ԱՐՑԱԽՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

 

-Տիկի՛ն Հովսեփյան, 44-օրյա պատերազմից հետո Դուք Արցախում եք հաստատվել, այս օրերին եւս Արցախում եք։ Ի՞նչ մթնոլորտ է Ստեփանակերտում՝ Արցախի տարածքից հերթական զիջումն անելու ֆոնին։ Ի՞նչ են մտորում մարդիկ, տեղի իշխանությունները:

-Իրականում մարդկանց տագնապը, մտահոգությունները, լարվածությունը շատ է: Մարդիկ շատ լարված են, մտահոգված են, մասնավորապես՝ Բերձորի հարցի բարձրացման հետ համընթաց: Այսինքն՝ սա այն հարցերից է, որ Արցախում շատ լուրջ անհանգստություն է առաջացրել, եւ մարդիկ արդեն անվտանգության խնդիր են բարձրաձայնում, որն արդեն իսկ կար պատերազմից հետո: Սա վերջին հույսն էր, որ եթե գոնե հնարավորություն կար անվտանգ ճանապարհ անցնելու, այդ ճանապարհի անվտանգության հարցը վերջնականապես  փակվում է: Կարելի է ասել՝ օգոստոսի 25-ից հետո Արցախը կհայտնվի շրջափակման մեջ, եթե թույլ տան այդ ոճրագործության իրականացումը:  Արցախցիները շատ մտահոգ են, եւ այդ մասին, իհարկե, խոսվում է, բարձրաձայնվում է: Թե ինչ են մտածում այդ մասին իշխանությունները, ես որեւէ կերպ չեմ կարող ասել, որովհետեւ չեմ հաղորդակցվում որեւէ մեկի հետ:

-Շատերը զարմանում են հատկապես արցախցիների վրա, որ պատերազմից հետո հերթական զիջումն են հանդուրժում։ Ի՞նչ կարող ենք անել առհասարակ բոլորս, որ չենք անում, չնայած որ ասես համատարած  թմբիրի մեջ ենք։

-Այո, կարող են շատերը զարմանալ, բայց արցախցիների վրա զարմանալ պետք չէ, զարմանալ պետք է հայ մարդու վրա, թե ինչպես է հարմարվում: Այս խնդիրը միայն Արցախի խնդիր չէ, այս խնիդրը Զանգեզուրի միջանցքի խնդիրն է: Այս խնդիրը կա Սյունիքի մարզում, ինչպես մի քանի օր առաջ վարչապետ կոչվածը նշեց Ղազախի ճանապարհի բացման մասին: Այս նույն խնդիրը Տավուշի մարզինն է, Սյունիքի եւ Վայոց ձորի եւ մնացած բոլոր մարզերինն է: Այստեղ ոչ թե թմբիրի մեջ են մարդիկ, այլ պատերազմից հետո մի մասը վախենում է, որ նորից պատերազմ ու մահ կլինի,  մի մասը վախենում է, որ նորից ինչ-որ տարածքներ կզիջեն, բայց մենք տեսնում ենք, որ գրեթե ամեն օր ունենք մահ, վիրավորումներ, գերիներ, մինչ օրս գերիների հարցը լուծված չէ: Ամեն օր ունենում ենք տարածքների կորուստներ, դարձել է սովորական, որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ կորցնում ենք տարածքներ: Ինչ վիճակում պետք է լինի մարդը, բացի վախից, անհանգստությունից:

-Այս ամենի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման նոր ամսաթվի մասին է խոսում։ Ի՞նչ նոր սպառնալիքներ կան դեռ։

-Իլհամ Ալիեւը միշտ խոսում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: Այս մասին լռում է մեր իշխանությունը, բայց իր գործողություններն ամբողջությամբ տանում է «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը, ինչն անթույլտրելի է: Քանի որ բոլորը Հայաստանում շատ անտարբեր ապրում են եւ կարծում են, որ այս խնդիրը միայն Արցախինն է, մի քանի ժամանակ հետո ականատեսը կլինեն, թե ինչպես կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պլանավորված կներկայացնի եւ հաշվետու կլինի իր պատվիրատուին, թե ինչպես է կործանում Հայաստանը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. «Արձանագրենք, որ եռամսյա հավաքներից մեկ շաբաթ է անցել, եւ ունենք հավաքի զորակոչված մեկ զինծառայողի հանկարծամահության դեպք, եւս մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ, որոնողական աշխատանքները Սեւանա լճի հատվածում շարունակվում են։ Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է, թե ինչ նպատակով են պաշտոնապես անցկացվում այս հավաքները (քաղաքական մոտիվները դեռ մի կողմ). շատ քչերը։

Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում, դրա համար այս հավաքների տակ ամեն ինչ կարելի է փնտրել եւ գտնել, բացի իր բուն նպատակից։ Բովանդակության, կազմակերպչականի, կարգապահության մասին չխոսեմ. ամեն ինչ արդեն պարզ է։ Հետեւանքները նման դեպքերում ակնհայտ են, ու այս ամենը՝ տարածաշրջանում լարվող իրադրության պայմաններում»:

 

 

 

ԱՆՎՏԱՆԳ ԿԼԻՆԻ՞

Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը եւ Աղավնո գյուղը հանձնվելու են Ադրբեջանին: Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն օրերս այցելել էր Բերձոր եւ բնակիչներին տեղեկացրել այդ մասին։ Ըստ նախարարի՝ օգոստոսի 25-ին ադրբեջանցիները մտնելու են Բերձոր, իսկ ռուս խաղաղապահները դուրս են գալիս։ Բերձորի ճանապարհը փոխարինվելու է նոր այլընտրանքային ճանապարհով։

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, խոսելով այլընտրանքային ճանապարհի անվտանգությունից, նկատեց. «Ադրբեջանական կողմն իր ճանապարհն արդեն կառուցել, ավարտել է, մնացել է՝ հայկական կողմն իր ճանապարհը կառուցի։ Դեռ ճանապարհի մի հատվածն է կառուցված, այն բաղկացած է երկու մասից։ Մի կտորն ադրբեջանական կողմը սարքել է, մնում է՝ հայկական կողմը սարքի, իսկ մյուս կտորը եւս Հայաստանը պետք է սարքի»։

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ իրեն ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով, Մովսես Հակոբյանը հերքեց. «Ի՞նչ հարցով պետք է հարցաքննության հրավիրեին, ինքս որեւէ բանից տեղյակ չեմ, որեւէ ծանուցում չեմ ստացել՝ հարցաքննության համար»։

 

 

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է: Հայաստան 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին ժամանել է 588 հազար 731 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 156 հազար 5-ով ավելացել է: Անցյալ տարվա վեց ամիսների ընթացքում ՀՀ Ռուսաստանից այցելել է 95 հազար 30 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 251 հազար 35: Բացի այս, 4 հազար 760-ով ավելացել են Ֆրանսիայից, 6607՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից եւս ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ի դեպ, Հայաստան այցելել են անգամ Ադրբեջանից (3 հոգի): Խոսքը ադրբեջանցի պատգամավորների մասին է, որոնք Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 41 հազար 196-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, այս տարվա վեց ամիսներին 2191-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Եթե 2021 թվականի հունվար-հունիսին ՀՀ Թուրքիայից ժամանել է 1150 զբոսաշրջիկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 3341: Սրան զուգահեռ՝ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021-ի վեց ամիսներին Հայաստան այցելել է 26 հազար 544 իրանցի զբոսաշրջիկ, իսկ այս տարի այդ թիվը կազմել է 48 հազար 122: Ի դեպ, զգալի ավելացել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. մեկ տարվա ընթացքում 6741-ից՝ հասնելով 13 հազար 17: Նկատենք, որ, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 2.9 անգամ: Այս տարվա վեց ամիսներին մեր երկրից մեկնել է 343 հազար 553 զբոսաշրջիկ` 2021-ի 118 հազար 85-ի դիմաց:

 

 

 

ԿՐԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

Անկարայում տեղի ունեցող դեսպանների 13-րդ համաժողովի շրջանակներում հերթական ելույթն ունեցած Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է արցախյան հիմնահարցին եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Ըստ Չավուշօղլուի՝ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը» նպաստել է թյուրքական աշխարհի երկրների մերձեցմանը եւ մեծացրել վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Խոսելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացի մասին՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Հայաստանի հետ առանձին-առանձին մեր իրականացրած կարգավորման գործընթացներն առաջ ենք տանում համակարգված կերպով եւ ամեն փուլում տեղեկացնում ենք միմյանց ու խորհրդակցում իրար հետ: Տեղն եկած ժամանակ որոշումներ ենք կայացնում, թե ինչ քայլեր պետք է կատարենք կարեւոր հարցերում: Հայաստանին եւս մեկ անգամ զգուշացնում եմ, որ հատկապես խուսափի սադրանքներից: Տարածաշրջանի կայունության, հանգստության ու խաղաղության հարցում Թուրքիան ու Ադրբեջանն անկեղծ են: Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար: Միայն գեղեցիկ խոսքերով չի լինի, պետք է կոնկրետ քայլեր կատարենք եւ պայմանագրերը կյանքի կոչենք»:

 

 

 

 




Լրահոս