ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքի 31-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝
l վերախմբագրել «կրթական աշխատանք» եզրույթը,
l արգելել հանրային պաշտոն զբաղեցնող անձին հանրային ծառայողին փոխկապակցված անձի հետ կնքել առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիր,
l սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հավատարմագրային կառավարման գործունեությունը առաջարկվում է դարձնել ծանուցվող գործունեություն,
l առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետը, որը առեւտրային կազմակերպության մասնաբաժնի կառավարումը դուրս էր թողնում այդ օրենքի 3-րդ բաժնի կարգավորումներից: Արդյունքում այդպիսի ծառայությունը կարող էր իրականացվել չլիցենզավորված կազմակերպության կողմից: Նախագծի ընդունման պարագայում այդպիսի իրավիճակը կբացառվի,
l սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարման գրանցումը դարձնել պարտադիր,
l արդյունքում, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի եւ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարումը կդառնա վերահսկելի եւ կբացառվի պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց որպես հավատարմագրային կառավարիչ հանդես գալը:
Բացի այդ, առաջարկվում է սահմանել հստակ ժամկետ, որի ընթացքում պաշտոնյան պարտավոր կլինի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված մասնակցությունը հանձնել հավատարմագրային կառավարման:
Նախագծով առաջարկվող ձեւակերպմամբ փորձ է արվել սահմանելու նոր կարգավորում, համաձայն որի՝ որպես հավատարմագրային կառավարիչ հանդես գալ չեն կարող հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձինք։ Նախագծով ընդլայնվել է առեւտրային կազմակերպություններում հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողների՝ իրենց մասնակցությունը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքերը՝ մասնավորապես ներառելով այն դեպքը, երբ համապատասխան մասնակցությունը ձեռք է բերվում պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում. այդպիսի մասնակցություն ձեռք բերելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բաժնեմասը, բաժնետոմսը, փայը օրենքով սահմանված կարգով պետք է հանձնվի հավատարմագրային կառավարման:
Այսպիսով, անհրաժեշություն է առաջացել վերանայելու շահերի բախման՝ ՀՀ օրենսդրությամբ առկա հասկացությունը՝ հստակեցնելով շահերի բախման տարատեսակներից պոտենցիալ շահերի բախման սահմանումը՝ սահմանելով, որ շահերի բախման իրավիճակ է նաեւ, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերը կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա։ Ընդ որում, ի տարբերություն օրենքի ներկայիս կարգավորումների, որտեղ, ըստ էության, բացահայտված չէ «մասնավոր շահ» եզրույթի բովանդակությունը, վերոգրյալ փաստաթղթերը նկարագրում են նաեւ այդ հասկացությունը։
Հանրային ծառայության ոլորտում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակը սահմանված է օրենքի 34-րդ հոդվածով, սակայն դրանց մեջ չեն ներառված պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրած հիմնադրամների, 50 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության եւ համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները:
Հաշվի առնելով նշված կազմակերպությունների գործունեության բնույթը, դրանից բխող ռիսկերը (օրինակ՝ նշված կազմակերպությունները հանդիսանում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով պատվիրատու)՝ անհրաժեշտություն է առաջացել նախագծով վերոնշյալ կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների եւ նրանց ընտանիքի անդամների համար նույնպես նախատեսելու գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն:
Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է ԳՐԵԿՈ-ի կողմից ներկայացված հանձնարարականների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում՝ իրականացնելով համապատասխան փոփոխություններ «Հանրային ծառայության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դատախազության մասին» եւ մի շարք այլ հարակից օրենքներում: Այդպիսով կապահովվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների միասնականությունը, եւ կբացառվի տարբեր օրենքներում տարաբնույթ կարգավորումների առկայությունը։
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ երկարաժամկետ խաղաղությանը։ Պետքարտուղար Բլինքենը վերջերս հնարավորություն ունեցավ զրուցելու երկու երկրների ղեկավարների հետ։ Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ վերջին մարտերի, մարդկային կորուստների կապակցությամբ։ Մենք կոչ ենք արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը եւ կանխելու կողմերի միջեւ հետագա էսկալացիան։ Մենք կարծում ենք, որ վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չլուծված խնդիրների բանակցային, համապարփակ եւ կայուն լուծման անհրաժեշտությունը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատելուն եւ կշարունակենք դա անել երկկողմ հիմունքներով։ Մենք հավատում ենք, որ մշտական երկխոսության եւ փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, մենք կկարողանանք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության առաջխաղացմանը»,-ասել է Փրայսը։
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նոր Գեղի գյուղում ամուսնու կողմից կնոջը սպանելու եւ հետո ինքնասպան լինելու դեպքը խանդի հետեւանք է: Մահացած ամուսիների մտերիմները իրավապահներին ուշագրավ մանրամասներ են պատմել: Ինչպես հայտնի է, օգոստոսի 18-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղամարդը սպանել է կնոջը, ապա ինքը իրեն կամրջից ցած նետել: Իսկ ինչո՞ւ պետք է 71 տարեկան տղամարդը սպաներ իր կնոջը եւ հետո վերջ տար իր կյանքին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տղամարդը շատ է խանդել կնոջը, եւ վերջին շրջանու խանդի դրսեւորումները ավելի են շատացել, ինչը տարբեր վեճերի պատճառ է եղել:
ԿԱԽՎԵԼ Է ՏԱՆԻՔՈՒՄ
Նոր Նորք վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում ապրող 22 տարեկան աղջիկը, որը սովորում էր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, օգոստոսի 17-ին՝ ժ.21.00-ին, ինքնասպանություն է գործել՝ իր տան տանիքում պարանով կախվելով։
ArmLur.am-ին բնակիչները պատմեցին, որ 22 տարեկան աղջիկը սոցիալապես ապահով ընտանիքից էր, նրան բնութագրում էին որպես լավ մարդ, ուներ ընկեր: Սովորում էր ԵՊԲՀ 4-րդ կուրսում:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում: 64 տարեկան բնակչուհին իր տանն այրել է հագին եղած հագուստն ու «ջերմային այրվածք 1-ին եւ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց։