ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 69

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո քաղաքացիները հրշեջների հետ հավասար աշխատում էին՝  կրակ հանգցնում, փլատակներից փորձում ազատել մարդկանց։ Սա այն դեպքում, երբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն այս տարվա համար կազմել է 13 մլրդ 975,8 մլն դրամ։ 2018-ի հեղափոխությունից հետո նորընտիր իշխանությունները նոր տեխնիկաների մասին էին գովազդում, բայց իրականում ունենք իրավիճակ, որ անգամ խոշոր հրդեհ հանգցնելու կարողություն չունի այդ կառույցը:

Իհարկե, 2019 թվականի մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ JICA կողմից ԱԻՆ-ին 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի եւ 1 կարգավար մեքենայի հանձնման արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գովազդվում էր վերազինումը։

2020 թվականի մայիսի 26-ին էլ՝ ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումների ժամանակ, վարչապետի հարցադրմանն ի պատասխան, ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրեց առկա կարողությունները՝ հայտնելով, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման եւ հագեցվածության խնդիր առկա է, հատկապես՝ անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց համատեղ աշխատել անտառային հրդեհների մարման եւ, ընդհանրապես, հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ: Այդ հանձնարարությունից անցել է 2 տարի, բայց անտառային հրդեհ մարելու կարողություն չկա:

Բոլորովին վերջերս՝ կառավարության հուլիսի 14-ի նիստում, 1,2 մլրդ դրամ հատկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերանորոգման եւ հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 տոկոսը եւ մի փոքր ավելին, «Զիլ 130» եւ «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են՝ ԽՍՀՄ արտադրության, որոնք թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես գտնվում են բավականին հնամաշ վիճակում:

Ի՞նչ է ստացվում. երկու տարի առաջ այս խնդիրներն առկա էին, Նիկոլ Փաշինյանը ընդհանրական հրապարակավ հանձնարարություն տվեց, սակայն միայն մեկ ամիս առաջ որոշում կայացվեց ուղղել սխալները:  Նշանակում է՝ վարչապետի կողմից հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները հերթական շոուի ժանրից են եղել, եւ հապաղումը, ցավոք, կյանքեր արժեցավ: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը կրկին խաբեց ՀՀ հպարտ քաղաքացիներին:

 

 

 

 

Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է։ Նախ վարչության ընտրություն է պլանավորում իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կմեկնարկի Ազգային ժողովի հերթական՝ աշնանային նստաշրջանը, ինչպես նաեւ մի շարք համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոլոր համայնքներում առաջադրելու է իր թեկնածուներին, այնինչ ընդդիմությունը պասիվ է։ ՀՀ քաղաքացին շատ տեղերում զրկված է իրական այլընտրանքից: Մասնավորապես, Հայաստանի 17 համայնքում սեպտեմբերի 25-ին համայնքապետի ընտրություններ են, այդ թվում՝ Սիսիանում, Քաջարանում, Չարենցավանում, Ալավերդիում։ Հավելենք, սակայն, որ այս ընտրություններից առաջ օրենսդրական փոփոխություններ են արվել։ Օրինակ՝ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Այսինքն՝ որ համայնքում երբ իշխանությունը ցանկանա, ընտրովի ղեկավարներ կնշանակի, իսկ ընտրությունները, մեծ հաշվով, զուտ ձեւական բնույթ են կրում:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած տարի՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը մեկ ամիս առաջ է միայն ստացել ՀՀ քննչական կոմիտեն: Մասնագիտական եզրակացությամբ  հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները: Իսկ ի՞նչ է եղել քննության ընթացքում։ Առեւտրի կենտրոնի աշխատակիցների պատմելով՝ իրենցից շատերին հրավիրել են  հարցաքննության, եւ  իրենք ղեկավարության դեմ որեւէ բան չեն խոսել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, առավելապես՝ իրենց բիզնեսը վտանգի տակ չդնելու համար: Ասել է թե՝ աշխատակիցները վախեցել են դուրս գալ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Զախարյան նախկին պատգամավորի դեմ: Մեզ հասած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հրդեհից տուժած մի քանի տնտեսվարողներ են միայն պահանջատեր եղել իրենց իրավունքների հարցում: Նրանք քննիչին ասել են, որ ոչ մեկի դեմ ոչինչ չունեն, այլ իրենց կրած  վնասի օրինական պահանջատերն են եւ  լինելու են մինչեւ  վերջ: Նրանց մեծ մասը մինչ օրս որեւէ տեսակի փոխհատուցում չի ստացել: Ավելին՝ մեզ  հասած հասած լուրերի համաձայն՝ մի քանի տնտեսվարողներ անցած տարի լքել են «Սուրմալու» առեւտրի կենտրոնը՝ հենց իրենց անվտանգությունը չպահպանելու հիմնավորմամբ: Նույնիսկ դրանից հետո Զախարյանները հետեւություններ չեն արել, անվտանգության որեւէ նորմ չեն պահպանել, էլեկտրական մի լարից մի քանի տասնյակ խանութներ են սնուցել, ծանրաբեռնել լարերը, ծառայության որեւէ տեսակի բարելավում չեն արել, անգամ քաղաքակիրթ զուգարաններ չեն սարքել խանութներում աշխատող ձեռներեցների համար: Ինչեւէ, օգոստոսի 14-ի պայթյունից եւ հաջորդած հրդեհից մեկ  ամիս առաջ Քննչական  կոմիտեն  նոր է կարողացել ստանալ նախորդ տարի տեղի ունեցած հրդեհի բռնկման եզրակացությունը: Փորձաքննությունների ՊՈԱԿ-ը եւս անհասկանալի դանդաղկոտություն է դրսեւորել եւ շարժվել Զախարյանների շահը սպասարկելու ուղղությամբ եւ միայն օրերս գրանցված հրդեհից առաջ է  տվել եզրակացությունը՝ հիմնավորմամբ, որ առեւտրի  կենտրոնի ղեկավարությունը չի պահպանլ անվտանգության կաննոները: Արդեն պոտենցիալ պատժվողների ցանկն էլ է հայտնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Տիգրան Մուրադյանի վարույթում գտնվող գործով առաջիկայում առեւտրի կենտրոնի տնօրենն ու անվտանգության  աշխատակիցը մեղադրյալի աթոռին կնստեն, ասել է թե՝ առեւտրի կենտրոնի սեփականատեր Զախարյանների փոխարեն կլինեն այս պատմության քավության նոխազները: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ   քննչական կոմիտե իր ստացած տեղեկությունները պարզելու նպատակով: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարի բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ առեւտրի կենտրոնում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության մի շարք նորմեր: Նախաքննությունը շարունակվում է»: Ի՞նչ է ստացվում. 1 տարի 3,5 ամիս է  անցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն, որ ղեկավար է փոխել, դեռ քննում է ու քննում հրդեհի գործը: Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք:

 

 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները շարունակում են ընդլայնվել ու քաղաքական հնչեղություն ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս կառույցին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկումը: Պայմանագրի գնի որոշման համար հանձնաժողովը կուսակցություններից պահանջել եւ ստացել է աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները, որոնք տրամադրվել են աուդիտորական կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկներ: Տեղեկացնենք, որ այսօրվա դրությամբ պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի 2 տոկոսը: Այդպիսիք են իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը։ Նշենք, որ աուդիտորական ծառայությունների ձեռք բերման գումարը կազմում է 10 մլն 84 հազար դրամ, որից «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցություն՝ 4,8 մլն դրամ, «Հանրապետություն»  կուսակցություն՝ 810 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 960 հազար դրամ, «Հայաստան» դաշինք՝ 3 մլն 514 հազար դրամ, որում ներառված են «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 2 մլն 320 հազար դրամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ 1 մլն 194 հազար դրամ։ Մյուս կուսակցություններինը՝ 9 մլն 300 հազար դրամ, որից Հայաստանի դեմոկրատական՝ 1 մլն 170 հազար դրամ, «Մեր տունը Հայաստանն է»՝ 1 մլն 230 հազար դրամ, «Հայրենիք»՝ 1 մլն 455 հազար դրամ, «Ապրելու երկիր»՝ 1 մլն 485 հազար դրամ, Հայաստանի հանրապետական՝ 3 մլն 120 հազար դրամ, եւ «Լուսավոր Հայաստան»՝  840 հազար դրամ:

 




Լրահոս