Արաքս գետի հունից անթույլատրելի ծավալներով ավազ է արդյունահանվում, ինչի արդյունքում գետն աստիճանաբար փոխում է իր հունը: Արդյունքում ոչ միայն ՀՀ սահմանն է նեղանում, այլեւ անվերականգնելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին եւ ստեղծվում է հեղեղումների լուրջ վտանգ: Մասնագետների պնդմամբ` վերջին տարիներին Արաքս գետի երկայնքով ձգվող ավազահանքերի պատճառով հայկական կողմից գետի հունը ներս է եկել` խախտելով հայ-թուրքական սահմանը հօգուտ Թուրքիայի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է գետի հունից արդյունահանման դեպքերը բացահայտել եւ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերել:
Մեզ հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն լուծման իր տարբերակն է առաջ քաշում: Պետական այս կառույցն առաջարկում է սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքների իրականացումը կապահովվի GPS համակարգով կահավորված հանութաբարձիչ և հանութափոխադրիչ մեքենաների եւ սարքավորումների միջոցով: Կհաջողվի արդյոք այս տարբերակով վերահսկել ավազի արդյունահանումը, ցույց կտա ժամանակը: Բայց միաժամանակ նկատենք, որ կառավարության այս քայլը բավականին ուշացած է:
Ս.Հ.