Դավադիր պայմանավորվածության արդյունքում սեփական ժողովրդին կանգնեցնում են փաստի առջեւ. Քրիստինե Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերձորն ու հարակից եւս երկու գյուղ առաջիկայում Ադրբեջանին կհանձնվեն։ Բնակիչներն արդեն սկսել են հանել իրենց գույքը։ Հասարակությունն այս ամենին հետեւում է լուռ, առանց որեւէ քայլ ձեռնարկելու։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը որեւէ քայլ չեն ձեռնարկում այս մասով։ Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։

-Արցախի Աղավնո ու Բերձոր համայնքները, փաստորեն, առանց որեւէ արգելքի, անցնելու են Ադրբեջանին։ Իշխանությունը, ընդդիմությունն ու հասարակությունն առհասարակ, բացի մեկը մյուսին քննադատելուց, այլ քայլեր չեն անում կամ գուցե անում են, պարզապես այդ մասին չեն բարձրաձայնում։ Կա՞ նման գործընթաց։

-Նախ կարծում եմ՝ անթույլատրելի է ընթացող գործընթացներում փաստացի իշխանության եւ որեւէ այլ սուբյեկտի ունեցած պատասխանատվության եւ մեղավորության հավասարեցումը։ Մենք պետք է հստակ արձանագրենք, որ ՀՀ փաստացի իշխանությունները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե որեւէ բան չեն անում իրավիճակը շտկելու համար, այլ հերթական դավադիր պայմանավորվածության արդյունքում սեփական ժողովրդին կանգնեցնում են փաստի առջեւ։
Ինչ վերաբերում է քաղաքական եւ այլ դերակատարներին, վստահ եմ, որ այս օրերին ազգային մտածողություն ունեցող ցանկացածն ուժերի ներածին չափով փորձում է օգնել։ Այո, կարող է այնպես լինել, որ իրականացվող աշխատանքների մի մասը նաեւ լինի ոչ հրապարակային.ամեն արվածի մասին չէ, որ հարկավոր է գոռալ։

Հայտնիէ, որ Աղավնո գյուղը վերակառուցվել էր սփյուռքի մեր հայրենակիցների կողմից, հատկապես գործուն դերակատարում են ունեցել դաշնակցականները՝ դեռ չասած, որ գյուղապետն ինքն էլ դաշնակցական շրջանակներից է։ Այս իմաստով ակնկալիքները ՀՅԴ-ից շատ ավելին էին կամ են։ Ի դեպ, գյուղապետը մինչեւ վերջին պահը վստահեցնում էր, թե գյուղից, ինչ էլ լինի, դուրս չեն գալու՝ մահ կամ ազատություն սկզբունքով։

-Այո, ՀՅԴ գործուն ջանքերով եւ ներդրումներով գյուղը վերակառուցվել եւ վրաբնակեցվել է։ Արցախյան ազատամարտից հետո ազատագրված տարածքները եղել են մեր հատուկ ուշադրության կենտրոնում։ Չեմ կարծում, որ կա որեւէ բան, որը կարող էր անել իշխանության չգտնվող ուժը Աղավնոյի համար, որը մենք չենք արել։ Այստեղ բոլորս խնդիր ունենք գիտակցելու, որ երբ դավադիր պայմանավորվածությամբ հանձնվում է այս կամ այն տարածքը, մեղավորներ պետք է փնտրել պայմանավորվածություն ձեռք բերողների մեջ, ոչ թե մեղադրել բոլորին, բացի հանձնողներից։

Ինչ վերաբերում է Աղավնոյի դաշնակցական գյուղապետին, վստահ եմ, որ նրա՝ առանց չափազանցնելու հերոսական դիմադրությունը դեռ օրինակ է լինելու եւ ոգեւորելու է շատերին։ Անդրանիկ Չավուշյանը պետք է բոլորիս, նա այս անհույս ու անլույս թվացող օրերի սակավաթիվ հույսի ճրագներից է, որը արել եւ շարունակում է անձնազոհաբար անել ամեն ինչ Աղավնոյի համար։ Անընդունելի եմ համարում այս համատեքստում նրան որեւէ կերպ թիրախավորելը կամ ակնարկելն անգամ, որ ինքը կարող էր ավելին անել, բայց չի արել։

Անգամ եթե մտածենք, թե Հայաստանն իր ռազմական արսենալով չէր կարող պայքարել երկու բնակավայրերի պաշտպանության ու պահպանության համար, այդուհանդերձ ո՞ւր մնաց դիվանագիտությունը, որ կարող էին ու պետք է բանեցնեին թե՛ իշխանավորները, թե՛ընդդիմադիրները։

-Կրկնում եմ՝ անընդունելի է այս համատեքստում փաստացի իշխանությունների եւ որեւէ այլ սուբյեկտի դրերակատարության եւ մեղավորության համեմատումն անգամ։ Ի տարբերություն փաստացի իշխանության ներկայացուցիչների՝ ընդդիմադիրներն այս ողջ ընթացքում ջանքեր չեն խնայել բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնելու Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները եւ թշնամիների հայատյաց եւ ֆաշիստական քաղաքականության դրսեւորումները։ Դրանց բոլորին ի պատասխան՝ փաստացի իշխանությունների կողմից մշտապես հնչում են հավաստիացումներ, որ երկու ժողովուրդների միջեւ համակեցությունը հնարավոր է,եւ որեւէ վտանգ այդտեղ իրենք չեն տեսնում։

-Ի՞նչ անել, որ ՀՀ ու Արցախի մյուս բնակավայրերը հանկարծ նույն ճակատագրին չարժանանան, չմասնատվի մեր բռաչափ երկիրը։

-Երկրում իրականացնել իշխանափոխություն։

Սեւակ Վարդումյան




Լրահոս