ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխարհում հնարավոր չէ խաղաղություն հաստատել խաղաղության մասին ելույթներով։ Ակնհայտ է, որ առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցային սեղանի շուրջ ձեռքբերումներ ունենալ»: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե իբր  միջազգային հանրությունը էական քայլ չի արել Հայաստանի մոտ 30 տարի տևած «օկուպացիոն» (չակերտները՝ Tert.am) քաղաքականության դեմ։

 

Էրդողանի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Արդբեջանի հաղթանակից հետո «օկուպացիան» ավարտվել է, գրում է posta.com.tr կայքը:

«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի պատմական հնարավորությունը չկորցնենք: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Կովկասում՝ «կայուն խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ուղղությամբ։ Մենք շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ: Ես հավատում եմ, որ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա, եթե Հայաստանը արձագանքի կոչերին», – ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հուլիսին հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն էր:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, շնորհավորել էին միմյանց՝ Կուրբան Բայրամի եւ Վարդավառի տոների առթիվ:

Երեւանն ու Անկարան նույն հաղորդագրությունն էին տարածել՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի եւ Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաեւ ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։

Ըստ երկու արտգործնախարարությունների` հատուկ ներկայացուցիչները քննարկել են հարաբերությունների լիարժեք կարգավորմանը հասնելու հնարավոր քայլերը` ընդգծելով կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու պայմանավորվածությունը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Դեռ մարտին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից եւ նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր: Օդային սահմանը վերաբացվեց 1995 թվականին եւ, չնայած փակ ցամաքային սահմանին, Թուրքիան Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի երկկողմ առեւտուրը կազմել է 73,5 միլիոն դոլար։

Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը չորրորդ անգամ են հանդիպում: Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը, մինչ այժմ, երկու երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն էր, որը դադարել էր 2019-ի վերջին:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՍԵՂՄՈՒՄ ԵՆ

Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրեցին, իսկ ռազմական առումով՝՝ ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը, մեծացնում ճնշումը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Մեկ շաբաթ է՝ բոլոր մանրամասներով ուսումնասիրում եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի դրդապատճառները։ Ե՛վ քաղաքական, ե՛ւ ռազմական, ե՛ւ ռեգիոնալ տեսանկյունից, դետալային, հաշվարկված օպերացիա էր։ Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրեցին, իսկ ռազմական առումով՝ ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը, մեծացնում ճնշումը։ Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլեւս չունի, եթե նույնիսկ ինչ-ինչ հրաշքով, նման ցանկություն առաջանար»,- գրել է նա։

 

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն որոշել է «նախազգուշացնել» Հայաստանին՝ «հետագա սադրանքների անթույլատրելիության» մասին։ «Մենք մեկ անգամ եւս նախազգուշացնում ենք Հայաստանին, որպեսզի չմասնակցի նոր սադրանքների»,- ասել  է նա՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում։ «Մենք կասկածի տակ ենք դրել  «սառեցված հակամարտություն» տերմինը՝ հիշեցնելով, որ սառույցների հալվելը նշանակում է հակամարտություն՝ ցանկացած պահի»,- նշել է նա։ Չավուշօղլուն հավաստիացրել է, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Թուրքիան «դիմել է տարածաշրջանային խաղաղության ջանքերի»։ «Այսպիսով, մենք այսօր խոսում ենք տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության, այլ ոչ թե օկուպացված հողերի, տեղահանված անձանց, փախստական միգրանտների եւ հակամարտության մասին։ Անկարան շարունակում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման, համագործակցության մթնոլորտի ձեւավորման ջանքերը։ Մենք նորից նախազգուշացնում ենք Հայաստանին՝ հետագա սադրանքների անթույլատրելիության մասին»,- ասել է նա։

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ներկայացրել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։ Պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները մշակվել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների հետ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների արդյունքում։ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2021թ. իրականացված թեմատիկ հետազոտությամբ վերհանված առաջարկությունները։ Պաշտպանը ներկայացվող առաջարկությունները գրավոր ընթացակարգով քննարկման գործընթաց է իրականացնում նաեւ Պաշտպանին առընթեր խորհուրդների հետ եւ շարունակելու է այս թեմայով քննարկումները՝ ներառյալ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ բարեփոխումների գործընթացի ամբողջ ընթացքում։

 

 

 

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին Սեւանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցվում: Ու թեեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սեւան» ազգային պարկը խնամքով թաքցնում են սեփականատիրոջը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է սեփականատիրոջ ով լինելը։ Առանձնատան տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին:

Իհարկե, 2018-ի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, եւ Սեւանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Սակայն ինչպես շատ հարցերում, Փաշինյանը նաեւ այստեղ խաբեց:

Հուլիսի 20-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում:

Ու թեեւ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը Արման Հակոբջանյանին 2019 թ.-ի սեպտեմբերին տրամադրել է նախագծման թույլտվություն, այնուամենայնիվ, քաղաքաշինական նորմերի խախտումներով է նա կառուցում իր շքեղ առանձնատունը:

Հատկանշական է, որ Հակոբջանյանն իր տունը կառուցում է ճիշտ նույն պայմաններում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանի առանձնատան հարեւանությամբ: Ռոմանոս Պետրոսյանը, երբ շրջակա միջավայրի նախարար էր, ակտիվորեն ցանկանում էր քանդել Գասպարյանի առանձնատունը. չհաջողեց: Փաստորեն, Գասպարյանի առանձնատունը քանդել պետք է, բայց Արման Հակոբջանյանին նույն պայմաններում թույլտվություն է տվել հեղափոխական իշխանությունը:

Հավելենք, որ Արման Հակոբջանյանը Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում, Հայաստանում եւս նա պետգնումների մրցույթների ակտիվ հաղթող է եւ ճանպարհներ է նորոգում: Նա ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է, եւ առաջիկայում Հակոբջանյանի արտոնյալ գործունեության մանրամասներին կանդրադառնանք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս