ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԳՐԱՎԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով նիստը: Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում. մեղադրվում է 2020թ. նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ «Դիմադրություն» շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։ Վերջերս դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը: Պաշտպան Բենիկ Գալստյանը երեկ միջնորդություն ներկայացրեց՝ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը  փոխելու մասին: Գերասիմ Վարդանյանի համար անձնական երաշխավորություններ են ներկայացրել ԱԺ չորս պատգամավորներ՝ Արամ Վարդեւանյանը, Աշոտ Սիմոնյանը, Աննա Գրիգորյանը եւ Թադեւոս Ավետիսյանը: Պաշտպանը միջնորդեց նաեւ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառել 3 միլիոն 100 հազար դրամ գրավ կամ դրանից ավելի գումար՝ դատարանի հայեցողությամբ:

 

Պաշտպանը հայտարարել էր, որ առավել նպատակահարմար կլիներ, որ դատարանը նախապատվությունը տար երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխմանը: Դատախազն էլ առարկեց միջնորդությունների դեմ՝ հայտարարելով, որ նախորդ նիստից, երբ դատարանը որոշել է երկարացնել Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը, որեւէ հանգամանք չի փոխվել, ուստի, խափանման միջոցի փոփոխության միջնորդությունն անհիմն է: Նախկինում՝ մայիսի 4-ին կայացած նիստում դատախազը հայտարարել էր, որ 60 միլիոն դրամ գրավի դիմաց իր համար ընդունելի կլինի խափանման միջոցի փոփոխությունը,  սակայն կտրականապես դեմ է նաեւ գրավի կիրառմամբ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի փոփոխմանը: Գերասիմ Վարդանյանն էլ հայտարարեց, որ գրավի չափը դատարանը պետք է որոշի ողջամտության եւ իր հնարավորությունների սահմաններում, այլապես ինքը կհրաժարվի գրավի, իր բնորոշմամբ՝ փրկագնի, վճարումից, քանի որ ինքն իր ազատությունն աճուրդի չի հանել ու պատրաստ է մինչեւ վերջ պայքարել արդարության համար: Նա հավաստիացրեց, որ հասնելու է արդարության:

Դատարանը մերժեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Դատարանը մերժեց նաեւ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Պաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ բողոքարկել են դատարանի որոշումը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին:

Ք. Մ.

 

 

 

ԿՅԱՆՔԸ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Է

Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Այս մասին ասված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

 

«Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում եւ պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն:

Թեեւ բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետեւելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության եւ անհարկի խուճապ ծնող երեւույթների:

Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլեւ հիշյալ համակարգերի առջեւ արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետեւանք արձանագրվել է նաեւ վերջին օրերին:

Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ Նոյեմբերյան քաղաքից դեպի Տավուշի մարզկենտրոն Իջեւան եւ հակառակ ուղղությամբ հասարակական տրանսպորտ՝ ավտոբուս կամ միկրոավտոբուս, չի գործում։ Նախկինում այդ երթուղով միկրոավտոբուս  էր աշխատում, որի ուղեվարձը  500 դրամից բարձրացրին, դարձրին 1000 դրամ, սակայն որոշ ժամանակ  համարելով, որ  այդ երթուղին եկամտաբերություն չի ապահովում, այն փակեցին։ Նոյեմբերյան քաղաքի եւ Նոյեմբերյան խոշոր համայնքի բազմաթիվ բնակիչներ մարզկենտրոն Իջեւանում ամեն  օր գործեր են ունենում, սակայն Նոյեմբերյան  խոշոր համայնքի բնակավայրերը Իջեւանին կապող հասարակական տրանսպորտ չկա։ Իջեւան քաղաքի պետական հիմնարկներում աշխատող նոյեմբերյանցիներ կան, որոնք ամեն աշխատանքային օր Նոյեմբերյանից Երեւան մեկնող  միկրոավտոբուսով են գնում եւ դրանով աշխատանքից տուն  են վերադառնում, միկրոավտոբուսում տեղ զբաղեցնելու համար 1000 դրամի փոխարեն Երեւան մեկնող կամ այնտեղից վերադարձող  ուղեւորի համար նախատեսված 2000 դրամ վճարում։ Տավուշի մարզպետարանը պետք է  մտածեր Նոյեմբերյան-Իջեւան-Նոյեմբերյան երթուղով հասարակական տրանսպորտ գործարկելու մասին, սակայն մարզպետարանն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում։

 

 

 

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ 

Նոյեմբերյան քաղաքի  փոքր խանութների տերերը դժգոհեցին, որ այս տարվա գարնանը պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային բաժնի աշխատակիցները Նոյեմբերյանում բազմաթիվ խանութներ են տուգանել, որոշ խանութներ փակել 7-10 օրով։ Հարկային ծառայության կողմից կիրառված երկու տուգանքներից հետո խանութներ փակելը ներկայումս օրենքով արգելված է։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նոյեմբերյանցի խանութատերերն ասացին, որ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները նոյեմբերյանցի խանութատերերին տուգանել են՝ ասելով, որ  նրանք  գնորդներին ՀԴՄ կտրոն չեն տամադրում այն դեպքում, երբ այդ խանութների տերերը ապրանք են ձեռք բերում Երեւանի մեծածախ վաճառքի կետերից, որտեղ ՀԴՄ չեն տրամադրում, այսինքն՝ ՊԵԿ-ի աշխատակիցները, փոխանակ գնան ապրանքի ձեռքբերման տեղ, Երեւանի մեծածախ վաճառքի  կետեր,  տուգանք են կիրառել  ապրանքի ձեռքբերման շղթայի ծայրին՝ հեռավոր, սահմանամերձ Նոյեմբերյանում։ Չնայած ՊԵԿ-ի ոչ օրինաչափ  գործողություններին՝ Նոյեմբերյան քաղաքի խանութների տերերը չեն վիճարկել ՊԵԿ-ի գործողությունների օրինաչափությունը՝ մտածելով, որ ՊԵԿ-ի հետ հակադրվելն իրենց համար վատ հետեւանքներ կունենա։ ՊԵԿ-ի գործողություններից տուժած Նոյեմբերյան քաղաքի  բազում խանութներից միայն  մեկի տերն է ՊԵԿ-ի դեմ  դիմել դատարան։ Նոյեմբերյանի խանութների տերերը մեզ հետ զրույցում ասացին, որ հարկային տեսչության աշխատանքում շատ բան չի փոխվել, նրանք նախկինի նման տնտեսվարողներին տուգանելու պլան ունեն, որը կատարում են։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս