Կառավարությունը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը եւ պայմանները։ Կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
«Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայություն տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը, ինչը մեր երկրի եւ միջազգային պարտավորությունից է բխում եւ նաեւ մեր կառավարության հանձնառության հնգամյա ծրագրից»,- ասաց Ժամակոչյանը։
Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։
«Անձնական օգնականի ծառայությունը կարող են ստանալ հենաշարժական, տեսողական եւ հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում եւ կունենան անապահովության որոշակի մակարդակ»,- ասաց Ժամակոչյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծով նախատեսվում է, որ 2450 անձ կստանա անձնական օգնականի ծառայություն։
«Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով կանցնի վերապատրաստում եւ կհավաստագրվի։ Նաեւ անձնական օգնական կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը»,- ասաց Ժամակոչյանը։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։ Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։
Ծառայությունը կներառի հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում՝ աջակցություն՝ անձնական հիգիենան պահպանելու, սեփական առողջությանը հետեւելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու, սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու, կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն), այլ գործողություններ կատարելու եւ մի շարք այլ հարցերում, որոնք, անձի կարիքներից ելնելով, կամրագրվեն կնքված պայմանագրում։
Այսպիսով, նախագծի շրջանակներում ակնկալվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անկախ կյանքին ուղղված ծառայությունների համակարգը, ներդնել մեխանիզմներ՝ ապահովելու եւ պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների անկախ կյանքը եւ համայնքում ներառվելու իրավունքը։
Բացի այդ, կառավարությունը որոշում է ընդունել խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին։ Կարգավորման նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում եւ ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը, դյուրինացնել գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց եւ խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար՝ ձեւավորելով երաշխիքներ եւ կողմերի հավասարակշռված շահերի ամբողջություն։
Համաձայն նախագծի՝ խելամիտ հարմարեցումների համար դիմող անձը կարող է դիմել դատարան եւ պաշտպանել իր շահերը՝ Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով։
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ
Վարորդների սթափության վիճակը որոշելու կարգում որոշ փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես՝ քաղաքացու դիմումի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվելու է միայն վարորդից վերցված մեզի եւ (կամ) արյան հետազոտության միջոցով։ Որոշումն ընդունվեց Կառավարության երեկվա՝ օգոստոսի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։
Գործող կարգավորմամբ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածը նախատեսում է վարչական տույժ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու, ինչպես նաեւ, սահմանված կարգին համապատասխան, սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար: Սակայն, ըստ ոստիկանության, հաճախ են այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողի կողմից արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննությունից հետո ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ներկայացել է բուժհաստատություն եւ նույն եղանակով անցել սթափության վիճակի զննություն: Բուժհաստատության կողմից արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության արդյունքում տեխնիկական սարքի միջոցով արձանագրություն չի տպագրվում, իսկ իրավասու բժշկի կողմից կազմված արձանագրության համաձայն՝ հիմնականում վարորդը գտնվել է սթափ վիճակում, կամ ալկոհոլի պարունակությանը չի հատել վարչական տույժ նախատեսող սահմանը, այնինչ ոստիկանության ծառայողի կողմից նույն եղանակով զննության արդյունքում վարորդի արտաշնչած օդի մեջ արձանագրվել է ալկոհոլի անհամեմատ բարձր պարունակություն:
Գործող կարգավորմամբ՝ սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների եւ (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչեւ բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:
Ըստ ոստիկանության՝ նախագծի ընդունման արդյունքում բժիշկը հնարավորություն չի ունենա արձանագրելու իրականությանը չհամապատասխանող արդյունք՝ հաշվի առնելով, որ կասկածի դեպքում պահպանված փորձանմուշները կարող են ուղարկվել փորձաքննության՝ արյան կամ մեզի մեջ ալկոհոլի պարունակությունը պարզելու համար:
Նախագծի ընդունմամբ ոստիկանությունն ակնկալում է, որ կնվազի թույլ տրված վարչական իրավախախտման համար վարչական տույժից խուսափելու հնարավորությունը, ինչը կհանգեցնի տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի նվազման եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման արդյունավետության: