ՀՀ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում եվրոպական չափանիշերին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցելու իշխանությունների խոստումները դեռ քննակումների մակարդակի են:
Պարբերաբար մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ մարզպետներ, տարածքային կառավարման եւ ենակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի շուրջ հավաքվում են, ինչ-որ քննարկումներ անում ու վերջ: Աղբավայրն այդպես էլ չի կառուցվում:
Այս թեմայի շուրջ վերջին քննարկումն իշխանություններն անցկացրել են օգոստոսի 3-ին. քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում ստեղծված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գործառույթներին, ինչպես նաև իրականացվող շինարարությանն առնչվող հարցեր։ Կարճ ասած՝ շարունակական քննարկումներ եւ ոչ գործնական վիճակ: Այս ծրագիրը բոլոր մարզպետների ձեռքի տակով է անցել. անգամ Գնել Սանոսյանն է մարզպետի կագավիճակում քննարկել աղբավայր կառուցելու հարցը, բայց անպտուղ:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ դեռեւս 2016 թվականին ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել էր «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է կառուցել եվրոպական չափանիշերին համապատասխան սանիտարական աղբավայր եւ ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Ավելին, ծրագրի ընդհանուր բյուջեն 8,07 մլն եվրոյից հասցվեց 11 մլն-ի, որից 5,5 մլն եվրոն վարկ է՝ 15 տարի մարման ժամկետով, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վարկի տոկոսադրույքը` լողացող, արտոնյալ ժամկետը` 3 տարի: Բանկը նաեւ 1.600.000 դրամ դրամաշնորհ է հատկացրել խորհրդատվական ծառայությունների համար: Ծրագրի տեւողությունը 3 տարի էր: Ի դեպ, աղբավայրի շինարարական աշխատանքները նախատեսվում էր սկսել 2018 թվականի գարնանը: Եթե ստորագրված այս պայմանագրին նայենք, ապա մենք վաղուց պետք է աղբավայր ունենայինք, այն էլ՝ եվրոպական չափանիշերին համապատասխան:
Իսկ ահա նախորդ տարի Գեղարքունիքի մազպետարանից հայտարարեցին, որ այդ շինաշխատանքները պետք է ավարտին հասցնեն 2022 թվականին։ Բայց ինչպես տեսնում եք շինարարական աշխատանքները ոչ միայն չեն ավարտվել, այլեւ դադարեցված են:
Այնուամենայնիվ, ArmLur.am-ը դիմեց Կոտայքի մարզպետ Արտավազդ Սահակյանին եւ հետաքրքրվեց, թե մինչեւ երբ են շարունակվելու այդ քննարկումները եւ ինչու են ձգձգվում այդ շինաշխատանքները: «Մի փոքր խնդիրներ ի հայտ եկան՝ կավի հետ կապված. կավի պաշարները տեղում վերջացան, հիմա այլ տեղից են տեղափոխում, հետաձգվեց մի փոքր, ժամկետ տրվեց, ժամկետներ ավելացվեց: Նոյեմբերին կավարտեն շինարարական աշխատանքները»,- տեղեկացրեց Կոտայքի մազպետը:
Մեր զրուցակցի խոսքով, նոյեմբերին շինաշխատանքներն ավարտին հասցնելուց հետո, համայնքները բաժնետեր են դառնալու մի ընկերությունում եւ միասին համատեղ կսկսեն շահագործել այդ աղբավայրը: «Արդյունքում, կոնկրետ մեր մարզում 23-24 աղբավայր կփակվի, կդառնա մեկ հավաքատեղի, Աբովյանի աղբավայրը հիմա որ գործում է, այդտեղից աղբը կտեղափոխվի Հրազդանի տարածք, նույն գործընթացը Գեղարքունիքում պետք է լինի»,- լրացրեց մազպետը:
Սյունէ Համբարձումյան