ՀԱՐՑ. Դպրոցների օպտիմալացման ժամանակ նույն տարում Գավառում վերաբացվեց Եվրոպական համալսարանին կից քոլեջ: Լավ սովորող երեխաներն իրենց հետագան բարելավելու համար ընդունվեցին այդ ուսումնական հաստատություն: Տարեկան վարձավճարը 105 հազար դրամ էր: Քոլեջի առավելությունն այն էր, որ լավ սովորող երեխաներն այն ավարտելուց հետո միանգամից պիտի ընդունվեին Եվրոպական համալսարանի առաջին կամ երկրորդ կուրս: Այժմ այդ պայմանավորվածությունը մոռացվել է, եւ դրա փոխարեն ղեկավարությունը սովորողներին համալսարանի առաջին կուրս ընդունվելու համար առաջարկում է ավագ դպրոցի շրջանավարտների հետ միասնական քննություն հանձնել: Եթե լավ հանձնեն քննությունները, ապա գործերը կտեղափոխեն համալսարանի հեռակա բաժին: Բայց ծնողներով չենք համաձայնում, քանի որ սկզբից ղեկավարությունը ծնողների եւ աշակերտների հետ ուրիշ կերպ է պայմանավորվել: Արդեն 3 տարվա համար 315.000 դրամ ենք վճարել: Հիմա էլ մեր երեխաներին ստիպում են դասախոսների հետ անհատական պարապել, որպեսզի կարողանան ընդունվել համալսարան: Այժմ այդ քոլեջում 40 երեխա է սովորում, եւ բոլորն էլ խաբված են, ինչո՞ւ են մեզ խաբել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե երեխան մեր քոլեջն ավարտում է, իր մասնագիտության համապատասխան գիտելիք ինքը հաստատ ստանում է, եւ անհրաժեշտ չէ, որ գնա ու դասախոսի մոտ պարապի: Մենք օրենքը չենք խախտել ոչ մի ծնողի առաջ, եւ ոչ մի ծնող նման պայմանագիր չի ստորագրել, որ իր երեխան քոլեջից հետո պարտադիր ուսումը պետք է շարունակի ակադեմիայում: Եթե երեխան լավ է սովորում ու բարձր գնահատականներ ունի, քննությունները հանձնելու դեպքում կարող է նստել միանգամից ակադեմիայի երկրորդ կուրս` համապատասխան մասնագիտությամբ: Իսկ եթե երեխան լավ չի սովորում, ապա քոլեջը դրանում ոչ մի մեղք չունի:
Տիգրան Գասպարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ պատասխանը բավական ծավալուն է, սակայն այնպիսի որոշակիությամբ չի ներկայացվում, որ ծնողներին հնարավորություն տրվի ի վերջո կողմնորոշվել իրենց ուսանող երեխաների ու Եվրոպական քոլեջի միջեւ ծագած խնդիրը լուծելու հարցում: