-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում իր առանձնատան մուտքի դռան սողնակը բացել ու մտել են տուն եւ ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հափշտակել մեկ միլիոն 660 հազար դրամ: Հաղորդումից մոտ երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվեց տուժած այգեձորցու 27-ամյա հարեւանուհին: Ընդունելով մեղքը` նա պատմեց, որ դեռ հուլիսի սկզբներին, լինելով հարեւանի տանը, ներքնակի տակից գողացել էր 200 հազար դրամ: Այնուհետեւ՝ արդեն հուլիսի կեսերին, իմանալով, որ տանը մարդ չկա, դռան փայտե սողնակը բացել ու նույն ներքնակի տակից տարել էր եւս 200 հազար դրամ: Դրանից հետո, օգտվելով տանտերերի անուշադրությունից, եւս հինգ անգամ արդեն սովոր տեղից տարել էր տարբեր չափի գումար: Կինը պատմեց նաեւ, թե ինչպես էր ծախսել փողը: 620 հազար դրամ փոխանցել էր իր բանկային քարտի հաշվին, 47 հազարը ձերբակալման պահին մոտն էր, 100 հազարը պահել էր տանը, իսկ մնացած փողով մարել էր գյուղի տարբեր խանութ-կրպակներում կուտակած պարտքը:

 

 




Լրահոս