ՋԵՐՄԱՉԱՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՐԳԵԼՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է արգելել սնդիկի հավելիչով արտադրանքի ե՛ւ արտահանումը, ե՛ւ ներմուծումը: Այսինքն՝ ՀՀ տարածք չեն կարող մտնել եւ այստեղից չեն կարող դուրս գալ այնպիսի ապրանքներ, որոնք ունեն սնդիկ կամ սնդիկ պարունակող հավելիչներ։

 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սնդիկի հավելիչով արտադրանքների Հայաստանից արտահանման եւ ներմուծման արգելքը կսահմանվի վեց ամիս ժամկետով։ Այսինքն՝ այս որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից եւ գործելու է մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անգամ ներմուծման համարարգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկ է սահմանել, իսկ ցանկում տեղ են գտել սնդիկ պարունակող ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումներ՝ բարոմետրեր, հիգրոմետրեր, ջերմաչափեր: Նշենք, որ ցանկում ներառված են նաեւ կոսմետիկական, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից), օճառ, որպես օճառ օգտագործվող մակերութային ակտիվ օրգանական նյութեր եւ միջոցներ, սնդիկային լամպեր, սնդիկ պարունակող մարտկոցներ:

Ըստ ՇՄՆ հիմնավորման՝ սնդիկն ու սնդիկի միացությունները խիստ թունավոր են եւ վնասակար մարդու առողջության, վայրի բնության եւ էկոհամակարգերի համար, քանի որ սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետեւանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ եւ ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական եւ իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի եւ աչքերի վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար: Կոսմետիկ միջոցների, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցների, օճառների, որպես օճառ օգտագործվող մակերութակտիվ օրգանական նյութերի եւ միջոցների ներուծումը կամ արտահանումը նախատեսվում է թույլատրել, եթե ներկայացվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ Է ԿԱՆՉԵԼ

Հաղարծին գյուղի բնակչուհի Ասպրամ Հայրապետյանը տեւական ժամանակ ահազանգում է Հաղարծնի իրենց թաղամասում կոյուղու բացակայության, բաց հոսող, գարշահոտ կոյուղաջրերի, հակասանիտարական ահավոր վիճակի մասին։

 

Դիլիջան համայնքի ավագանու անդամներից մեկը՝ Նարեկ անունով, որը Հաղարծնի այդ թաղամասի բնակիչ է, Ա. Հայրապետյանին հայտնել է, որ այդ խնդիրը կարելի է լուծել այդ թաղամասի բնակիչների կողմից որոշակի գումար հանգանակելով եւ Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ՝ բանվորներ, եռակցող, տեխնիկա տրամադրելով եւ այլն։ Ասպրամը հայտնեց, որ դրա համար համայնքապետարանը պետք է ինժեներ, ճարտարապետ կամ չափագրող ուղարկեր, որպեսզի ճշտվեր կոյուղագծի կառուցման աշխատանքի ծավալը եւ այդ թաղամասի բնակիչների կողմից ներդրվելիք գումարի չափը։ Նարեկ անունով ավագանու անդամը Ա. Հայրապետյանին հայտնել է, որ ինքը խնդրի վերաբերյալ խոսել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ, որը սպասում է Ա. Հայրապետյանին։ Վերջինս պատմեց, որ երկու անգամ եղել է Դիլիջանի համայնքապետարանում, սակայն համայնքի ղեկավարը տեղում չի եղել։ Ասպրամն իր փոքրահասակ երեխայի հետ օգոստոսի  9-ին նորից եղել է համայնքապետարանում, համայնքի ղեկավարը նորից տեղում չի եղել, քարտուղարուհին Ասպրամին հորդորել է սպասել։ Ասպրամի խոսքերով՝ ինքը երեխայի հետ ընդունարանում նստել են, իր երեխան ցանկացել է հեռախոսով միանալ քաղաքապետարանի Wi-Fi-ին, ինքը չի թողել, սակայն ինքն իր հեռախոսը միացրել է, որ իր մազերը ուղղի, երեխան էլ մատով հեռախոսին դիպել, այն միացել է, եւ համայնքապետարանի ընդունարանից ինչ-որ թեք կադր է նկարվել, որից հետո ինքը հեռախոսն անջատել է։ Համայնքի ղեկավարն եկել է, Ասպրամը երեխայի հետ մտել է նրա աշխատասենյակ։

-Դուք ո՞վ եք, ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, որ եկել եք, ռազմավարական օբյեկտում պատերազմական իրավիճակում կադրեր եք հրապարակում, իմ քույրիկին եք նկարել, որը համայնքապետարանի աշխատողների հանգստի համար սուրճ էր մատուցում,- հարձակվել է համայնքապետը։

-Բայց ո՞վ է ձեր քույրիկը,- հարցրել է Ասպրամը։

-Իմ քույրիկը իմ գործավարն է,- ասել է Դ.  Սարգսյանը։

Նա  «ռազմավարական օբյեկտ»   համայնքապետարանում «պատերազմական իրավիճակում»  նկարելու համար զանգահարել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որպեսզի աշխատակիցներ գան համայնքապետարան։ Ասպրամը համայնքի ղեկավարին տվել է իր հեռախոսը՝ ասելով, որ նա կարող է զննել այն, այնտեղ ոչ մի վտանգավոր նկար չկա, սակայն համայնքի ղեկավարը հրաժարվել է։

Դ. Սարգսյանը  հանկարծ փոխել է թեման՝ Ասպրամին դիմելով.

-Դուք իմ ուսուցչուհին եք եղել, ինձ գերմաներեն եք պարապել, ես դրա համար շնորհակալ եմ։

Զայրացած եւ զարմացած Ասպրամը դուրս է եկել համայնքապետի աշխատասենյակից։ Դ. Սարգսյանի  ահազանգից հետո համայնքապետարան են եկել Հաղարծնի տեղամասային տեսուչը եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի մի աշխատող։ Ոստիկանության Դիլիջանի բաժնում ոստիկանները նայել են Ասպրամի հեռախոսը, տեսել, որ այնտեղ նկարված ոչ մի ռազմավարական օբյեկտ կամ ինչ-որ այլ նկար չկա, եւ ծիծաղել են։ Հավելեմ, որ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող 38-ամյա Դավիթ Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2021թ. փետրվարի 26-ին, նույն թվականի հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջանի ավագանու ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանու կողմից ընտրվել է խոշոր համայնքի ղեկավար։ Նա հայտնի է այն բանով, որ իր անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրել է՝ արու։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, այդ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավարը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 

Տավուշ

 

 

 

ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ArmLur.am-ն ահազանգ ստացավ, որ Բերձորի ու Աղավնոյի բնակիչների ունեցվածքը տեղափոխելու համար բեռնափոխադրող մի շարք ընկերություններ մեծ գումարներ են ուզում՝ օգտվելով ստեղծված ծանր վիճակից։ Մարդիկ փող չունեն, որ կարողանան օգտվել այս ծառայություններից։

ArmLur.am-ն փորձեց խոսել Արցախի կառավարությունից որեւէ մեկի հետ, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան: Մեզ հաջողվեց կապ հաստատել Արցախի նախագահի մամուլի խոսնակ  Լուսինե Ավանեսյանի հետ եւ հետաքրքրվել, թե ինչու են Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին թողել բախտի քմահաճույքին, ինչու չեն օգնում վերոհիշյալ հարցում:

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, հայտարարեց. «Ինձ հավաստիացրել են, որ դրա մասին էլ են հոգ տարել. բնականաբար, անբարեխիղճ մարդիկ կլինեն, որ կփորձեն այդ իրավիճակից օգտվել: Համայնքնապետերը տեղյակ են բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներից դիմեք իրենց: Համայնքապետերը գիտեն, թե ինչ պետք է անեն: Ինչ որ գումարներ հատկացվել է այդ մարդկանց օգնելու համար, բայց կոնկրետ մեխանիզմը ես չգիտեմ»:

 

 

 

ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ 1 ամսով փուլային տարբերակով փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթեւեկելի գոտի:

Գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երեւանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ եւ 3-րդ երթեւեկելի գոտիներով: Այդուհետ, 2-րդ գոտու փակման պարագայում երթեւեկությունը կիրականացվի 1-ին եւ 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթեւեկելի կլինեն 1-ին եւ 2-րդ գոտիները: Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երեւանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթեւեկելի գոտին):

Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված մինչեւ աշխատանքների ավարտը:

 




Լրահոս