ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 67

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016-ի հուլիսի 6-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հյուընկալվելով լրատվամիջոցներից մեկին, խոսում էր իրենց՝ նոր-նոր հիմնադրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսության ու կուսակցականների արժեհամակարգի մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է անի անհնարինը պատմության 1000-ամյա ցիկլից դուրս գալու համար, իսկ ՀՀ-ի ու Արցախի տարածքը կենսական տարածք է: «Մեր խնդիրը հետեւյալն է. ո՞րն է մեր պատմության ցիկլը։ Գալիս է ժամանակ, որ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ ունենում ենք պետականություն, բայց հետո, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, պարզվում է՝ հնարավորություն չունեինք պետականություն ունենալու։ Է՜, բայց ես համաձայն չեմ դրա հետ,- հարցազրույցի ժամանակ ասում է նա ու ընդգծում։- Հայ ժողովուրդը երկրից հեռացումը, կներեք, փախուստը պետք է դադարեցնի, ու մեր քաղաքական գործունեությունը դա կանխելու դեմ է ուղղված լինելու։ Այսօր հող հանձնելու մասին մենք չենք մտածում։ Այսօրվա քաղաքական էլիտան մեզ տանում է պետականության կորստի ճանապարհով»:

Նիկոլ Փաշինյանն այդ հարցազրույցի ժամանակ խոսում է նաեւ քառօրյա պատերազմի հանգամանքների, թերացումների, ոչ ճիշտ կառավարման ու պատերազմի հետ կապված այլ թեմաների մասին՝ ամենասուր ձեւով քննադատելով այն բացերը, որ գուցե իսկապես եղել են այդ օրերին:

Մեր օրերի իրականությունը, սակայն, այն է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն ոչ միայն դուրս չի եկել Փաշինյանի ասած «պատմության 1000-ամյա ցիկից», այլ նոր ցիկլի մեջ է ընկել, որտեղ հակառակորդը պարբերաբար խախտում է պետական սահմանն ու տնավորվում մեր հողերում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ցավոք, ոչ միայն հողեր են հանձնվել, այլ նաեւ խախտվել է Արցախի Հանրապետության ամբողջականությունը, ավելին՝ ՀՀ-ի տարածքի, օրինակ՝ Երեւան-Կապան ավտոճանապարհի մի հատվածը՝ 21 կմ, Ադրբեջանին է անցել։

Փաշինյանի՝ հող չհանձնելու, «պատմական 100-ամյա ցիկլի» դեմ պայքարելու ու հայրենասիրության մասին խոհափիլիսոփայական հայտարարությունները սուտ են եղել:

 

 

 

2019 թվականին հիմնադրված բանակի կենտրոնական մարզական ակումբում չնայած որ պետք է խաղան ֆուտբոլիստ-զինծառայողները, սակայն «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ իրականում այդպես չէ, եւ այժմ ակումբում հանդես են գալիս նաեւ ֆուտբոլիստներ, որոնք, օրինակ, 31 տարեկան են։ Այս խայտառակության առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց բանակի կենտրոնական մարզական ակումբի  տնօրեն Գագիկ Աղբալյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Վերջինս նշեց. «Այժմ ունենք երկու ակումբ, որից մեկը խաղում է Պրեմիեր լիգայում, մյուսը՝ Առաջին խմբում։ Երկու ակումբների համար անհրաժեշտ է 50-ից ավելի ֆուտբոլիստ, սակայն Պաշտպանության նախարարությունն այս նախագծի համար տալիս է միայն 25 քվոտա, այսինքն՝ դրանից ավելի ծառայող ֆուտբոլիստ չունենք։ Մեր առաջին թիմում, որը խաղում է Պրեմիեր լիգայում, ներգրավում ենք նաեւ ֆուտբոլիստների, որոնք Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ են, որպեսզի իրենք էլ խաղան եւ օգնեն հավաքականին։ Նրանց ներգրավելու պատճառը միայն այն է, որ ՊՆ-ն մեզ տրամադրում է միայն 25 տեղ։ Տարիքով ավագ ֆուտբոլիստները մեր թիմում խաղում են թիմը լրացնելու եւ պատշաճ հանդես գալու համար։ Միեւնույն ժամանակ սա հենց ՊՆ-ի կողմից լավ նախաձեռնություն է երիտասարդների համար, որոնք կարող են խաղալ թիմում», – նշեց նա։ Ամեն դեպքում, ստացվում է՝ ի սկզբանե միայն ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաեւ այլ ֆուտբոլիստներ թեկուզեւ ՊՆ-ի կարգավորումների պատճառով։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Վրեժ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քաղաքացիներ Արա Վարդգեսի Թաթոսյանի, վերջինիս եղբայր Արտակ Վարդգեսի Թաթոսյանի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանի հետ կազմակերպված խմբով 2017թ. մարտի 30-ից մինչեւ 2018թ. փետրվարի 20-ը բանկից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար: Ըստ նախաքննական մարմնի՝ խումբը պղինձ-ցինկ համաձուլվածքից ու այլ մետաղներից պատրաստված կեղծ ոսկյա ձուլակտորներն ու զարդերը որպես ոսկի տարբեր անձանց անուններով գրավ է դրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում։ Ոսկերիչ Պավլիկ Մանուկյանը եւս տեղյակ ու մասնակից է եղել կեղծ ոսկուց պատրաստված իրերը որպես ոսկյա զարդ բանկում գրավադրելու գործին։ Պայմանագրերով տրվել են տարբեր չափերով վարկերի գումարներ, ընդհանուր՝ 276 մլրդ 159 մլն 703 հազար ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակվել է: Այս գործով քննությունը շարունակվում է: Ի դեպ, Armlur.am-ը հուլիսի 28-ին գրել էր, որ «Արդշինբանկ»-ի հաշվապահները, գանձապահը, կառավարիչը հափշտակություն էին արել, քանի որ 35 քաղաքացու ոսկյա իրեր դուրս էին բերել բանկից եւ յուրացրել: Կարճ ասած, «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը խիստ ռիսկային է. գուցե քեզ պղնձի կտոր վերադարձնեն ոսկյա զարդերի փոխարեն կամ վերցնեն ոսկեղենն ու պարզապես անհետանան:

 

 

 

Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 82 հազար 198 դրամ ամսական կտրվածքով, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 76 հազար 299 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 44 հազար 431 դրամ ամսական կտրվածքով։ «Ժողովուրդ»  օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 44 հազար 431 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18.6 գրամ ձու եւ այլն: Տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում գերազանցում է 330-400 դրամը, ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը ավելի քան 300 դրամ է կազմում, երկու հատ ձուն մինչեւ 80 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը սկսում է 150 դրամից: Սրան զուգահեռ՝ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է մոտ 30 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ է. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը:

 

 




Լրահոս