ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգենյան վիզա. այսպես է ընդունված կոչել այն վիզան, որը տրվում է այն պետությունների կողմից եւ այն պետությունների տարածքների համար, որոնք անդամակցում են «Միասնական սահմաններին իրականացվող վերահսկողությունը քայլ առ քայլ վերացնելու մասին» 1985թ. հունիսի 14-ին ստորագրված համաձայնագրին:

 

Այս համաձայնագիրը ստորագրվել է լյուքսեմբուրգյան Շենգեն կոչվող փոքրիկ բնակավայրում, այդ պատճառով էլ վիզան կոչում են Շենգենյան: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից։

Շենգենյան վիզան տալիս է Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում վեց ամսվա ընթացքում առավելագույնը 90 օրվա կացության իրավունք: Այս վիզայով հնարավոր չէ ծավալել աշխատանքային գործունեություն: Ներկայում Շենգենյան գոտու երկրներ են համարվում Բելգիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ավստրիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Չեխիան եւ Հունգարիան:

Ուշադրություն. Բուլղարիան, Իռլանդիան, Ռումինիան, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, ինչպես նաեւ Կիպրոսը Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններ չեն:

Գերմանիայի դեսպանությունից ստացած Շենգենյան վիզայով կարող եք այցելել նաեւ Շենգենյան այլ պետություններ: Հենց սա է Շենգենյան վիզայի իմաստը: Դուք կարող եք վիզայի վավերականության ժամկետում այցելել Շենգենյան ցանկացած երկիր, բայց այցելության հիմնական նպատակակետը (ամենաերկար կացությունը) պետք է լինի այն երկրում, որի դեսպանությունից Դուք վիզան ստացել եք:

Պետք է նկատի ունենալ, որ միայն վիզա ունենալը ինքնաբերաբար մուտքի իրավունք չի տալիս, եւ որ վիզա ունեցող անձը սահմանին պետք է փաստաթղթերով հավաստի, որ բավարարում է Շենգենյան սահմանային կոդեքսի 6-րդ հոդվածով նախատեսված մուտքի նախապայմանները:

Եթե ունեք, օրինակ, լեհական D-վիզա, կարող եք այդ վիզայով այցելել Գերմանիայում բնակվող ընկերներին: Համաձայն Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի՝ 02.03.2010թ. թիվ 265/2010 որոշման՝ D-վիզաները, որոնք տրվում են Շենգենյան պետությունների կողմից, 2010թ. ապրիլի 5-ից սկսած՝ համարվում են համաշենգենյան եւ արտոնում են վեց ամսվա ընթացքում առավելագույնը 90 օրվա կացություն:

Շենգենյան վիզայի վավերականությունը կախված է՝

-նշված ժամանակահատվածից,

-կացության օրերի թույլատրված առավելագույնից (օրինակ՝ 30 կամ 90 օր)

-թույլատրված մուտքերի քանակից (մեկ, երկու կամ բազմակի):

Օրինակ՝ Ձեզ տրվել է 30 օր ժամկետով եւ երկու անգամ մուտք գործելու հնարավորությամբ վիզա, ըստ այդմ՝ Դուք կարող եք վավեր ժամկետում երկու անգամ մուտք գործել Շենգենյան տարածք եւ այնտեղ գտնվել ընդհանուր մինչեւ 30 օր: Մուտք գործելու եւ Շենգենյան գոտուց դուրս գալու օրերը հաշվվում են որպես կացության օրեր:

Կացությանը նախորդող ժամանակահատվածների հաշվարկը կատարվում է Շենգենյան տարածք նախատեսված մուտքի ժամանակահատվածից սկսվող հետհաշվարկով: Եթե, օրինակ, մուտքը նախատեսված է 01.07.-ին, կացությանը նախորդող հնարավոր ժամանակահատվածների հաշվարկում դիտարկվում են վերջին 6 ամիսները (հունվար- հունիս), եւ հաշվի են առնվում համապատասխան կացությունները: Հաշվարկներին առնչվող հարցերի դեպքում Դուք կարող եք ցանկացած ժամանակ դիմել վիզայի բաժին:

Հարկ է նկատի ունենալ, որ մեկ տարի (2, 3 կամ 5 տարի) վավերականությամբ տրվող Շենգենյան վիզաները թույլ են տալիս Գերմանիայում կամ Շենգենյան գոտու անդամ որեւէ այլ պետությունում գտնվել վեց ամսվա մեջ առավելագույնը 90 օր:

Ն.Հ.

 

 

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի բժշկական կենտրոնում։

 

Մարզպետը բժշկական կենտրոնի հիվանդանոցային եւ պոլիկլինիկական ծառայություններ մատուցող մասնաշենքերում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, վերջին մեկ տարվա տեխնիկական վերազինումներին եւ նորոգման աշխատանքներին, շրջեց բաժանմունքներում, հիվանդասենյակներում, զրուցեց բուժանձնակազմի հետ։ Ինչպես ներկայացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանը, վերջին տարիների ընթացքում Վարդենիսի հիվանդանոցում բարելավվել են վիրաբուժական, գինեկոլոգիական, ռենտգեն հետազոտության, պոլիկլինիկայում` ակնաբուժական ծառայությունները։ Տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով կամ տնտեսված միջոցների հաշվին որոշակիորեն բարելավվել են նաեւ շենքային ու աշխատանքային պայմանները, սակայն որակյալ բուժծառայությունների մատուցման համար արդեն միավորված բուժհաստատությունը պետք է արմատապես վերազինվի նորագույն բուժսարքավորումներով, ունենա շենքային բարձրակարգ պայմաններ, համալրվի որակյալ բժիշկ մասնագետներով, նեղ մասնագիտական նոր ծառայություններով։

Ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները` մարզպետ Կարեն Սարգսյանը հավաստիացրեց բուժանձնակազմին, որ շատ շուտով կարգավորվեն բոլոր խնդիրները, երբ Վարդենիսը պետական հոգածությամբ կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն` հագեցած բժշկական նորագույն սարքավորումներով, շենքային պայմաններով եւ որակյալ բժիշկներով։

«Այժմ փորձաքննություն է ընթանում Վարդենիսի հիվանդանոցի սեյսմակայունության վիճակի շուրջ։ Եթե փորձաքննությամբ հաստատվի, որ շենքն ունի բավարար սեյսմակայունության, ապա մենք կանգ կառնենք հիվանդանոցի կապիտալ նորոգման եւ վերազինման տարբերակի վրա, իսկ եթե պարզվի, որ շենքի սեյսմակայունությունը չի բավարարում, ուրեմն կձեռնարկի նոր շենքի կառուցումը նույն հիվանդանոցի տարածքում, որը կունենա բուժծառայությունների մատուցման ամենաժամանակակից պայմանները»,- ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

 




Լրահոս